Բոլթոնը Վենեսուելայի իշխանություններին նախազգուշացրե լէ Գուայդոյի ձերբակալումից
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը մարտի 3-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները վճռական պատասխան կտան, եթե Վենեսուելայի ղեկավարությունը ձերբակալի վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որին Վաշինգտոնը համարում է երկրի նախագահի օրինական ժամանակավոր պաշտոնակատարը։
«Ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոն հայտարարել է, որ պլանավորում է վերադառնալ Վենեսուելա: Նրա անվտանգ վերադարձի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կամ գործողություն վճռական ու ծանրակշիռ պատասխան կստանա Միացյալ Նահանգների ու միջազգային հանրակցության կողմից»,- գրել է Բոլթոնը Twitter-ում:
Իր հերթին Գուայդոն հայտարարել է, որ եթե Բոլիվարյան Հանրապետության իշխանությունները ձերբակալեն իրեն, ապա Նիկոլաս Մադուրոյի վարչակազմը կկատարի «վերջին սխալներից մեկը»: Հետեւանքների թվում Գուայդոն նշել է «բնակչության մոբիլիզացումը»: «Նաեւ մեր միջազգային դաշնակիցները հստակ հրահանգներ ունեն այդ դեպքի համար»,- ընդգծել նա: Քաղաքական գործիչը հավելել է, որ Վենեսուելա կվերադառնա երկուշաբթի՝ մարտի 4-ին:
Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանը Գուայդոյին արգելել էր մեկնել երկրից, սակայն նրան հաջողվել էր փախչել: Փետրվարի 22-ին նա ժամանել է Կուկուտա սահմանամերձ կոլումբիական քաղաք, որտեղ գտնվում է Վենեսուելայի բնակիչների համար հումանիտար օգնության բաշխման կենտրոնը: Շաբաթվա ընթացքում Գուայդոն այցելել Է Կոլումբիա, Բրազիլիա, Պարագվայ, Արգենտինա եւ Էկվադոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: