Իրանի արևն է իմ հոգում

Պաշտոնապես արդեն հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՀՀ վարչապետի այցի մասին: Մամուլը, հայկական պաշտոնական շրջանակները, Իրանի դեսպանատունը պարբերաբար անդրադառնում են այդ խնդրին: Հարևան երկրների հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ են եղել: Հայաստանում ոչ ոք չի մոռանում, որ պատերազմական տարիներին, երբ իշխանական քաոս էր Վրաստանում, Իրանը մեր միակ ու կայուն կապն էր արտաքին աշխարհի հետ:

Բայց Իրանը սովորական երկիր չէ: Հայ-իրանական հարաբերությունները միշտ էլ միջնորդավորվել են հայ-ռուսական և հայ-արևմտյան երկրներ քաղաքական կապերով: Ժամանակակից աշխարհի համար չափազանց ինքնիշխան Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացմանը խոշորացույցով հետևել են թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում:

Եթե անկեղծ լինենք՝ պիտի ընդունենք, որ մեր բոլոր իշխանությունները կոշտ (ու իրարամերժ) ճնշման տակ են եղել Իրանի հետ հարաբերությունների հարցում: Անկախության ողջ շրջանում Իրանը եղել է մեր երկրի տնտեսական հիմնական գործընկերներից: 90-ականների սկզբին ԻԻՀ-ն մեր արտաքին ապրանքաշրջանառության երկրների առաջին եռյակում էր: Հետո, իհարկե, դուրս մնաց առաջին եռյակից:

Բայց մշտապես իր դիրքն ու կշիռը պահեց, ժամանակակից բառապաշարով ասած՝ «թոփ տասնյակում»: 2017թ. պաշտոնական վիճակագրության համաձայն, Իրանը մեր արտաքին առևտրում վեցերորդ երկիրն է (հարևանցիորեն ասենք, որ մեր մյուս անմիջական հարևանը` Վրաստանը, յոթերորդն է): 2018-ի Հայաստան-Իրան արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 263,4 մլն դոլար: Տնտեսական հարաբերությունների դինամիկան մեծ հույսեր չի ներշնչում: Որովհետև 2013թ. ապրանքաշրջանառության ծավալը 293.4 մլն դոլար էր: 2014-ին այն նույնիսկ մի փոքր նվազել էր՝ կազմելով 291,1 մլն դոլար:

Ծավալների այս տատանումը ևս ապացուցում է, որ արտաքին առևտուրն իրական տնտեսական հարաբերությունների արդյունքում չի ձևավորվել: Նույն եզրակացությանը կարելի է գալ՝ ուսումնասիրելով այն ապրանքախմբերը, որոնք շրջանառվում են մեր երկու երկրների արտաքին առևտրում:

Առաջին հերթին՝ նկատելի է դառնում, որ և՛ ապրանքատեսակները, և՛ դրանց ծավալը ձևավորվել է ոչ կառավարվող ու չպլանավորված հարահոսի պայմաններում: Իրանի հետ հարաբերություններում մենք միշտ մոտ 100 մլն դոլար բացասական սալդո ունենք: Այսինքն՝ մոտ 100 մլն դոլարի ապրանք ավելի քիչ ենք արտահանում, քան ներմուծում ենք: Սա, իհարկե, կարելի է բնական համարել: Որովհետև ԻԻՀ-ն բավական ինքնաբավ է:

Տասնամյակներ շարունակ միջազգային տնտեսական (ու ոչ միայն) պայմաններում գործելով՝ այդ երկիրը կարողացել է կազմակերպել սպառման ապրանքատեսակների ներքին արտադրական համակարգեր: Բնականաբար, ապրանքափոխանակության ամենամեծ բաժինը վերաբերում է էներգակիրներին ու հարակից ոլորտներին (հայտնի է, որ մենք էլեկտրաէներգիայի, գազի դիմաց փոխանակման ծրագիր ունենք): 2017-ին այս ոլորտի արտահանումը կազմել է 61 մլն դոլար, ներմուծումը` մոտ 71 մլն:

Արտահանման երկրորդ-երրորդ ապրանքախմբերը զգալի զիջում են առաջինին: 2017թ. մենք միս-մսամթերք արտահանել ենք 14 մլն դոլարի չափով: Ասենք, 250 հազար դոլարի չափով արտահանում ենք բանջարեղենի պահածոներ:

Անհավանական է, բայց արտահանման «փայտ, փայտյա իրեր և փայտածուխ» ենթախումբը կազմում է 760 հազար դոլար: Արտահանման մեջ մեծածավալ ապրանքային խմբեր չկան: Փոխարենը՝ ներմուծման մեջ հստակ առանձնանում են, օրինակ, քիմիական արդյունաբերության ապրանքատեսակները` քիմիական միացություններից (12 մլն դոլար), պարարտանյութերից (3,5 մլն դոլար)՝ մինչև քիմիական թելեր (636 հազար դոլար):

Նկատելի են նաև կենցաղային քիմիայի (օճառ, մաքրող հեղուկներ) ծավալները` 2,3 մլն դոլար: Պարսկաստանից ներկրված ապրանքախմբերում ամենանկատելիներից են տարբեր շինանյութերի ծավալները: 21 մլն դոլար միայն սև մետաղյա իրերն են կազմում, զուտ շինանյութը՝ 10 մլն է: Գումարենք նաև ապակյա իրերը՝ 4,5 մլն դոլար, կերամիկան՝ 6,3 մլն դոլար, ներկեր ու այլ քիմիական արտադրանք՝ մոտ 1 մլն դոլար:

Այսինքն` արտաքին առևտրի 263,4 մլն դոլարը բազմաթիվ մանր (ու մունր) տողերից է կազմված: Նոր իշխանությունները ԻԻՀ-ի հետ շփվելու ու աշխատելու փորձ դեռ չունեն: Մեր հարաբերություններում շատ բան պարտադրված է դրսից: Եթե հիշում եք (իրականում ավելի լավ կլիներ, որ բոլորս մոռացած լինեինք)՝ կառավարող նոր ուժի առաջին դեմքերից մեկը բավական ոչ նուրբ արտահայտվեց մեր հարևան երկրի մասին:

Լավն այն էր, որ մեղա-ներողությունն արագ հնչեց (ցավոք, Արևելքում ազգերը վաղուց են ապրում ու լավ հիշողություն ունեն): Իսկ այն, որ մեր երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումից շահը երկուստեք է, կարծես կասկածից վեր է:

Տեսանյութեր

Լրահոս