ՀՀ-ում եկամտահարկի դրույքաչափի իջեցմամբ պայմանավորված բյուջեի կորուստը փոխհատուցելու համար ԱՄՀ-ն կոչ է արել բարելավել հարկային վարչարարությունը
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններով եկամտահարկի դրույքաչափի իջեցման արդյունքում եկամուտների կորուստը հնարավոր է համարում փոխհատուցել հարկային քաղաքականության միջոցառումներով: Հայաստանի իշխանությանը կոչ է արվել բարելավել վարչարարությունը: Այս մասին ասաց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամին՝ ամփոփելով ԱՄՀ պատվիրակության Երևան կատարած այցը:
«Եկամտահարկի համար առաջարկվող փոփոխությունների համար իշխանության փաստարկները հիմնված են երկու հնարավոր ազդեցությունների վրա: Առաջին փաստարկն այն է, որ ավելի բարձր դրույքաչափով հարկվող խմբի դեպքում կարգապահության մակարդակը ցածր է: Ուստի եկամտահարկը չի ծառայում այդ մասով իր նախաստեսված նպատակին, այն է՝ եկամուտների վերաբաշխման նպատակին: Երկրորդ փաստարկն այն է, որ իշխանությունները կարծում են, որ ցածր հարկերի պարագայում ներդրումների և տնտեսական աճի համար ավելի մեծ խթան կլինի միջնաժամկետ հատվածում:
Հնարավոր է, որ միջնաժամկետ հատվածում այդ դրական ազդեցությունները նկատվեն: Սակայն մենք ընդգծում ենք, որ կարճաժամկետ հատվածում եկամուտների հնարավոր կորուստները պետք է փոխհատուցվեն հարկային քաղաքականության, հարկային դրույքաչափերի միջոցառումներով»,-ասաց Սամին:
Նա նշեց՝ եթե այդ բարեփոխումները տալու են արդյունք, ապա դա զգացվելու է միջնաժամկետ հատվածում: Առանց հարկային ուժեղ վարչարարության հնարավոր է իրականություն չդառնան կառավարության նախատեսած դրական ազդեցությունները: «Այդ պատճառով է, որ կառավարության հետ համաձայնեցրել ենք հարկային վարչարարությանը միտված միջոցառումներ»,-նշեց Սամին:
Այս առումով ԱՄՀ-ն դրական է գնահատում գույքի հարկման նոր մեխանիզմները:
Եկամտահարկի բարեփոխումների արդյունքում հնարավոր կորստի, հետևանքները չեզոքացնելու համար ԱՄՀ ներկայացուցիչները միջոցառումների մասին մանրամասն քննարկում են ունեցել կառավարության հետ: «Եվ ըստ հաշվարկների՝ փոխհատուցող, չեզոքացնող միջոցառումները պետք է որ լրիվ բավարար լինեն: Մենք կարևորել ենք հարկային վարչարարության բարելավումը:
Ակնկալվում է, որ միջնաժամկետ հատվածում այս բարեփոխումը կունենա դրական ազդեցություն, սակայն կարճաժամկետ հատվածում կլինի որոշակի կորուստ:
Իշխանություններին կոչ արեցինք բարելավել վարչարարությունը հակառակ դեպքում ավելի ցածր եկամտային հարկի դրույքաչափի դրական ազդեցությունը կարող է չզգացվել»,-եզրափակեց նա:
ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով եկամտահարկի դրույքաչափը համահարթեցվելու է՝ բոլորի համար դառնալով 23 տոկոս: Հետո այն աստիճանաբար նվազելու է՝ հասնելով 20 տոկոսի: