«Եթե Հայաստանը 2019-ին ցույց տա ԵՄ միջոցների նպատակային օգտագործում, կարող է հույս ունենալ, որ կլինի էական աջակցություն հաջորդ 7-ամյա ծրագրով». Դեսպան Սվիտալսկի

ԵՄ-ի կողմից հաջորդ 7-ամյա աջակցության ծավալը կախված է ՀՀ իշխանությունների` բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ֆինանսական փաթեթներին:

Դեսպանի խոսքով՝ վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկը ՀՀ կառավարության նիստում տարեկան գործողությունների ծրագրի քննարկումն էր:

«Ես հասկանում եմ, որ հայկական կողմը դրական է գնահատում 2019 թվականի գործողությունների ծրագրի բովանդակությունը, ինչն ի ցույց կդնի ավելացումը: Ֆինանսական ռեսուրսների աղբյուրներից բացի, 2018 թվականի ծրագիրը ցույց է տալիս մեր ֆինանսական հանձնառության 25 տոկոս ավելացում, և, ինչպես հիշում եք, հանձնակատար Հաննը հայտարարեց, որ Հայաստանի համար էական ավելացում է լինելու այս տարվա համար, այսպես կոչված՝ հովանոցային ֆոնդի շրջանակներում:

Առաջին անգամ այս ծրագրի պատմության ընթացքում՝ անցյալ տարի Հայաստանը ստացավ 10 միլիոն եվրո, և սա քաղաքական ազդակ է: Այն փաստը, որ Հայաստանը հովանոցային ֆոնդի անդամ է՝ ավելի կարևոր է, քան այդ ֆոնդից ստացված գումարի չափը, քանի որ այդ ֆոնդը քաղաքական միջոց է, որովհետև այն առաջարկվում է այն դեպքում, երբ ճանաչվում է, որ երկիրը քաղաքական բարեփոխումների ճանապարհին առաջընթաց է արձանագրել, և այն փաստը, որ անցյալ տարի Հայաստանն առաջին անգամ դարձավ այս ֆոնդի շահառու, դա արդեն ազդակ է ԵՄ-ի կողմից:

Հուսով եմ, որ հիշում եք՝ հանձնակատարը հիշատակեց, կլինի էական աջակցություն հովանոցային ֆոնդից այս տարվա համար, սա նորից կարևոր քաղաքական ազդակ է, որը ցույց է տալիս` ԵՄ-ն մեծապես բարձր է գնահատում ժողովրդավարական և այլ բարեփոխումների առաջընթացը, այդ թվում՝ ընտրությունների ընթացքը ՀՀ-ում: Մենք շատ կառուցողական մթնոլորտում ենք հիմա: Մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք կոնկրետ ծրագրերի կարիքները, և այս քննարկումներն իսկապես շատ կառուցողական են: Մեծապես հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ՀՀ-ն կկարողանա ավելի շատ օգտվել այն աջակցության տրամադրումից, որն առաջարկում է ԵՄ-ն:

Հիմա մենք շատ վճռորոշ ժամանակահատվածում ենք, քանի որ ԵՄ-ն սկսել է աշխատել իր նոր բազմամյա աջակցության շրջանակի վրա: Հետևաբար՝ այս տարին շատ վճռորոշ է, քանի որ այս տարի կսահմանվեն մեր հանձնառությունների չափերը 2021 թվականից հետո, որովհետև բազմամյա ֆինանսական շրջանակը վերաբերում է 2021 թվականից հետո առաջիկա յոթ տարիներին: Ուստի, եթե Հայաստանը պատշաճ կատարողական ի ցույց դնի և առաջ շարժվի բարեփոխումների ճանապարհին և ցույց տա ԵՄ ֆինանսական միջոցների նպատակային օգտագործում, կարող է հույս ունենալ, որ կլինի էական աջակցություն»,- մանրամասնեց բանախոսը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման երկխոսության մեկնարկի ժամկետներին` դեսպան Սվիտալսկին ասաց, որ հիմնական չափորոշիչները, թե երբ կողմերը կարող են մտնել վիզային ազատականացման երկխոսության մեջ, չեն փոխվել:

Ըստ նրա՝ ԵՄ-ն խոսում է պատշաճ ժամանակահատվածի մասին, երբ այդ երկխոսության մեկնարկի համար պայմանները բավարարված կլինեն: «Ես կարող եմ ասել, որ մեր հայ բարեկամներն իրականացնում են երկխոսություն Եվրահանձնաժողովի ծառայությունների և անդամ պետությունների հետ առաջընթացի համար: Բայց սա գործընթաց է, որն ունի երկու կողմ՝ քաղաքական և գործնական: Երկխոսության մեկնարկը քաղաքական որոշում է, երբ վերջնական խոսքը պետք է ասեն անդամ երկրները, կա նաև գործնական կողմ, այնպիսի հարցադրումներ, որոնք կապված են վիզային դյուրացման ռեժիմի իրականացման հետ և նրա հետ, թե մարդկանց միջև շփումների տարբեր կողմերն ինչպես են իրականացվում, հայաստանցիների այցերը տարբեր երկրներ ինչպես են իրականացվում:

Մենք շատ անկեղծ երկխոսություն ենք ունեցել հայկական կողմի հետ, ևս մեկ ռաունդ կունենանք ապրիլին, հայկական կողմը գիտի, թե ինչպիսի մտահոգություններ ունեն առանձին անդամ երկրները, հուսով եմ, որ մեր հայաստանյան գործընկերները հասկանում են այս մտահոգություններին արձագանքելու անհրաժեշտությունը:

Ուստի կոնկրետ ժամկետ ու ամսաթիվ չեմ կարող ասել: ԵՀ-ն և հանձնակատարը, արտաքին ծառայությունը` Մոգերինին, դրական են տրամադրված վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ, բայց մենք ուղղորդվում ենք նաև քաղաքական հայտարարությամբ, որը նաև արտացոլված է համաձայնագրում, որ ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե անվտանգ, ապահով շարժունակության ապահովման երաշխիքներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն, և այս պահի դրությամբ, որ այս շփումները, որոնք հայկական կողմն իրականացնում է, օգտակար են մեզ առաջ տանելու դեպի այս որոշում»,- ասաց դեսպան Սվիտալսկին:

Տեսանյութեր

Լրահոս