Երգիչ Էդ Շիրինը գաղտնի ամուսնացել է Սուրբ Ծննդյան նախօրեին. The Sun
Բրիտանացի փոփ-երաժիշտ Էդ Շիրինը գաղտնի ամուսնացել է իր մանկության ընկերուհու՝ 26-ամյա Չերի Սիբոռնի հետ: Ինչպես հայտնել է The Sun թերթը, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոների նախօրեին անգլիական Սուֆոլքի կոմսությունում։ «Էդն ամուսնացել է Սուրբ Ծնունդից մի քանի օր առաջ, արարողությունը մարդաշատ չէր, դրան ներկա են եղել միայն երգչի դպրոցական ընկերները, ընտանիքի անդամները եւ քահանան»,-հրատարակությանը պատմել է երաժշտի ծանոթներից մեկը: Նրա խոսքով՝ հարսանիքին ներկա է եղել մոտավորապես 40 մարդ:
Շիրինը հարսանիքի ավելի ճոխ հանդիսություն է պլանավորում այս ամռան վերջին: Սպասվում է, որ տոնակատարությունը կանցկացվի փառատոնի ձեւով, դրան կհրավիրեն հայտնիների եւ բրիտանացի երգչի երկրպագուների:
Անգլիայի Հալիֆաքս քաղաքից (Ուեսթ-Յորքշիրի կոմսություն) սերված 28-ամյա Էդ Շիրինը հայտնի է դարձել 2011 թվականին «+» անվանումը կրող դեբյուտային ալբոմի թողարկումից հետո: Երեք տարի անց կատարողը հաջողությունն ամրապնդել է երկրորդ սկավառակով՝ «X»-ով, որը «Լավագույն բրիտանական ալբոմն» է ճանաչվել BRIT Aw1ards երաժշտական մրցանակների հանձնման արարողությանը: Այս սկավառակից Thinking Out Loud երգը նույն տարում Շիրինին Grammy երկու մրցանակ է բերել «Տարվա լավագույն երգ» եւ «Լավագույն սոլո փոփ-կատարում» կատեգորիաներում:
2018 թվականին նա երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Forbes հանդեսի՝ մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշում՝ տարվա ընթացքում վաստակելով 110 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: