ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական ծրագիրը, որը մերժել էին ՀՀ նախկին իշխանությունները, կառաջարկվի՞ նոր իշխանություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ որոշ ուշագրավ տեղեկություններ է հրապարակայնացրել։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նախկին համանախագահն անդրադարձել է ՀՀ ներկայիս իշխանությունների Ղարաբաղյան մարտավարությանն ու բանակցային գործընթացում առկա խնդիրներին, փաթեթներին։ Նրա կարծիքով՝ ՀՀ նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում։ Ըստ Հոգլանդի՝ ՀՀ քաղաքացիները նրան ընտրել են, որովհետև ցանկանում են նոր մոտեցումներ տեսնել երկրի կյանքի բազմաթիվ ոլորտներում։ Սակայն, դեսպանի խոսքով, Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է։ «Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ, ուստի նա պետք է շատ զգույշ լինի, արմատական փոփոխությունների չգնա, այլ հարցին քայլ առ քայլ մոտենա»: Վերջին զարգացումները, այդ թվում՝ կողմերի միջև ընթացող երկխոսությունն ու շփման գծում բախումների որոշակի կրճատումը, Ռիչարդ Հոգլանդին լավատեսություն են ներշնչել, սակայն լուրջ բեկում նախկին դիվանագետը չի սպասում։

Դեսպանը տեղեկացրել է, որ այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջարկված ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա՝ որոշակի տարբերություններով. «Հիմնական տարբերությունը հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի ԼՂ քաղաքացիների թվում, ներառյալ՝ Բաքվի շուրջ կացարաններում բնակվող տեղահանված ադրբեջանցիները: Պատճառը, որ երկու կողմերն էլ դեռ չեն ընդունել այս նախագիծը, այն է, որ հանրաքվեի ժամկետներն ամրագրված չեն՝ դա հանրաքվե է, որն անց է կացվելու որևէ մի ժամանակ ապագայում: Ուստի, երկու կողմերից կպահանջվեր միմյանց նկատմամբ մեծ վստահություն այս առաջարկն ընդունելու համար: Սակայն այս պահին թե՛ Երևանը, և թե՛ Բաքուն ցանկանում են, որ այդ հանրաքվեն ստույգ ամրագրված ժամկետներ ունենա»:

Դեսպան Հոգլանդի կարծիքով՝ բացի կողմերի միջև եղած լուրջ անհամաձայնություններից, տարածաշրջանում կան ուժեր, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. «Իրական հարցն այն է, թե արդյոք տարածաշրջանի տերությունները հետաքրքրվա՞ծ են այս հարցի կարգավորմամբ: Կարծում եմ՝ Իրանը հետաքրքրված կլինի, որ խնդիրը կարգավորվի: Սակայն արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է, որ այն կարգավորվի՝ այս հարցի պատասխանը միանշանակ չէ»: Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ Մոսկվայում կան ուժեր, որոնք կարծում են, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում կկորցնեն կողմերի վրա ազդեցության կարևոր լծակ:

Ավելի վաղ` 2018 թ. դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էր գաղտնազերծել բանակցային որոշ մանրամասներ, որոնք, փորձագիտական հանրության կարծիքով՝ վերաբերում էին հենց ռուսական ծրագրին։ «Սերժ, տուր այդ 5 շրջանը: Ի՞նչ իմաստ ունի դրանք պահել, երբ դատարկ են: Նա ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կշրջափակեն Ղարաբաղը, և այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասել է. «Ո՛չ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- պատմել էր Ա. Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ Ս. Սարգսյանի այդ պահվածքն իրեն զարմացրել է: «Ինչո՞ւ չեն ուզում: Դատարկ են այդ 5 շրջանները: Դա առաջին քայլն է: Այդ դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կլինեին և՛ ՀԱՊԿ-ում, և՛ ԵԱՏՄ-ում: Դա պայմանն է եղել, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել կազմակերպությանը: Ինչո՞ւ եք դուք հրաժարվում: Լավ, Բելառուսը թողնենք, ՌԴ-ն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Դա Ղարաբաղի մասին չէ»,- հավելել էր Բելառուսի նախագահը:

Մեզ հետ զրույցում քաղաքագետները փորձեցին կանխատեսել, թե արդյո՞ք ՀՀ իշխանություններին ևս կառաջարկվի կարգավորման ռուսական ծրագիրը:

«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլն ասաց, որ անպայման չէ ծանոթ լինել բանակցությունների ներկայիս բովանդակությանը՝ հասկանալու համար այն հանգամանքը, որ Մոսկվան ամեն կերպ նպաստում է այս հակամարտության չկարգավորմանը և դա կաներ նաև կարգավորման այնպիսի փաթեթների միջոցով, որոնց իրատեսականությունը շատ ցածր է: «Ես մշտապես պնդում եմ, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում գործում է հետևյալ սկզբունքով` Վրաստանը ճանապարհն է, Հայաստանը` գործիքը, իսկ Ադրբեջանը` նվերը: Բայց այս սկզբունքը կարող են փոխել իրենք՝ հակամարտող երկրները, ճիշտ, փոփոխված քաղաքականության արդյունքում, և Ռուսաստանն իր հաշվարկները ստիպված վերանայման կենթարկի:

ՌԴ-ի շահն է՝ ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում, հենց այդ պատճառով ՌԴ-ն իր երկարատև քաղաքականության միջոցով փորձել է հնարավորինս սեփականաշնորհել Ղարաբաղյան հակամարտությունը և դրա կարգավորման գործընթացը:

Բայց դա Ռուսաստանին՝ ինչպես օգուտներ, այնպես էլ՝ վտանգներ բերող ճանապարհ է եղել, քանի որ, եթե նույնիսկ եղել են ու կան կարգավորման ռուսական ծրագրեր, որքան էլ ՌԴ-ի ազդեցությունը խորն է, կողմերը դրան չեն համաձայնել: Ավելին՝ ավելի ու ավելի հաճախ է ռուսական քաղաքականությունը քննադատությունների ենթարկվել, քանի որ իր ազդեցությունը Ռուսաստանը պահպանում է՝ սպառազինություն վաճառելով, իր ներկայությունը մեծացնելով հակամարտող երկրներում: Եվ պատահական չէր, որ դեկտեմբեր ամսին ՌԴ ԱԳ նախարարը խոսում էր Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման մասին՝ հորդորելով հայկական կողմին ևս՝ շտապել բանակցել: Պատահական չէր, որ բանակցային սեղանից դուրս մնացին Վիեննայի պայմանավորվածությունները:

Կարծում եմ` կողմերին փաթեթներ առաջարկելու նախկին փորձերը գուցե շարունակվեն նաև ՀՀ նոր իշխանությունների օրոք՝ Ադրբեջանից ռուսական պրոյեկտներին միանալու և ինտեգրման վեկտորը հստակեցնելու նպատակով հավաստիացումներ ստանալու համար:

Բայց կրկին պետք է նշեմ, որ չնայած Մոսկվայի շահերին, հակամարտող երկրները սկզբունքային հարցերի շուրջ անհամաձայնություններ ունեն, և ես ապագայում բեկման հնարավորություն չեմ տեսնում, որքան էլ որ ակտիվ ու պարտադրված գործընթացներ ծավալվեն: ՀՀ իշխանություններին ևս ձեռնտու չէ ընթանալ այդ ճանապարհով»,- նման կարծիք հայտնեց Փոլ Գոբլը: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները ճիշտ են անում՝ խոսելով Ստեփանակերտի մասնակցության մասին, բոլոր քննարկումներին և փաթեթների շուրջ աշխատանքին պետք է մասնակցի Ստեփանակերտը: «Չի բացառվում, որ այդ փաթեթը կրկին ակտիվացվի»,- ասաց նա:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարը բազմիցս հերքել է նման ծրագրի առկայության մասին պնդումները, թեև համանախագահները սովորաբար կարգավորման ծրագրերից խոսելիս նշում էին, որ իրականում կարևոր չէ, թե համանախագահ որ երկիրն ինչ ծրագիր է առաջարկում, քանի որ կարգավորման գործընթացում առկա բոլոր փաթեթները հիմնված են Մադրիդյան սկզբունքների վրա: «Բնականաբար, հասկանալի է, որ, եթե Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են կողմերի համար, դրանց հիման վրա կազմված փաթեթները ևս անընդունելի են:

Բայց հիշեցնեմ, որ մի շարք արևմտյան փաթեթներ ևս անընդունելի են եղել կողմերի համար, որոնցից վերջինը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, նաև ավելի վաղ ժամանակաշրջանում եղել են արևմտյան այնպիսի փաթեթներ, որոնք հաջողության եզրին են եղել, բայց չեն ստորագրվել, եթե ճիշտ եմ հիշում: Ցանկացած երկիր ունի իր շահերը, այդ թվում՝ Ռուսաստանը, բայց իրական կարգավորումը հակամարտող երկրների քաղաքական կամքի հարցն է, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, բնականաբար, կարող են գործել՝ ելնելով իրենց շահերից, ու այդպես էլ պատահում է:

Այսինքն` այնպես չէ, որ պետք է արդարանալ փաթեթներ առաջ քաշելու համար, եթե դրանք չեն գոհացրել կողմերին, ընթացք չեն տրվել, թող մշակվեն ավելի ընդունելի, փոխհամաձայնեցված փաթեթներ: Այնուամենայնիվ, երկու կողմին լիովին գոհացնող փաթեթ գոյություն չունի, քանի որ սա հակամարտություն է, որտեղ ոչ մի կողմ իրեն պարտված կամ հաղթանակած չպետք է զգա տարածաշրջանի հետագա խաղաղության համար:

Սակայն դրա համար նախադրյալներ ես դեռ չեմ տեսնում, քանի որ հայկական կողմը պահանջում է Ստեփանակերտի մասնակցություն բանակցություններին, ինչն ընդունելի չէ Ադրբեջանի համար, դիվանագիտական «առճակատման» նորանոր թեմաներ են ի հայտ գալիս, որոնք չեն նպաստում կողմերի միջև կոնսենսուսին, և դա Ռուսաստանը չէ, որ թելադրում է:

Ռուսաստանը հակամարտության պատմության ամենաբարդ պահերին ամենաարդյունավետ միջնորդական ջանքերն է ներդրել և հաջողության հասել: Այնպես որ, չեմ կարևորում, թե ում ծրագիրն է քննարկվում, քանի որ խնդիրը գլոբալ է՝ կողմերը չեն համաձայնում կոնկրետ սկզբունքների և զիջումների, այդ անհամաձայնությունն արտահայտվել է բոլոր միջնորդների ակտիվության արդյունքում ի հայտ եկած փաստաթղթերի պարագայում: Կարծում եմ` կարևոր չէ, թե ինչ ծրագիր կառաջարկվի, կողմերը շատ հեռու են համաձայնությունից»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը:

Տեսանյութեր

Լրահոս