Մեծ Պահքի ընթացքում Ավետարան չեն համբուրում, հոգևորականները շուրջառներ չեն կրում
Եկեղեցում փակ վարագույրը ամեն անգամ՝ հատկապես Մեծ պահքի ընթացքում, մեզ հիշեցնում է, որ մարդկային մեղքի պատճառով Երկնքի արքայությունը դարձավ մեզ համար հեռու մի իրականություն, որին մենք պիտի կարողանանք վերադառնալ:
Ամբողջ Մեծ Պահքի՝ ապաշխարության շրջանը, մեզ առաջնորդում է ապրելու և մեր կյանքը մաքրագործելու այնպես, որ Երկնքի արքայության դռները բացվեն մեր առաջ: Այս առումով ամբողջ Մեծ Պահքը մեզ հենց այս ճանապարհն է ուղենշում: Մինչև Բուն Բարեկենդանը՝ արդեն նախորդող շաբաթ երեկոյան փակվում է վարագույրը, և Բուն Բարեկենդանի պատարագը մատուցվում է փակ վարագույրով, թեև այդ օրը սննդի պահքի օր չէ, բայց ծիսական առումով արդեն պահքի շրջանի մեջ ենք մտնում:
Այդ ծիսական արարողությունների բոլոր արտահայտչաձևերը կոնկրետ վերաբերում են պահքի շրջանին: Օրինակ՝ Մեծ Պահքի ընթացքում Ավետարան չեն համբուրում, հոգևորականները շուրջառներ չեն կրում, Ավետարանը ի տես ժողովրդի չի բարձրացվում, շատ շարականներ ժամերգությունների ժամանակ ոչ թե երգվում են, այլ թիվ են ասվում: Այս ամենը՝ ծիսական համակարգի կանոնները, ևս մեկ անգամ ընդգծում են Պահքի իմաստն ու խորհուրդը: