
«Սա թավշյա հեղափոխության պատգամն է»

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը, որի մասին հաճախ բարձրաձայնում են նրա փաստաբանները, նկատեց՝ աշխարհում գոյություն չունի բացարձակ անձեռնմխելիություն, միայն առանձին դեպքերում է սահմանվում, թե մարդը երբ կարող է լինել անձեռնմխելի։
«Այսինքն՝ այնպես են մեկնաբանում, որ անկախ այն հանգամանքից, թե մարդ ինչ է արել՝ անձեռնմխելի է, չի կարող ենթարկվել պատասխանատվության, քանի որ արարքը թույլ տալու ժամանակ զբաղեցրել է նախագահի պաշտոնը։ Խնդիրն այն է, որ մինչև նախաքննության ավարտը և գործի նյութերը նույն պաշտպանական կողմին տրամադրելը, ըստ էության, պաշտպանական կողմը և հանրությունն իրենց տրամադրության տակ ունեին զուտ այն մեղադրական միջնորդությունը, որն ըստ էության հրապարակել էր նաև հանրությունը։ Այստեղ պաշտպանական կողմը չէր կարող տեղեկություններ ունենալ»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ հետաքրքիր կլիներ լսել, թե, օրինակ՝ բարձրաստիճան սպաների և մյուս պաշտոնատար անձանց ցուցմունքները վարույթ իրականացնող մարմնին բավարարե՞լ են, թե՞ ոչ, և ինչպե՞ս է ծնվել «0038» հրամանը։
«Մեր խմբակցության տարածած հաղորդագրության մեջ հստակ նշել ենք, որ մեր լիազորությունների սահմաններում օրենսդրական և քաղաքական դաշտում անելու ենք ամեն ինչ, որպեսզի այսուհետև Հայաստանում բացառվի մարտի 1-ի դեպքերի կրկնությունը, որպեսզի այսուհետև քաղաքական հայացքների համար մարդիկ հետապնդման չենթարկվեն, սա թավշյա հեղափոխության պատգամն է»,- ընդգծեց Վ. Հովակիմյանը։
Նա տեղեկացրեց, որ ունեն նախագիծ, որով մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին և այդ դեպքերի ընթացքում վիրավորված անձանց պետք է տրվի փոխհատուցում։
Նա վստահեցրեց, որ հետամուտ են լինելու, որպեսզի այդ նախագիծն ընդունվի, որն ԱԺ-ում արդեն դրված է շրջանառության մեջ։
Զվարթ Խաչատրյան