Արտախորհրդարանական 10 ուժեր միավորվել են «Նոր սահմանադրություն» նախաձեռնության շուրջ
Արտախորհրդարանական տասը ուժեր միավորվել են «Նոր սահմանադրություն» նախաձեռնության շուրջ:
«Նախաձեռնության աշխատանքները կանոնակարգելու և համակարգելու է նախաձեռնող խումբը: Նախաձեռությունը բաց է բոլոր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների համար: Սա առաջին դեպքն է, երբ հարթակ է ստեղծվում համաժողովրդական կոնսոլիդացման համար: Մինչև հիմա տեսել ենք, որ իշխող կուսակցությունը հրավիրել է մասնագետների, որոնք այդ պահին հարմար որոշակի օրենսդրական ակտեր են մշակել, և շատ հաճախ Սահմանադրությունը սպասարկել է հենց այդ կուսակցությունների շահերը: Սահմանադրությունը պետք է փոխել հանրային լայն քննարկումների արդյունքում: Կուսակցությունները չպետք է գրեն Սահմանադրությունը: Մենք բոլորին հրավիրում ենք, կարող են ներկայանալ առաջարկներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լուսինե Հարոյանը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից:
Նա հայտնեց նաև, որ ստորագրվել է հուշագիր՝ «Ազգային առաջընթաց», «Հայ կառուցողական կուսակցություն» , «Արդարություն», «Գործարար», «Հայք հայկազուններ», «Նժդեհյան ցեղակրոն», Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ կուսակցությունների, «Զարթոնք» գաղափարաքաղաքական խմբի, «Ժողովրդի ձայնի», «Հայ մասնագետների խորհուրդի» կողմից:
Հույս հայտնեց, որ նոր կուսակցություններ կմիանան նախաձեռնությանը:
Անդրիաս Ղուկասյանն էլ՝ «Հայ կառուցողական կուսակցությունից», ընդգծեց, որ կարևոր է հանրությանը համախմբել ու արժեքներին, մենթալիտետին համապատասխան Մայր օրենք ձևավորել:
«Մենք ստեղծելու ենք հարթակ, որ բոլորը ներկայացնեն իրենց առաջարկները, և դրանք դնենք հանրային լայն քննարկման: Ներկայիս Սահմանադրության մեջ շատ թերություններ կան: Սահմանադրական մեր իրավունքները տարիների ընթացքում նվազել են՝ ընդլայնվելու փոխարեն: Դատական համակարգում ևս լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Երկրում պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը: Այս պահի դրությամբ այն չի գործում: «Իմ քայլը» լիովին հսկում է և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությունը, և ըստ էության, իշխանության բաժանման սկզբունքն այդ տիրույթում չի գործում: Տարիներ առաջ Շարմազանովն ասաց, թե իշխանությունն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով: Սա դժգոհություն առաջացրեց: Ներկայիս իշխող կուսակցությունը նման հայտարարություն չի անում, բայց, ըստ էության, իրավիճակը նույնն է: Երկրում մեկ տարի առաջ տեղի է ունեցել հեղափոխություն, ինչը պետք է բերի սահմանադրական կարգի փոփոխության: Եթե դա չի լինում, ուրեմն տեղի է ունեցել իշխանափոխություն կամ պետական հեղաշրջում»,- նկատեց Անդրիաս Ղուկասյանը:
Անի Կարապետյան