Կյանքը պայքար է, որ պետք է հասցնել ավարտին. պատմում է 1988թ․ Գանձնակի ինքնապաշտպանության մասնակիցը
1988թ. փետրվարին Ադրբեջանում հայերի դեմ հրահրված ջարդերն ունեցան ողբերգական հետևանքներ։ Սումգայիթում փետրվարի 27-29-ին «մահ հայերին» կարգախոսով կազմակերպված ջարդարարություններն ուղեկցվեցին ցեղասպանական դրսևորումներով՝ հանգեցնելով մի շարք մարդկային կորուստների։ Սակայն ողբերգական դեպքերից զատ եղել են նաև մարդկային ոգու հաղթանակներ՝ ապացուցելով, որ համախմբվածությունը կարող է դիմակայել վայրագությանը։
Սումգայիթի դեպքերին զուգընթաց ադրբեջանցի ջարդարարները հարձակում են գործել նաև Գանձակ քաղաքի վրա, սակայն հայերի միասնականությունն ու դժվարին իրավիճակում համախմբվելու կարողությունը հաղթանակել է՝ հնարավորություն տալով խուսափել անխուսափելիից։
«Դա կազմակերպված ցեղասպանություն էր, 1915 թվականի շարունակությունը, նույն ձեռագիրը», – Գանձակի ինքնապաշտպանության ակտիվ մասնակից 83-ամյա Ջուլիետա Երեմյանցն այսպես է հիշում տեղի ունեցածը։ Վերջինս շեշտում է՝ «…130 տարի էլ անցնի՝ դա չի մոռացվում։ Սա հաշտվելու և ներելու բան չէ»։
Տիկին Երեմյանցի խոսքերով՝ Գանձակը մշակույթի և զարգացման տեսանկյունից եղել է Ադրբեջանի երկրորդ քաղաքը։ Հայերի և ադրբեջանցիների միջև երբեմն եղել են ընդհարումներ, սակայն մինչ հայր Ալիևի իշխանության գալը, հայերն ապրել են նորմալ և զբաղեցրել բարձր պաշտոններ։ Երեմյանցների ընտանիքը Գանձակում բնակության 100-ամյա պատմություն ունի։ Եվ չնայած քաղաքի գերեզմանատանը կարելի էր տեսնել 15-16-րդ դարի հայկական գերեզմանաքարեր, այնուամենայնիվ հայերին եկվոր («Gəlmə») էին անվանում։
«Երբ Ալիևն անցավ իշխանության, բոլոր պաշտոնները տրվում էին ադրբեջանցիներին։ Այդ ժամանակից սկսվեց հայերի արտագաղթը։ Գաղթը սկսվեց մտավորականության զգալի մասից, սակայն զանգվածային բնույթ չէր կրում, և 80 ականներին՝ այդ թոհուբոհի ժամանակ, Գանձակում 43 հազար հայ էր ապրում», – պատմում է տիկին Երեմյանցը։
«Լարվածություն նկատում էինք, բայց չէինք սպասում, որ նման բան կարող էր լինել։ Փետրվարի 27-ից սկսեցին հարձակումները։ Քաղաքը կտրեցին լույսից, ջրից։ Կապ չունեինք արտաքին աշխարհի հետ։ Մեկուսացրին մեզ։ Մենք չգիտեինք, որ Սումգայիթ է տեղի ունեցել։ Մենք Սումգայիթի մասին իմացել ենք մարտի 3-ին։ Մինչ այդ չենք իմացել։ Բոլոր խանութները փակեցին։ Անգամ մթերքը հայկական խանութներ չէին բերում։
Քաղաքը Գյանջաչայ գետով բաժանվում էր երկու մասի․ մի մասը ադրբեջանական թաղամասն էր, մյուս մասը՝ հայկական։ Հայկական թաղամասում բոլորը կապված էին իրար հետ, համախմբված էին։ Գյանջաչայ գետի վրայով 3 կամուրջ էր անցնում, և այդ կամուրջների վրայով միանգամից հարձակվեցին հայկական թաղամասի վրա։ Մենք չէինք սպասում։ Դա անսպասելի էր։
Մինչ այդ երկու երիտասարդ տղա սև կաշվե վերարկուներով, մինչ օրս հիշում եմ, տուն առ տուն հայկական թաղամասում հաշվառում էին տղամարդկանց։ Հայ տղամարդկանց։ Ասում էին մարդահամար է, բայց մարդահամարի ժամանակ միայն տղամարդկա՞նց են հաշվառում։ Ասում էին, թե իրենք նման հրաման են ստացել։ Պարզվեց, որ հայերի տների վրա նշան էին դրել։ Մեր հայ տղաներն էլ գիշերով վեր կացան և բոլոր տների վրա նշաններ դրեցին։ Դե հիմա արի ու հասկացիր, որն է հայինը, որը թուրքինը։
Խելագար ամբոխը հարձակվեց։ Կամուրջներով գալիս էին և արդեն գիտեին, թե որտեղ են հայերի տներն ու խանութները։ Ջարդուփշուր արեցին, բայց մարդկային զոհ չեղավ։ Միայն մեկ հոգի է զոհվել, այն էլ հրշեջ մեքենայի վարորդը։ Չեն իմացել, որ ադրբեջանցի է։ Նա փորձել է ջրով ցրել ամբոխը՝ սպանել են։ Այդ օրն այդպես անցավ։
Մեզ պաշտպանող չկար։ Անմիջապես հավաքվեցինք և կազմեցինք մեր խորհուրդը։ 30 հոգով ստեղծեցինք և ղեկավարեցինք «Հայերի պաշտպանության նախաձեռնողական խումբը»։ Հարձակումը տևեց երեք օր՝ փետրվարի 27-29-ը։ Ավերվածություններ շատ եղան։ Կոտորածներ չեղան, քանի որ մենք կազմակերպված էինք։ Մենք էլ էինք հակահարված տալիս։ Կարմիր գյուղից տղաներ կային, որ երբ թաղամասին վտանգ էր սպառնում, հարվածում էին գազի խողովակներին, և այդ ձայնից զգում էինք, որ մեզ բան է սպասվում։ Չէինք մտածում, որ զանգվածային բնույթ կկրի։ Մտածում էինք Սովետական միութուն է, անկարգություն են արել կվերացնեն։ Բայց Ոչ»։
Տիկին Երեմյանցը հիշում է, որ հայերին պաշտպանելու համար զորամասերից տանկերը միայն փետրվարի 28-ին են եկել հայկական թաղամաս։ «Դպրոցում, որում աշխատում էի, ամեն օր ժողովներ էին անցկացվում։ Ստիպում էին նամակ գրել Գորբաչովին, որ չենք ուզում Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս գա։ Ստիպում էին ու պահանջում անդորրագիրը։ Մենք հիմար չէինք, որ գրեինք։ Մեր հարազատներին էինք գրում և անդորրագիրը ցույց տալիս։ Ժողովներից մեկի ժամանակ ասացին, որ խուլիգանների արարք է, պետությունը կապ չունի, բայց այդ ամբոխին ղեկավարում էին ինստիտուտների ղեկավարներն ու միլիցիան։ Գուցե մենք՝ ուսուցիչներս, շատ վատ ենք աշխատել, որ նման մեծ խոտան ենք տվել՝ մարդկային խոտան։
Մարտի 1-ին զանգ տվեց դպրոցի տնօրենը, շտապ կանչեց դպրոց։ Ասաց Երևանից լրագրողներ են եկել և հարցազրույց են վերցնելու՝ խնդրում ենք կրակի վրա յուղ չլցնեք։ Ասացի, եթե նրանք մտնեն հայկական թաղամաս, առանց խոսքի կհասկանան։ Ամենը ջարդած, փշրած է։ Ինձ տարան ադրբեջանական թաղամասում գտնվող ռուս-ադրեջանական դպրոցը, որ լրագրողները չմտնեն հայկական թաղամաս։ Հայ լրագրող Էդիխանյանը շշուկով հարցրեց, թե ինչ է կատարվում այստեղ։ Ես պատասխանեցի, որ հոգով Վարդան Մամիկոնյան եմ, բայց այսօր հանդես եմ գալու որպես դավաճան։ Վարդան Մամիկոնյան լինել չեմ կարող, այսօր Վասակն եմ։ Պատմեցի, որ գիշերը մեր տղաները երկաթե տակառները դրած կրակ են վառում, ընտանիքներին են պաշտպանում։ Սակայն ներկաները բորբոքվեցին հարցրին, թե ինչ ենք խոսում։
Եվ ես խոսեցի իրոք որպես Վասակ։ Ազգերի բարեկամություն, Խաչատուր Աբովյան, «Թուրքի աղջիկ», Սեմեդ Վուրղուն․․․ Ասացի, որ հայրս Մախաչկալայի պատերազմում է զոհվել և թաղված է ադրբեջանցու հետ։ Բարեկամություն է եղել՝ թշնամության է վերածվել։ Հարցազրույցից հետո նրանց ճանապարհեցին, որ չկարողանայինք հանդիպել։
Միայն մարտի 3-ին ենք իմացել, թե ինչ է կատարվել Սումգայիթում, մաքուր ցեղասպանություն, բայց 33-ի անունն են տալիս։ Նորածին երեխային գազօջախի վրա վառել են, կանանց և աղջիկներին բացահայտ բռնաբարել և սպանել են։ Մելքումյանների ընտանիքին բոլորին կոտորեցին։ Աղջկա դիակը փնտրող հորը դիահերձարանի պես մի տեղ են տարել, որտեղ աղջկա դին 328-րդն էր։ Բայց այդ ամենը դեռ շարունակվում էր։ Զոհվածներին ծովն են նետել։ Պատրաստված էին։ Հայ վարպետից երկաթե ձողեր են պատվիրել, նա չգիտեր, որ դա հայերի համար է։ 1915-ի դեպքերն էին, Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն են։ Մոսկվան միայն երեք օրից զորք ուղարկեց, երբ արդեն կոտորել էին հայերին։
Երբ իմացանք, մտածեցինք՝ լավ ենք պրծել, քանի որ համախմբված ենք եղել, միասին ենք ապրել։ Չկարծեք, թե թողել ենք առանց վրեժ։ Մեր տղաններն են էլ են վրեժ լուծել։ Գիշերը գնում թուրքի թաղերից հայերին բերում էին եկեղեցի։ Հայերի շտաբը եկեղեցում էր։ Հարձակվել խաչը պոկել էին։ Մեքենայի պատուհանը կոտրում ու կրակելով անցնում էին։ Թաղամասը պաշտպանում էինք, չէինք թողում թուրքի մեքենա անցի։ Երեխաները շամփուրները ձեռքներին դուրս էին գալիս պաշտպանելու։ 30 տարի է անցել, 130 էլ լինի, դա չի մոռացվում։
Իրավիճակն, իբրև թե, հանդարտվել էր, բայց դա վտանգավոր դադար էր։ Արդեն զգում էինք ինչ է կատարվում։ Սովետական միության վրա էլ հույս չէինք կարող դնել։ Աշխատանքի գնալը վտանգավոր էր դարձել։ Աշխատանքից հեռացնում էին ու ծաղրում ամեն պատրվակով։ Վիճակը սրվեց։ Չնայած բացահայտ պատերազմ չկար, բայց մենք զգում էինք, որ դա վտանգավոր դադար է, որը գլուխ բարձրացրեց նոյեմբերին։ Նոյեմբերի 20-ին ավելի կազմակերպված ու զինված հարձակումներ սկսվեցին։ Արդեն բացեիբաց պատերազմ էր։
Միշա անունով մոտ 40 տարեկան, հայ կար, ապրում էր ադրբեջանական թաղամասում։ Ընտանիքին փախցրել էր, որ չվնասեն երեխաներին։ Երբ վերադառնում է, տունը տեսնում է թալանված ու թուրքերով լցված։ Նրան քարկոծում են, և հարևանը շտապ օգնություն է կանչում, այնինչ նրա գլուխը հենց շտապ օգնության մեքենայի մեջ են կտրում։ Հայերին հիվանդանոցներից ներքնաշորերով հանում էին փողոց, վայրագություններ էին անում։ Դա կազմակերպված ցեղասպանություն էր, 1915 թվականի շարունակությունն էր, նույն ձեռագիրը։ Վիճակը սրվել էր, զոհեր եղան, բռնաբարություններ։ Եկեղեցին դարձել էր և՛ ծննդատուն, և՛ հիվանդանոց։ Եկեղեցուն կից ունեինք դպրոց, որը հիվանդանոց դարձրինք։ Աշխատում էին կամավոր հայ բժիշկներ, ոչ մի ադրբեջանցի չկար, երկու հատ էլ ռուս քույր կար։
Հայաթափությունը թափ առավ։ Երեխաներին փրկելու համար սկսեցին հեռանալ Կիրովաբադից։ Դա զանգվածային բնույթ կրեց։ Ոչինչ չէինք կարող անել։ Ունեինք 56 անհետ կորած, որոնք չկան, մահացած են։ Գիշերը հայկական գերեզմանատանը թաղումներ էին անում, մահացածներին թաղում էին, որ չիմանանք։ Գետի մյուս ափին հոգեբուժարան ունեինք, հոգեկան խնդիրներով հայեր կային, բոլորին կենդանի-կենդանի թաղել են»։
Եվ, այնուամենայինիվ, տիկին Երեմյանցը չի նահանջում ու ամեն տեղ բարձրացնում է իր ձայնը։ «Տղաս 16 տարեկանից տետր գրիչով գնում, գերեզմանները գրի էր առնում։ Հին հայկական քարերը՝ 15-16-րդ դարի։ Ասում էր՝ «մամա գիտեմ, ուշ թե շուտ ինչ է լինելու, մեզ գելմե են ասում։ Բա մենք չապացուցենք, որ Գանձակը հայկական քաղաք է եղել»։ Մեծ հայրենասեր եմ, բայց հայրենիքը թողել ենք էնտեղ։ Մենք դարձանք գելմե, նրանք՝ մշտական ապրող։ Հույս ունեմ, որ ես չէ, բայց իմ թոռները գոնե կգնան։
Դավերը կան ու մնալու են։ Անդրանիկ անունով աշակերտ ունեի։ Թուրքերն ամեն օր ծեծում էին, թե անունն Անդրանիկ է։ Սա հաշտվելու և ներելու բան չէ։ Քյարամին կամ Գուրգենին գլխատողներին ո՞նց ներեմ։ Դա հնարավոր չէ։ Բաներ կան, որ ներել չես կարող, քո ուժերից վեր է։ Նրանց հետ կարող ես ընկերություն անել, բայց փայտը ձեռքից չպետք է գցել։ Նրանք միշտ թիկունքից հարվածող են։ Պետք է հաղթական ավարտին հասնենք։ Կյանքն ամենամեծ դպրոցն է։ Կյանքը պայքար է, որ պետք է կանգ չառնել, հասցնել ավարտին»։
Գանձակի ինքնապաշտպանությունը դադարեցվել է դեկտեմբերի 10-ից՝ խորհրդային զինվորների կողմից հայկական թաղամասը շրջափակելուց հետո։ 1988 թ․ դեկտեմբերի 14-ից մինչև 1989 թ․ փետրվար ամիսը «Գանձակ» կոմիտեն գործել է ընդհատակում։ Ինքնապաշպանության շնորհիվ Գանձակի հայ բնակչության գերակշիռ մասը փրկվել է բնաջնջումից, իսկ հարակից հայկական գյուղերի բնակիչները հնարավորություն են ստացել անվտանգ տեղափոխվել Հայաստան և Արցախ։
Սաթենիկ Պետրոսյան