«Պոպուլիզմի վտանգավորության մասին». Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պոպուլիզմի վտանգավորության մասին. Ժամանակակից աշխարհում, բազմաթիվ տարածաշրջաններում ու երկրներում պոպուլիզմի հաղթանակն ու հաղթարշավը համարվում է լրջագույն խնդիրներից մեկը։ Պոպուլիստները գալիս են իշխանության, վերցնում են իշխանությունը ու իշխանությունը ևս դարձնում պոպուլիստական։
Պոպուլիզմը վաղուց դուրս է եկել պետություններից ու դարձել է նաև միջազգային քաղաքականության թրենդ։ Պոպուլիզմը ջախջախում է քաղաքական գաղափարախոսություններն ու հոսանքները, պոպուլիզմը ինչ-որ իմաստով վերացնում է քաղաքականությունն ինքնին, քանի որ հասարակությանը դարձնում է չմտածող, ականջահաճո խոսքը հեշտ ընդունող ու դրա հիման վրա որոշումներ կայացնող զանգված։
Պոպուլիզմն, այդպիսով, ուղղված է նաև հասարակության կառույցի դեմ։ Պոպուլիզմի վտանգն առկա է նաև Հայաստանում, որտեղ իշխանության ղեկին գտնվող քաղաքական թիմն ու նրա առաջնորդը հայտարարում են որևէ «իզմի» չդավանելու մասին։
Պոպուլիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք նաև այսօր՝ ամենատարբեր հարցերի առնչությամբ իշխանության հղած ուղերձներում, հասարակությանն ուղղված տեքստերում։
Մինչդեռ խորհրդարանական կառավարման երկրում պոպուլիզմի դոմինանտությունն անթույլատրելի է, այն կարող է ամբողջությամբ ձևախեղել քաղաքական համակարգը՝ դրանից դուրս մղելով միտքը, գաղափարը, գաղափարախոսությունը, արժեքը, սկզբունքը։
Պոպուլիզմի հաղթանակը Հայաստանում նշանակելու է քաղաքականության պարտություն, քաղաքական մտքի մարգինալացում ու որոշումների կայացման գործընթացում ամբոխահաճության սկզբունքի դոմինանտություն։
Պոպուլիզմին տրվելու գայթակղությունն առկա է ցանկացած քաղաքական ուժի ու քաղաքական գործչի պարագայում։ Պոպուլիզմը չի պահանջում ջանք, ներդրում, աշխատանք։ Պոպուլիզմը նման է արագ սննդի, որն արտաքուստ գայթակղիչ է, սակայն իրականում քայքայում է օրգանիզմը, տվյալ դեպքում՝ քաղաքական համակարգն ու հասարակությունը։
Զերծ մնանք պոպուլիզմի գայթակղությունից, հասարակությանը ոչ թե հրամցնենք հեշտ մարսվող, ականջահաճո կարգախոսներ, այլ խոսենք հասարակության հետ՝ խոսակցության ու նաև հետադարձ կապի հիմքում դնելով քաղաքական միտքն ու խոսքը։ Պոպուլիզմին կարող է հաղթել միայն առողջ քաղաքական մրցակցությունը, գաղափարախոսությունների ու արժեքների վրա հիմնված քաղաքականությունը։
Խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքականությունն այլընտրանք չունի, ինչպես որ չպետք է տեղ ունենա իր էությամբ ապաքաղաքական ու հակաքաղաքական պոպուլիզմը»։
ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԺամանակակից աշխարհում, բազմաթիվ տարածաշրջաններում ու երկրներում պոպուլիզմի հաղթանակն…
Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Samstag, 23. Februar 2019