«Եթե որևէ երիտասարդի մոտենաք և ասեք, որ ժամանակին ոստիկանությունը փող է վերցրել, կասի՝ չի կարող այդպես լինել»
ԱԺ պատգամավորական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը փետրվարի 15-17-ը Թբիլիսիում մասնակցել է աշխատաժողովի և ծանոթացել արդարադատության համակարգի բարեփոխումներին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշեց, որ եթե օրենսդրական առումով որոշ չափով երկրները մոտ են, ապա գործնականում Վրաստանը շատ ավելի առաջընթաց ունի։
Նա կարևորեց հատկապես Վրաստանում ներդրված դատավորների բարեվարքության մոնիթորինգի մեխանիզմը, դատական համակարգի անկախության օրենսդրական ապահովումը. «Շատ այլ ուղղություններով պետք է աշխատենք, բայց բարեվարքությունը նոր ուղղություն է, որ Վրաստանում կիրառվում է, մեզ մոտ՝ ոչ»։
Ըստ նրա՝ շատ արագ պետք է սկսել աշխատել նաև ամբողջական համակարգված ծառայությունների մատուցման ներդրամ ուղղությամբ, որ «մեկ պատուհանի» սկզբունքով տրվում է ամեն ինչը՝ ամուսնության վկայական, կադաստրի թուղթ, մահվան թուղթ, ամուսնալուծություն և այլն։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ Վրաստանը լուծել է համակարգի փիլիսոփայության խնդիրը, որը հարմարեցված է մարդուն ծառայություն մատուցելու համար։
Ըստ նրա՝ ոստիկանության թափանցիկությունը կանխորոշում է, որ ամեն ինչ բաց է և մարդու իրավունքների խախտման զարտուղի որևէ գործարքի պետությունը չի գնում. «Եթե որևէ երիտասարդի մոտենաք և ասեք, որ ժամանակին ոստիկանությունը փող է վերցրել, կասի՝ չի կարող այդպես լինել»։
Զ. Հովհաննիսյանը նշեց, որ շատ կտրուկ որոշումներ են եղել՝ արագ լուծումներ տալու համար, օրինակ՝ լուծարվել են դատարաններ, որպեսզի ազատվեն հին աշխատակազմից, ապա նորից ստեղծվել՝ նոր մարդկանց ներգրավելով։
Իրավապաշտպանը տեղեկացրեց, որ ներման ինստիտուտը լիովին տարբերվում է հարևան երկրներում, Վրաստանում ներում շնորհում է նախագահը և անկախ հանձնաժողովը գործում է նախագահին կից, իսկ Հայաստանում այն գործադիր մարմնի մաս է, և ամենևին անկախ համարվել չի կարող, որովհետև քրեակատարողական համակարգը արդարադատության նախարարության ներքո նույնպես գործադիրի մաս է.
«Վրաստանում այս տարիներին ներում շնորհվել է 4300 անձի, որոնք եղել են անգամ դատապարտված ծայրագույն հանցագործությունների համար և նրանք իրենց մեղքը չեն ընդունել։ Դա պարտադիր պայման չէ ներում շնորհելու համար»։