
ԱՄՆ-ը և Չինաստանը առևտրի շուրջ համաձայնության չեն հասել Պեկինի բանակցություններում. The Wall Street Journal

Պեկինում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական բանակցությունները փետրվարի 15-ին ավարտվել են առանց հետագա համագործակցության պայմանների համաձայնեցման, սակայն երկու կողմերը նշել են, որ փոքր-ինչ մոտեցել են համաձայնությանը: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների:
WSJ-ի տվյալներով՝ Պեկինը եւ Վաշինգտոնը մտադիր են ամենաընդհանուր բնույթի համաձայնագիր ստորագրել մտադրությունների մասին արձանագրության տեսքով: Այնուհետեւ այդ փաստաթուղթը կդրվի առեւտրական այն գործարքի հիմքում, որը քննարկվելու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի անձնական հանդիպման ժամանակ: SSRV-ի հաղորդման համաձայն, Սի Ցզինպինը փետրվարի 15-ին հայտարարել է, որ բանակցությունները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կշարունակվեն նույն կազմով:
Կողմերն առաջընթացի են հասել մի շարք կարեւոր հարցերի շուրջ, հավելել է նա: Ուրբաթ Սի Ցզինպինը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ: Մնուչինն ավելի վաղ Twitter-ում գրել է, որ բանկցություններն արդյունավետ էին: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ պատվիրակությունների կազմը չի փոփոխվի: Չինաստանն առաջվա պես ներկայացնելու է Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն:
Այս շաբաթ կայացած փակ նիստերի ընթացքում կողմերը չկարողացան մոտեցնել դիրքորոշումները Չինաստանի տնտեսության կառուցվածքային բարեփոխումների շուրջ, ինչի մասին նախօրյակին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու պատվիրակությունների երեք ներկայացուցիչների: Նրանց խոսքով՝ այդ հարցերը լուծել եւ առեւտրական գործարք կնքել հավանաբար կկարողանան պետությունների ղեկավարները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: