Բաժիններ՝

Հանոյի գագաթնաժողովի արդյունքը հարված դարձավ Թրամփի համար. Financial Times

Հանոյում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքը «հարված դարձավ» Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար: Այս տեսակետն է հայտնում Financial Times բրիտանական թերթը:

Ընդ որում թերթը վկայակոչում է փորձագետների կարծիքը, որոնք կարծում են, որ հանդիպման նման ելքի պատճառը դարձել է ինչպես Վաշինգտոնի կողմից դրան վատ նախապատրաստվելը, այնպես էլ անձամբ Թրամփի դերը: Financial Times-ը ներկայացնում է Դենիս Ուայլդերի՝ անցյալում Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան աշխատակիցներից մեկի կարծիքը, որը նախագահ Ջորջ Բուշի գլխավոր խորհրդականի պաշտոնն զբաղեցրել է Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ վեցակողմ բանակցությունների ժամանակ:

«Իմ հիշողության մեջ դա աննախադեպ է, երբ նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովը նման ձեւով է ավարտվում»,-նշել է Ուայլդերը: «Ասիացիները շատ ճշտակատար են արձանագրությանը հետեւելու հարցում, եւ աշխատանքային ճաշկերույթի չեղարկումը գրեթե հաստատ եղել է ԱՄՆ-ի նախաձեռնությունը»,-հավելել է նա՝ նշելով բանակցությունների գործընթացը կառավարելու Թրամփի փորձերը:

Հրատարակությունը նաեւ բերում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ջո Յունի կարծիքը, որը մինչեւ անցյալ տարի իր պաշտոնաթողությունը մասնակցել է ԿԺԴՀ-ի հետ բանակցություններին: Յունի խոսքով՝ գագաթնաժողովի այսչափ կտրուկ ավարտն արտացոլում է ԱՄՆ-ի կողմից նախապատրաստության բացակայությունը:

Միեւնույն ժամանակ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Դեւիդ Քիմը կարծում է, որ չարժե այս հանդիպման արդյունքները դիտարկել որպես ձախողում: «Քանի դեռ երկու ղեկավարները պահպանում են քաղաքական կամքը եւ շարունակում են բանակցությունները. մենք կարող ենք առաջընթաց ակնկալել ապագայում, նրանք երկուսն էլ դա ցանկանում են,-ասել է Քիմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս