«Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ինչո՞ւ է դատավարությունը սկսվել վերևից՝ Քոչարյանից, այլ ոչ թե ներքևից՝ կրակողներից». Արա Ղազարյան

Փաստաբան Արա Ղազարյանի համար անհասկանալի է, թե ինչու Մարտի 1-ի դեպքերի հետ կապված դատավարությունը սկսվեց վերևից, այլ ոչ թե ներքևից, այսինքն՝ սկսվեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, այլ ոչ թե այն անձանցից, որոնք կոնկրետ մարտի 1-ին կրակել են։

«Կարծում եմ, եթե դատավարությունը սկսվեր ներքևից, ապա նախաքննական մարմինն ավելի մեծ հաջողության կհասներ։ Ինչևէ, կարծում եմ, որ առաջիկայում դատարանների կողմից պետք է մեկնաբանվի, թե ինչ է նշանակում՝ «սահմանադրական կարգի տապալում», սա մենք բոլորս փորձում ենք մեր տրամաբանությամբ մեկնաբանել, բայց չկա կոնկրետ մեկնաբանություն»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ընթացող  իրավական գործընթացներին։

Նրա խոսքով՝ նմանօրինակ դեպքերից խուսափելու համար հույսը պետք է դնել ոչ թե իշխանությունների, այլ օրենքի գերակայության վրա։

«Հույսը չպետք է դնել, որ նոր իշխանությունը, նոր օրակարգով բացարձակապես կդադարեցնի նոր խախտումների թույլ տալը, միակ երաշխիքն օրենքի գերակայությունն է, ցանկացած իշխանություն, որը նույնիսկ ունի բարի կամք, գալիս է  մի պահ, երբ մի կողմից՝ քաղաքական ծրագիր պետք է իրականացնի, մյուս կողմից՝ մարդու իրավունքը պաշտպանի։ Շատ հաճախ քաղաքական գործիչները տուրք են տալիս քաղաքական ծրագրին։ Հետևաբար՝ Հռչակագրում գրված է, որ մարդու իրավունքին հասնելու միակն եղանակն օրենքի գերակայությունն է։ Մեր իրավական կառուցակարգը լիովին բավարար է, որպեսզի նման դեպքերը ոչ միայն չկրկնվեն, այլև պետական մարմինները մարդու հիմնարար իրավունքները մասսայաբար չխախտեն։ Բայց ամեն ինչ կախված է իշխանությունների կամքից և հասարակության վերահսկողությունից»,- եզրափակեց փաստաբանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս