«Օդում կախված լուրերի» հետքերով
ԱԺ իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ մաթեմատիկոս Հովիկ Աղազարյանը նախօրեին մի շարք ուշագրավ տեսակետներ հայտնեց ու հայտարարություններ կատարեց, որոնք, իհարկե, մասնագիտական շրջանակների ու պատկան ուժային կառույցների մեկնաբանության ու դիտարկումների իրավասության տիրույթում են, սակայն լրագրողական միտքն ամեն դեպքում չէր կարող անտարբեր անցնել դրանց կողքով։ Հատկապես, երբ նա արտահայտում էր իշխանական ուժի տեսակետը որոշ հարցերի շուրջ։
Նախ, Հովիկ Աղազարյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը կրկնում նույն այն սխալները, որոնց համար անխնա քննադատում էր նախորդ իշխանություններին, հայտարարեց.
«Երբ դու ընդդիմություն ես, քո մոտեցումները այլ են մի քանի պատճառներով, որովհետև չես տիրապետում ամբողջական ինֆորմացիային, չես տիրապետում իրավիճակին, չես մտնում հարցի խորության մեջ և շատ դեպքերում գնահատական կարող ես տալ՝ միայն առերևույթ դրսևորումները հաշվի առնելով»՝ ըստ էության հաստատելով, որ տարիներ շարունակ ընդդիմությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, զբաղվել է պարզ մանիպուլյացիաներով՝ չստուգված փաստեր ներկայացնելով՝ խեղաթյուրելով իրականությունը։
Իսկ արագաչափերը չհանելու ու կարմիր գծերը չվերացնելու դիտարկմանն ի պատասխան՝ նշեց, որ հեղափոխականներն արագաչափերը փակում էին իրենց համակիրների համար, որպեսզի այդ պահին իրենց հետևող վարորդները չընկնեն արագաչափերի կրակահերթերի տակ՝ հավելելով, որ իրենց այդ հայտարարությունը դրանք վերացնելու վերաբերյալ չի եղել որոշման մակարդակով։
Ու առհասարակ, ըստ Աղազարյանի՝ իրենցից շատերը շատ բան են հայտարարել հեղափոխության ընթացքում, բայց դա հո չի՞ նշանակում, որ ամեն ինչ պետք է անեն, շատ էլ թե՝ վարչապետի կողմից հայտարարվել է, որ դրանք պետք է լինեն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շրջանում։
Իրենց իշխանության նվաճումներից մեկը համարելով կոռուպցիայի վերացումը՝ Հովիկ Աղազարյանը, այնուամենայնիվ, չի համարում, որ ազգականներին, ընկեր-խնամի-հարևան-բարեկամներին, իրենց հետ հեղափոխության օրերին «քայլողներին» աշխատանքի տեղավորելը կոռուպցիա է։ Նա կարծում է, որ կոռուպցիա կլիներ, եթե նշանակելուց հետո պարզվեր, որ այդ անձն իր որակներով չի համապատասխանում այդ պաշտոնին։
«Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, և Փաշինյանի տիկնոջ եղբայր Հրաչ Հակոբյանն իրենցից ներկայացնում են վառ անհատականություններ»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը՝ նրանց պատգամավոր դառնալն այնքան էլ չպայմանավորելով Նիկոլ Փաշինյանի ազգականները լինելու փաստով։ Ազնվության դեմ չմեղանչելու համար, նշենք, իհարկե, որ Աղազարյանը խոստովանեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլիներ, ինքն էլ պատգամավոր չէր ընտրվի, ու առհասարակ կարող է պատգամավոր ընտրվեր 88-ից ընդամենը մի 5 հոգի։
Առաջ անցնելով՝ Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ 5 հոգու միայն ինքը գիտի, ում հետ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը 50/50 փայ է մտել, սակայն դրան ոչինչ չի հետևել, դեռ պետք է հետևի։ Իրավապահ մարմիններին, սակայն, նրանք չեն դիմել։
Այստեղ մի պահ կանգ առնենք։ Տարիներ ի վեր այսօրվա ընդդիմությունը հնարավոր ու անհնարին բոլոր խողովակներով հայտարարել է, որ Սաշիկ Սարգսյանինն են Հայաստանի բոլոր բիզնեսների 50%-ը, իշխանության գալուց հետո անցել է արդեն 10 ամիս, որևէ մեկը նոր իշխանությունների կողմից հայտարարված օրենքի երկրում իրավապահ մարմիններին չի դիմել նման հարցով, ու սա պատճառաբանվում է այն համատեքստում, թե փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է։
Եթե մի հինգ հոգու միայն Փաշինյանի գլխավորած ուժի պատգամավորը գիտի՝ ինչու այդ մարդիկ չեն դիմում իրավապահ մարմիններին, որպեսզի վերադարձնեն իրենցից խլված «փայը»։
Կամ, ինչու իրավապահ մարմիններն այս պատգամավորի նման հայտարարությունից հետո քայլեր չեն ձեռնարկում։
Արդեն 10 ամիս շարունակ հասարակությունը սպասում է բացահայտումների՝ ուր են Սաշիկ Սարգսյանի կողմից խլված 50 տոկոսները, որոնց մասին Փաշինյանը և նրա կողմնակիցները հայտարարում էին ամիսներ ու տարիներ շարունակ։
Իշխող ուժի պատգամավորը կարծում է նաև, որ պետությանը կատարած նվիրատվությունները Սաշիկ Սարգսյանը կատարում է, որովհետև խիղճը տանջում է, բայց նա պետք է իր ունեցվածքի 70%-ը վերադարձնի պետությանը, որ պետությունը բավարարված լինի։
Թիվը, ըստ Աղազարյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր մեծահարուստներից որևէ մեկը 30%-ից ավելի չի կարողանալու հիմնավորել իր ունեցվածքի ծագումնաբանությունը. սրանք, ըստ իրեն, տնտեսագիտական հաշվարկներ են, ու ոչինչ, որ դատարանի որևէ վճիռ չկա այդ ունեցվածքի՝ անօրինական ծագման մասին։
Ի դեպ, երեկ Կառավարության նիստից հետո այս հարցում, ի տարբերություն «Իմ քայլի» պատգամավորի, բավականին զգուշավոր էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դիրքորոշումը։
«Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը փոխանցվել է 18,5 միլիոն դոլար, իսկ այն մնացած 11,5 միլիոն դոլարը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ և այլն, որը գանձվել է կոնկրետ ակտերով: Այսինքն, հարկային ակտ է գրվել և գումար է վճարվել»,- ասել է Վանեցյանը։
«Եթե չլինեն այն հիմքերը, որով մենք կարող ենք մարդուն մեղադրանք առաջադրել և հետագայում մեղադրական եզրակացությունը՝ դատարան, մենք երբեք գործողություն չենք անի, ինչքան էլ որ լինի լուրերի մակարդակով։ Մոդայիկ խոսք կա, չէ՞, «օդում կախված լուրեր»…
Այդ օդում կախված լուրերը մեզ չեն վերաբերում։ Մեր Ծառայությունը գործում է միայն կոնկրետ փաստերով։ Ես ուզում եմ դա ասել, որ այդ թեման փակվի։ Այսինքն՝ այն բոլոր հրապարակումները, այն բոլոր մտահոգությունները քաղաքացիների, որ սա թալան էր, նա թալան էր, սա գողացավ, սրան չբռնեցին, տարբերություն են դնում մարդկանց մեջ՝ մեկին հետապնդում են, մյուսին չեն բռնում, ո՛չ, մենք անում ենք միայն այն, ինչը հաստատ ունենք»,- հայտարարել է ԱԱԾ պետը։
Հիշեցնենք միայն, որ «ըստ օդում կախված լուրերի» արտահայտության հեղինակային իրավունքը, կարելի է ասել, ընդդիմադիր նախկին պատգամավոր, այժմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է։
Ի դեպ, նշյալ հարցազրույցի վերջում իշխանական քաղաքական ուժի պատգամավոր Հովիկ Աղազարյանն ավետեց, որ մենք ունենք շատ լավ Խորհրդարան, իսկ 2020 թվականին էլ Հայաստանի պետական բյուջեն կավելանա 20 տոկոսով։
Ցավոք, որևէ տնտեսագետ չկարողացանք գտնել, որը կկարողանար մեկնաբանել մաթեմատիկոսի «փայլուն» և ոչնչով չհիմնավորված կանխատեսումը։
Ինքը՝ պատգամավորը, ողջ օրն անհասանելի էր, չկարողացանք կապ հաստատել և ուղղել մեր հարցերը։