«Այդպես էլ հանելուկ մնաց, թե կառավարության կառուցվածքի փոփոխության հեղինակն ով է». Հրաչ Բերբերյան
Օրերս ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվեց կառավարության կառուցվածքի մասին նախագիծը։ Ինչպես նախապես հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 17 նախարարություններից 5-ը կրճատվել են, որի արդյունքում գործելու է 12 նախարարություն։
Ըստ նախագծի՝ գործելու են Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության,Արդարադատության, Արտակարգ իրավիճակների,
Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի,
Շրջակա միջավայրի, Պաշտպանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության,
Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները։
Կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում Գյուղատնտեսության նախարարությունը միավորվելու է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարությանը՝ դառնալով Էկոնոմիկայի նախարարություն։
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ում «հանճարեղ» գլխում է առաջացել այն գաղափարը, որ գյուղոլորտը պետք է միավորվի էկոնոմիկայի ոլորտին։
«Մեզ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե կառավարության կառուցվածքի փոփոխության հեղինակն ով է։ Լավ կլիներ՝ մեր կառավարությունը ժողովրդին բացատրություն տար, թե ով է այդ մարդը։ Համոզված եմ, որ մեկ կամ երկու մարդ են, բայց, չգիտես ինչու, գաղտնի են պահում նրանց անունները։ Թող ձեռքերը խղճներին դնեն ու ասեն, թե ինչպես են ծրագրված այդ նախարարությունը փակում»,- ասաց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա՝ գործադիրի ընդունած նախագիծը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում, ուստի պատգամավորներին հորդորեց, որպեսզի իրենց քվեարկությամբ երրորդ կամ չորրորդ պլան չմղեն գյուղատնտեսությունը, որով պարզապես երկիրը կզրկեն ՀՆԱ-ի 25 տոկոսից, քանի որ ՀՀ տնտեսության մեջ գյուղատնտեսությունն ապահովում է ընդհանուր ՀՆԱ-ի 25 տոկոսը։
«Արտադրող ոլորտը ձուլել կոորդինացնող ոլորտին՝ սխալ է, քանի որ Էկոնոմիկայի նախարարությունը համակարգող գործառույթներ ունի, ինչը գյուղատնտեսության ոլորտի հետ ընդհանրապես անհամատեղելի է։ Իմ այս կարծիքին են շատ քաղաքական ուժեր, ուստի հուսամ, որ խորհրդարանն այն չի ընդունի, եթե իրոք պատգամավորներն ընտրվել են գյուղացու անունից և մտածում են գյուղացու մասին։ Մեզ ու մեր բնակչությանը հայտնի է, թե ինչ ներդրումներ են անում Հայաստանում, այսինքն՝ չեն անում, դրա համար լավ կլիներ, որ հեռու մնային գյուղատնտեսությունից։ Զարմանում եմ, թե կառավարության «բանիմաց» ներկայացուցիչներն ինչպես են մոռացել, որ ջրամբարները կառուցվել են գյուղացու համար, դրա համա՞ր են տվել Էներգետիկայի նախարարությանը։
Զարմանալի է, թե ինչու Բժշկական համալսարանը պետք է ենթարկվի Առողջապահության նախարարությանը, իսկ գյուղ ոլորտը՝ Էկոնոմիկայի նախարարությանը»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Նա վստահ է, որ այն մարդիկ, որոնք որոշել են Գյուղատնտեսության նախարարությանը ներառել Էկոնոմիկայի նախարարության մեջ, հեռու են գյուղատնտեսության ոլորտից և այն չեն սիրում, ուստի համոզված է՝ եթե այս նախագիծը հաստատվի խորհրդարանի կողմից, ապա կարճ կյանք է ունենալու, քանի որ ժամանակի ընթացքում կհասկանան, որ սխալ քայլի են գնացել։
«Դրա համար ենք ասում, որ նախագծի հեղինակի անունը տան, որ նրա հետ ժողովուրդը վարվի այնպես, ինչպես նա արժանի է։ Գյուղատնտեսության նախարարությունը փակելու հայտարարությունից հետո անցել է երեք ամիս, արդեն գյուղատնտեսության ոլորտում եղած ճգնաժամը խորացել է»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
Զվարթ Խաչատրյան