Բաժիններ՝

Արթուր Դավթյանը դատախազներին հանձնարարել է արագ արձագանքել հացադուլավորների խնդրին

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում գտնվող հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքման անհրաժեշտությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամայանի ֆեյսբուքի էջում տեղադրված հաղորդագրությունից, Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազության տարածքային ստորաբաժանումների համապատասխան դատախազները պետք է հանդիպեն հացադուլ հայտարարած անձանց, պարտադիր նախաձեռնվի նրանց սահմանված կարգով հարցման ենթարկելու գործընթաց՝ պարզելու նման ծայրահեղ միջոցի դիմելու պատճառները:

https://www.facebook.com/100018745601811/videos/343254256309425/?t=0

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ պետք է առանձին քննարկման առարկա դարձնել հացադուլի մեջ գտնվող անձանց բարձրացրած հարցերը՝ նրանց օրենքով սահմանված բոլոր իրավունքների պատշաճ ապահովումը երաշխավորելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ներկայումս հանրապետության քրեակատարողական հիմնարկներում 3 անձ գտնվում է հացադուլի մեջ:

Ներկայումս նրանց հետ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի հերթական հանդիպումն է նախաձեռնվել, որի արդյունքում հացադուլի մեջ գտնվող երկու անձինք ենթարկվել են հարցման (երրորդ անձը հրաժարվել է ընդունելությունից և դատախազի կոմղից հարցման ենթարկվելով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն):

Հացադուլի մեջ մտնելու որոշումը վերջիններս պայմանավորել են իրենց մեղսագրվող արարքները կամ դատավճիռները չընդունելու հանգամանքով: Հանդիպումների ընթացքում նրանց առաջարկվել է դադարեցնել հացադուլը և դիմել իրենց խնդիրները լսելի դարձնելու, բողոքն արտահայտելու այլ՝ առողջության և կյանքի համար ոչ վտանգավոր միջոցների: Դատախազի կողմից հավաստիացվել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված բողոքները, բարձրացված խնդիրները կլինեն առարկայական, հիմնավորված և փաստակված և չեն հետապնդի նման միջոցի դիմելով քրեական հետապնդում իրականացնող մարմինների նկատմամբ իրենց վերաբերող գործերով քննության վրա ներազդելու ոչ իրավաչափ նպատակ, սահմանված կարգով կդառնան քննարկման առարկա:
Ընդունելությանը մասնակցած, հարցման ենթարկված կալանավորված անձանց բարձրացրած՝ իրենց առնչվող քրեական գործերով նախաքննությանը, առաջադրված մեղադրանքներին վերաբերող հարցադրումները, բարձրացրած խնդիրներն ըստ ենթակայության ներկայացվել են տվյալ գործերով հսկողություն իրականացնող դատախազներին:

Ելնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված՝ հացադուլի մեջ գտնվող կալանավորներին կամ դատապարտյալներին հնարավորինս օպերատիվ հանդիպելու և հարցման ենթարկելու վերոնշյալ հանձնարարականից, ինչպես նաև իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները՝ նախորդ ամսվա ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հանդիպում է կազմակերպվել նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող՝ հացադուլ հայտարարած թվով 5 անձանց հետ: Նրանցից երեքը դատախազի կողմից նաև ենթարկվել էին հարցման: Չնայած երկու անձինք հրաժարվել էին հարցման ենթարկվելուց, սակայն նրանց հետ ընդունելության ժամանակ նրանց բացատրվել էր սննդամթերքից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի վատթարացման հնարավորությունը, ինչպես նաև առաջարկվել է դադարեցնել հացադուլը և բողոքն արտահայտել առողջությանը չվնասող այլ եղանակներով: Արդյունքում նրանցից մեկը դատախազի ընդունելությունից հետո դադարեցրել էր հացադուլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս