«Իմ չմասնակցելու դեպքում էլ Արայիկ Հարությունյանը պարտվելու է, գտնում եմ, որ ԼՂՀ նախագահի ընտրությունների ֆավորիտ թեկնածուն Արայիկ Հարությունյանը չի». Սամվել Բաբայան

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հերքում է նախօրեին տարածված տեղեկություններն այն մասին, որ այս օրերին գտնվել է Արցախում և շաբաթ օրը «Շուշի» հյուրանոցում հանդիպումներ է ունեցել  մարտական ընկերների ու այլ շրջանակների  հետ: Ի դեպ, նույն աղբյուրը տարածել էր նաև, թե հանդիպման մասշտաբները փոքր չեն եղել. մինչ այդ Սամվել Բաբայանի հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել,  պատվիրել են  հյուրանոցի մեծաթիվ համարներ, Հայաստանից էլ մեկնողներ  եղել են:

«Ես հյուրանոցի մեծաքանակ համարներ չեմ պատվիրել և հանդիպումներ չեմ ունեցել Շուշիում: Ինֆորմացիան սխալ է, իրականում, այո, ես մեկնելու եմ Ղարաբաղ,   այնտեղ կլինեմ ամսի 21-ին: Առիթն ընկերոջս ծնունդն է, պիտի նշենք»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց  ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Իսկ հանդիպումներ, այդուհանդերձ,  նախատեսվա՞ծ են, այլ օրակարգ չունե՞ք, հետաքրքրվեցինք զրուցակցից:

«Գնում եմ փետրվարի 21-ին, որ ընկերոջս տարեդարձը նշենք, առայժմ՝ այդքանը…  հետո, հնարավոր է՝ գրասենյակի հարցը լուծենք: Իսկ հանդիպումներ-քննարկումների մասով, ասեմ ձեզ,  մինչև հիմա չենք արել նման բաներ, բայց մոտ ժամանակներս հնարավոր է՝ սկսենք նաև այդ ուղղությամբ աշխատել»,- նշեց Սամվել Բաբայանը՝ խոստանալով դրանց նպատակի,  անհրաժեշտության մասին մանրամասներ մեզ հայտնել ավելի ուշ, երբ ամեն ինչ կորոշակիանա:

Ի դեպ, մեզ հասած հավաստի լուրերի համաձայն՝ նախորդ շաբաթ Սամվել Բաբայանը Երևանում հանդիպում և զրույց է ունեցել Արցախի նախկին վարչապետ  Արայիկ Հարությունյանի հետ։

Այս տեղեկությունը ևս հերքեց Ս. Բաբայանը՝ ասելով, որ  իր հետաքրքրությունների շրջանակներում ՝ նրա կամ  մեկ այլ թեկնածուի հետ հանդիպումը  չէր կարող լինել:

«Ես որևիցե մեկին չեմ հանդիպել: Եվ հետո ինձ չի հետաքրքրում՝ ով է եղել Երևանում, ինչի է Երևանում, ես դեռ իմ առաջադրման սահմանադրականության բարիերները պիտի անցնեմ, ստորագրահավաք, պահանջվող թղթեր և այլն, որպեսզի օրենսդրորեն առաջադրման հարցը լուծվի (ԼՂՀ նախագահի թեկնածու,- Ս.Բ..), նոր դրանից հետո վստահաբար կարող ենք խոսել՝ ովքեր են ԼՂՀ նախագահի մյուս թեկնածուները, ով է թիրախը, ֆավորիտը և այլն: Հիմա այդ ամենի մասին խոսելու իմաստը չկա պարզապես:  Հակառակ դեպքում, եթե ստացվի այնպես, որ ստորագրահավաքով պահանջվող թղթերը, պառլամենտով անհրաժեշտ տոկոսը չեմ կարողանում ապահովել, որ առաջադրվեմ, իմաստը ո՞րն է, ես  այսօր հանդիպեմ Արայիկ Հարությունյանին  կամ մյուս թեկնածուներին:  Հանդիպում եմ, որ ինչի՞ շուրջ խոսեմ, եթե ես դեռ վստահ չեմ՝ սահմանադրականության հարցը լուծվելո՞ւ է, թե՞ ոչ»,- նշեց Սամվել Բաբայանը:

Մեր այն դիտարկմանը, որ միգուցե ԼՂՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հանդիպել է, քանի որ անկախ առաջադրվելու հանգամանքից՝ նրան  օգնող կամ խանգարող ուժ է համարում, Սամվել Բաբայանն այսպես արձագանքեց՝ «Իմ չմասնակցելու դեպքում էլ Արայիկ Հարությունյանը պարտվելու է,  ես գտնում եմ, որ ԼՂՀ նախագահի ընտրությունների ֆավորիտ թեկնածուն Արայիկ Հարությունյանը չի»:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս