Գյուղատնտեսության նախարարությունը մթերող ընկերությունների համար մշակել է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիր
Գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներն այսուհետ կարող են վարկային միջոցներ ներգրավել աննախադեպ մատչելի պայմաններով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հատուկ մթերող ընկերությունների համար մշակվել է վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիր։
- Նպատակային վարկերը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողներին կհատկացվեն տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով: Յուրաքանչյուր ընկերությանը
- տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է մինչև 1,5 մլրդ դրամ: Մարման ժամկետն` առավելագույնը մեկ տարի:
Ի դեպ, սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի` պտուղ-բանջարեղենի, խաղողի և կաթի կանխավճարի կամ արժեքի վճարմանը:
Նախարարությունը խրախուսում է պայմանագրային հարաբերությունները, ուստի վարկից կարող են օգտվել միայն այն ընկերությունները, որոնք ֆերմերների հետ աշխատում են բացառապես պայմանագրային հիմունքներով:
Ընդ որում, վարկը տրամադրվում է վերամշակողին, իսկ գումարը փոխանցվում է անմիջապես գյուղացիական տնտեսության հաշվեհամարին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ minagro.am կայքէջում: