Համլետ Ղուշչյանին առևանգելու և նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են Ոստիկանություն
Հաղորդավար Համլետ Ղուշչյանին առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարություններն ուղարկվել են ՀՀ Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Հաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- գրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ Հ3-ի այլևս նախկին հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը, պատասխանելով Hraparak.am-ի հարցին, թե ճի՞շտ է, որ երբ եթերում տվել է «Լուսաստղ» օղու անունը, Ալեքսանյանի մարդիկ իրեն ծեծի են ենթարկել, նշել է․ «Ինչ ծեծի․․․ էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, թե ոչ մեկն էլ չպատժի»։
Համլետ Ղուշչյանը հայտնել է նաև, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը։