Բաժիններ՝

«Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության խարաններից մեկն է, ինչպես 1999-ի հոկտեմբերի 27-ը». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«11 տարի առաջ այս օրը՝ 2008-ի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիներ։ Անմեղ քաղաքացիներ, ովքեր մասնակցում էին իրենց հիմնարար իրավունքների խախտման պատճառով կազմակերպված բողոքի ակցիային։ Պետությունը բռնազավթած վարչախումբն ուժային բոլոր կառույցների՝ բանակի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաև քրեական տարրերի ներգրավմամբ, գնդակահարեց սեփական քաղաքացիներին։

Մարտի 1-ը եղբայրասպանության զարհուրելի դեպք է, որի թողած հետքը մշտապես ուղեկցելու է բոլորիս։ Մարտի 1-ի ոճրագործությունը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կոպտագույն կեղծման հետևանք էր։ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն էին արտահայտում կեղծված ընտրությունների դեմ, ավելի քան տասն օր բողոքի ակցիաներն անցնում էին միանգամայն խաղաղ և օրինական մթնոլորտում։

Իշխանությունը գիտակցում էր, որ բողոքի խաղաղ ակցիաների շարունակությունը կարող է հանգեցնել իշխանության կորստի և, միջոցների մեջ խտրություն չդնելով, որոշում կայացրեց բռնի ուժ գործադրել անզեն քաղաքացիների նկատմամբ։

Մարտի 1-ի ամենամեծ դասն, այդպիսով, վերաբերում է ընտրական իրավունքին, այդ դասը ցուցանում է, որ ընտրակեղծարարությունը ծանրագույն հանցագործություն է, և որ կեղծված ընտրությունը չի ներվում՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Ներկայում Մարտի 1-ի կազմակերպման կամ իրավական ձևակերպմամբ՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրված նախկին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ուրիշները գործով անցնում են որպես վկա։

Իշխանության պարտականությունն է ապահովել այս գործով օրենքի կատարյալ գերակայությունը, որպեսզի Մարտի 1-ի գործով կայացվելիք դատավճիռները լինեն անխոցելի, վերջնական և ենթակա չլինեն բողոքարկման՝ առնվազն հանրային ընկալման տեսանկյունից։

Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության խարաններից մեկն է, ինչպես 1999-ի հոկտեմբերի 27-ը։

Առանց Մարտի 1-ի կազմակերպված հանցագործությանն ամբողջական իրավաքաղաքական գնահատական տալու մենք չենք կարող առաջ շարժվել։ Մենք պարտավոր ենք կառուցել ու կերտել այնպիսի պետություն ու այնպիսի հասարակություն, որում և որի պայմաններում անվերապահորեն կբացառվի Մարտի 1-ի կրկնությունը։ Հավերժ հիշատակ Մարտի 1-ի զոհերին՝ Գոռ Քլոյանին, Դավիթ Պետրոսյանին, Տիգրան Աբգարյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին, Գրիգոր Գևորգյանին, Սամվել Հարությունյանին, Զաքար Հովհաննիսյանին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031