Սմբատ Այվազյանի հոբելյանական տարին կնշվի մեծ շուքով
Մարտի 10-ին քաղաքական գործիչ, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը կդառնար 60 տարեկան: Կյանքից անժամանակ հեռացած գործչի հոբելյանի առիթով այդ օրը Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հիշատակման մեծ միջոցառում կացկացվի: Նախաձեռնությունը մարտական ընկերներինն է, նրանց են միացել նաև լրագրողական համայնքից հերոսի հետ ամենաշատ շփումներ ունեցածները, հասարակական-քաղաքական դաշտի նրա հավատարիմ ընկերները:
Ոգեկոչման միջոցառումը համերգային ծրագրի մաս կունենա, արխիվային նյութերից ի մի բերված կադրերով միջոցառմանը կներկայացվեն հրապարակված ու չհրապարակված դրվագներ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ երկրապահ Սմբատ Այվազյանի կյանքից՝ Համաժողովրդական շարժման օրերից մինչև Արցախի ազատագրական պայքարը, Երրորդ Հանրապետության անկախացման ծանր օրերից մինչև պետականաշինության գործում նրա հասարակական-քաղաքական դերակատարությունը:
Սմբատ Այվազյանը Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է եղել, ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի հրամանատարը:
Սմբատ Այվազյանը երեք անգամ մեծամասնական ընտրակարգով ընտրվել էր պատգամավոր՝ 1990թ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995թ. և 2003թ.՝ ԱԺ պատգամավոր։ Նա իր կարճ կյանքում հասցրել էր նաև գործադիր կառավարման ոլորտում ղեկավարել. 1999-2000թթ. նա զբաղեցնում էր Պետական եկամուտների նախարարի պաշտոնը: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի առանցքային դեմքերից մեկն էր՝ հիմնադրման օրվանից:
Հանդիսավոր միջոցառմանը հրավիրված կլինեն իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Սմբատ Այվազյանի մարտական անցյալի ընկերներն ու գաղափարակիցները, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ:
Հիշեցնենք, ԵԿՄ հիմնադիր, քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանը 55 տարեկան հասակում ծանր և երկարատև հիվանդությունից հետո հանգչեց Փարիզի հիվանդանոցներից մեկում՝ 2014 թվականի հունիսի 8-ին:
Սյուզի Բադոյան