Փոխվարչապետ Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է բժշկական ապահովագրության ներդրման հարցեր
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Ներկա էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման և ներդրման հարցերն էին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար հնարավորություն և կամք կա իրականացնելու այնպիսի բարեփոխումներ, որոնք մեծապես կբարձրացնեն Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը: Այդպիսի մի կարևոր բարեփոխում է բժշկական ապահովագրության ներդրումը:
Արսեն Թորոսյանը ասել է, որ օրվա ընթացքում արդեն հնարավորություն են ունեցել միջազգային գործընկերների հետ միասին քննարկել բժշկական ապահովագրության հարցերը և աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող մոդելների առավելությունները և թերությունները, և քննարկումները կշարունակվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի մակարդակով:
Սիլվի Բոսութղոն նշել է, որ ՀԲ-ի Հայաստանի հետ մոտակա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթում զգալի նշանակություն է տրված առողջապահության խնդիրներին և կառույցը պատրաստ է աջակցել կառավարությանը՝ այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: