Բաժիններ՝

The Guardian-ը պատմել է Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին

The Guardian հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է՝ ինչպես է Ադրբեջանը փորձում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ ներառյալ տասնյակ հազարավոր քարե կտավերի ավերումը, որոնք պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Աղբյուրը հղում է Hyperallergic արվեստի ամսագրում փետրվարին հրապարակված ծավալուն զեկույցին, համաձայն որի՝ Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում զբաղվում է հայկական պատմական ժառանգության համակարգված բնաջնջմամբ:

«Զեկույցի հեղինակներ Սիմոն Մաղաքյանի և Սարա Փիքման կարծիքով՝ այս պաշտոնական, սակայն և քողարկված, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացումը գերազանցում է անգամ Պալմիրայում «Իսլամական պետության» «ինքնագովազդին»,- գրում է The Guardian-ը:

Զեկույցի համահեղինակներից մեկը՝ Սիմոն Մաղաքյանը, վերլուծաբան, ակտիվիստ և քաղաքական գիտությունների դասախոս է Դենվերից, պիտակավորում է այն որպես «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունը»: Նա մեծացել է իր հոր մասին պատմություններով, ով այցելել է Ջուղա անվանմամբ գեղեցիկ և զարմանահրաշ վայր:

Ջուղան, կամ Ջուլֆան, գտնվում է ադրբեջանական անկլավ Նախիջևանում, Արաքսի ափին, աշխարհի հնագույն ամենամեծ գերեզմանատունն էր: Հազարմյակների ընթացքում այցելուները՝ Ալեքսանդր դը Ռոդեսից մինչև Ուիլյամ Ուսելի, նշում էին այդ առանձնացված վայրի շքեղությունը:

Գերեզմանատանը հաշվվում էր մոտավորապես 10 հազար խաչքար: Այն ժամանկ, երբ Սովետական Միությունը 1920 թվականին ձևավորում էր Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի ինքնավար շրջանները, տասնամյակների ընթացքում թալանվելուց հետո մնացել էր 3000-ից պակաս խաչքարեր: Հետագա անընդհատ կրկնվող ավերածությունների դեպքերը ստիպեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին 2000 թվականին ձեռնարկել հուշարձանների պահպանությունը:

Պարբերականը հիշեցնում է, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Հյուսիսային Իրանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանը նկարահանել էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում այն ամենն, ինչ մնացել էր Ջուլֆայում առկա շուրջ 10000 խաչքարերից:

«Զինվորականներն ավերված կտորները բեռնել էին բեռնատարի մեջ, ապա նետել Արաքս գետը: Այդ կադրերը կարելի է գտնել 2006թ. «Արաքսի նոր արցունքները» ֆիլմում, որը հրապարակվել է YouTube-ում: Ադրբեջանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ մերժել է միջազգային փորձագետներին մուտք գործել այդ տարածք, նաև չի տվել որևիցե մեկնաբանություն: Նրանք մերժել են նաև հայերին, ովքեր երբևէ ապրել են Նախիջևանում»,- հավելում է պարբերականն՝ ընգծելով, որ նման հակազդեցությունը բարդացնում է անկախ հետազոտությունը, սակայն Մաղաքյանն ու Փիքմանն, իրենց ներկայացրած մեծ քանակությամբ փաստերով, արդեն ահռելի աշխատանք են կատարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս