Պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
Աժ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործը մուտք է եղել դատարան եւ մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին:
Մեղադրական եզրակացության համառոտ նկարագրության մեջ նշված է, որ Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հուլիսի 2-ին Երևան քաղաքի Միկոյան փողցի 51 հասցեում գտնվող «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ի սկզբանե Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` ծանր մարմնական վնասվածքի պատճառում մի խումբ անձանց կողմից։ 2018 թվականի հուլիսին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ գործն ուղարկել են ՀՔԾ, քանի որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ»։
Հատուկ քննչական ծառայությունում կատարված քննության արդյունքում մեղադրանքը փոխվեց եւ մեղադրանք առաջադրվեց միայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` ծանր մարմնական վնասվածք պատճառելը՝ մասնակիցների շրջանակը սահմանափակելով միայն Էդուարդ Բաբայանով։
Նշենք, որ Էդուարդ Բաբայանը համարվել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը եւ մշտապես նրան ուղեկցել հանդիպումների ժամանակ։ Քննության ընթացքում Էդուարդ Բաբայանը սակայն ներկայացել է որպես Գագիկ Ծառուկյանի խորհրդական։ Իսկ հարուցված քրեական գործն էլ չխանգարեց, որ նա առաջադրվի որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվի պատգամավոր։
Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն։