Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է թույլատրել հումանիտար կազմակերպությունների գործունեությունը ԿԺԴՀ-ում. KBS

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դիտարկում է հումանիտար կազմակերպություններին ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից դուրս բերելու եւ այդ երկիր այցելելու արգելքը չեղարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) զեկույցը: 

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ում «անհանգստացած են հյուսիսկորեացիների վիճակից, եւ այդ կապակցությամբ դիտարկվում են միջոցառումներ, որոնք կլուծեն խնդիրը, քանի որ պատժամիջոցները խոչընդոտում են ԿԺԴՀ-ի բնակչությանը օրինական օգնություն ցուցաբերելուն»: 

Միաժամանակ նշվում է, որ Վաշինգտոնն առայժմ չի պլանավորում Փհենյանին մարդասիրական օգնություն տրամադրել պետական մակարդակով: ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղանտեսության կազմակերպության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի յուրաքանչյուր տասը քաղաքացուց չորսը ճգնաժամային իրավիճակում են պարենային անվտանգության հարցում:

Մոտավորապես 19 միլիոն հյուսիսկորեացիներ կախված են պարենի բաշխման պետական համակարգից, իսկ կես տարեկանից մինչեւ երկու տարեկան երեխաների մեկ երրորդն անհրաժեշտ քանակի կալորիաներ չի ստանում: Այդ երեխաների 25 տոկոսը տառապում է խրոնիկական թերասնումից: 

Նշվում Է, որ ԿԺԴՀ-ում հումանիտար իրադրությունը վատթարացել է երաշտների, հեղեղումների եւ այլ տարերային աղետների պատճառով, որոնք տեղ են ունեցել վերջին վեց տարվա ընթացքում: Այս առնչությամբ FAO-ն դոնոր երկրներին կոչ է անում 10 միլիոն դոլար հատկացնել՝ 513 հազար հյուսիսկորեացիների մարդասիրական օգնություն տրամադրելու համար, որոնք հայտնվել են առավել բարդ պարենային վիճակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս