Ուկրաինայի բնակչությունը մեկ տարում կրճատվել է ավելի քան 233 հազար մարդով
Ուկրաինայի բնակչությունն անցած տարվա ընթացքում կրճատվել է ավելի քան 233 հազար մարդով եւ 2019 թվականի հունվարի դրությամբ կազմել մոտավորապես 42 մլն 153 հազար մարդ: Այս տվյալները հրապարակել է Ուկրաինայի Վիճակագրության պետական ծառայությունը։
Գերատեսչությունը նշել է, որ 12 ամսվա ընթացքում Ուկրաինան կորցրել է 233,2 հազար մարդ: Այդքան է մարզային այնպիսի քաղաքի բնակչությունը, ինչպիսին Իվանո-Ֆրանկովսկն է, որտեղ, 2018 թվականի սկզբի տվյալներով՝ 235 հազարից փոքր-ինչ ավելի մարդ է ապրում:
Ծնվածների թվաքանակի նկատմամբ մահացածների թվի էական գերակշռություն է պահպանվում. մահացած 100 ուկրաինացիներին բաժին է ընկնում միայն 57 նորածին: Վիճակագրական ծառայության գնահատմամբ, եթե բնակչության թվաքանակի անկման տեմպերը պահպանվեն, ապա արդեն ընթացիկ տարում այն 42 միլիոնից պակաս կլինի:
Ուկրաինային նաեւ զանգվածային աշխատանքային արտագաղթ է սպառնում, ինչի պատճառով, ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինայի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կարող է կրճատվել 18 տոկոսով:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ ամեն տարի արտասահման է մեկնում մոտավորապես 1 մլն ուկրաինացի: «Մեզ մոտ, իրոք, աղետալի դրություն է: Տարեկան մոտավորապես 1 մլն ուկրաինացիներ են մեկնում, մենք գտնում ենք, որ, ցավոք, այդ միտումը մոտ ժամանակներս կպահպանվի»,-ասել է Կլիմկինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: