«Նույնիսկ, եթե 18 տարեկան մարդը գա հինգ 30 տարեկան անձանց հետ, մենք ներս չենք թողնելու». Նարգիլեի բիզնեսով զբաղվողները հսկողությունը խստացնելու են
«Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են հատկապես նարգիլեի բիզնեսով զբաղվող քաղաքացիների հետ:
Առողջապահության ազգային ինստիտուտում խումբ է ձևավորվել, և մոտ մեկ շաբաթ է՝ քննարկում են նախագծի մի շարք կետեր, առաջարկում են վերանայել դրանք:
«Քննարկումները դեռ չեն ավարտվել: Անցած շաբաթ հանդիպել ենք Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանին ու իր խմբին, ներկայացրել մեր առաջարկները: Հիմա սպասում ենք իրենց զանգին, քանի որ խոստացել էին Առողջապահության նախարարին մեր առաջարկները փոխանցելուց հետո կրկին հանդիպել ու կոնկրետ քննարկում անցկացնել, հասկանալ՝ ո՞ր կետն է հնարավոր հանել, ո՞րը՝ ոչ: Իսկ ծխախոտի մասով իրենք ինչ պետք է, այդպես էլ թող անեն, մենք չենք խառնվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նարգիլեի բիզնեսով զբաղվողներից Գոռ Գասպարյանը:
«Հիմնականում շեշտը դրել ենք նրա վրա, որ փակ ակումբները պետք է մնան, աշխատեն: Այնտեղ երկրորդական ծխի վտանգ չի կարող լինել, որովհետև միայն ծխողներն են գնում: Այժմ սա է քննարկվում: Մեր առաջարկած կետերից մեկն էլ 18+-ն է: Ավելի ենք խստացնելու մինչև 18 տարեկան անձանց մուտքը: Նույնիսկ, եթե 18 տարեկան մարդը գա հինգ 30 տարեկան անձանց հետ, մենք ներս չենք թողնելու նրան, եթե հարկ լինի՝ նույնիսկ ամբողջ խմբին»,- հավելեց նա:
Նշենք, որ նարգիլեի բիզնեսով զբաղվողներն առաջարկում են նախագիծը վերանայել, նարգիլեն առանձնացնել ծխախոտից, ինչպես նաև նարգիլե թույլատրել ծխել հատուկ վայրերում:
Փետրվարի 20-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հարցին, թե նախագիծն ի՞նչ փուլում է, ի վերջո, նարգիլե վաճառողների հետ համաձայնության կարողացա՞ն գալ, արդյո՞ք արգելելու են նրանց բիզնեսը, պատասխանել է, որ նախագիծը Կառավարությունում է, հետո կգա Ազգային ժողով:
«Առաջարկներ ստացել ենք, բանակցում ենք: Մենք բիզնեսների հետ գործ չունենք, ժողովուրդ, մենք ընդամենը ծխելու վայրերի սահմանափակում ենք դնում, որ պաշտպանենք մեր քաղաքացիների, այդ թվում՝ ծխող քաղաքացիների առողջությունը»,- ընդգծել է Առողջապահության նախարարը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել էր «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։ Օրինագծի համաձայն` առաջարկվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների, դրանց անալոգների և ծխախոտանյութի փոխարինիչի (այդ թվում` նարգիլեի) օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում, մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, բնության հատուկ պահպանվող տարածքներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում, տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, օդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում, hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները), բազմաբնակարան շենքերի վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում, շենքերում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում, խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:
Անի Կարապետյան