Ուշադրություն. հայտնաբերվել են կառավարության ծրագրի թվերը

Փետրվարի 12-ի Ազգային ժողովի լիագումար նիստը սկսեց կառավարության ծրագրի քննարկումները: Ինչպես նախորդ բոլոր քննարկումներում, այնպես էլ այսօրվա նիստն անմասն չմնաց Փաշինյանի ժամեր տևած ելույթից: Բայց ամենահետաքրքիրը սկսվեց դրանից հետո:

Նախորդ օրերին ամեն գնով կառավարության ծրագիրը գովերգող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները երկու օր շարունակ զանազան հարցեր էին տալիս վարչապետին: Այդ հարցերից մեկն էլ ձևակերպվեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից, այն վերաբերում էր կառավարության ծրագրի մեջ թվերի բացակայությանը:

Իր բովանդակությամբ կարևոր այս հարցին վարչապետը տվեց մի պատասխան, համաձայն որի` մշտապես հաշվարկվում և հրապարակվում են տվյալներ, և դրանով տնտեսությունը չափելի է: Այստեղ, իհարկե, պետք է ծափահարել վարչապետին գերազանց մանիպուլյացիայի համար, կարելի է նաև մի հատ «դմփ-դմփ հու» անել, սակայն սթափությունը չկորցնելով՝ պետք է տեղեկացնենք, որ հարցը չի վերաբերում տնտեսության չափելիությանը:

Բոլորս էլ գիտենք, որ տվյալներ հրապարակվում են, պարբերաբար և տարբեր ձևաչափերով, սակայն հարցը դա չէ: Հարցն այն է, որ Փաշինյանի կառավարության ծրագրում չկա թիրախային ցուցանիշ, թե 5 տարում այդ չափելի տնտեսությունն ի՞նչ արդյունք է արձանագրելու:

Վարչապետի կողմից հարցին այսպես պատասխանելը ոչ այլ ինչ է, քան պարզագույն մանիպուլյացիա: Այս պատասխանն իր մակարդակով նույնն է, եթե, ասենք, ԱԺ ամբիոնից հայտարարվեր, որ այնուամենայնիվ կառավարության ծրագրում բազմաթիվ թվեր կան, պարզապես դրանք էջի վերևի մասում են գրված:

Իշխանամետ լրատվականներից մեկն էլ կարող էր այդ ելույթը դնել առաջին էջերում և վերնագրել` «Ուշադրություն-ուշադրություն, հայտնաբերվել են կառավարության ծրագրի թվերը, դրանք էջի վերևում են, իսկ հակահեղափոխականներն ասում էին՝ թվեր չկան…»:

Իսկ եթե լուրջ, այս բոլոր հարցադրումները՝ թվերի առկայության հետ կապված, արվում են ընդամենը կառավարության թիրախները հասկանալու և հետագայում կառավարության գործունեությունը գնահատելու համար:

Որպեսզի ավելի լավ հասկանալի լինի ասվածը, բերենք պարզ օրինակ` նույն աղքատության թեմայով:

Փաշինյանի կառավարության կողմից ներկայացված ծրագրում նշվում է` «էապես նվազեցնել» աղքատությունը, հիմա այդ «էապեսը» 1 տոկո՞ս է, 5, 10, թե՞ 20: 3 կամ 5 տարի անց մենք ինչպե՞ս ենք գնահատելու այդ «էապես»-ը:

Ասենք թե՝ անցավ 2 տարի, և աղքատությունը նվազեց 0.5 տոկոսային կետով, ինչպե՞ս իմանանք, դա «էապե՞ս» է, թե՞ ոչ, ի վերջո, ծրագիրը կատարվե՞լ է, թերակատարվե՞լ է, թե՞ առհասարակ չի կատարվել:

Սրանք հարցեր են, որոնց առջև կանգնելու եք տարիներ անց: Իհարկե, կառավարության այս ծրագրի հեղինակներն իրենք էլ գիտակցում են, որ տարիներ անց ժողովրդին խաբելն ավելի հեշտ կլինի, եթե չլինեն նշված թվերը: Կլինեն ելույթներ, կմեղադրեն բոլորին, բայց միաժամանակ գլուխ կգովեն, թե աղքատությունն էապես նվազել է, ու անգամ այդ ժամանակ իրենք էլ չեն իմանա, թե որն է համարվում «էապես նվազում»:

Ի վերջո, պետք է հասկանալ, որ գերնպատակը պարզապես այդ թվերը տեսնելը չէ, մեր կյանքում թվերն ամենուր են: Նպատակն այն է, որ Փաշինյանի կառավարության ծրագիրը դառնա չափելի, իսկ այս վիճակով այն ոչ հստակ և ոչ չափելի թղթի կտոր է, որի մասին ընդհանրապես կարելի է մոռանալ: Փաստաթուղթն այնքան պրիմիտիվ է, որ նաև զավեշտներ է պարունակում: Միգուցե դրա հեղինակներն էլ չեն նկատել, որ, օրինակ, հանքարդյունաբերությունը տեղավորել են ենթակառուցվածքների տակ:

Հասկանալի է, որ իրենց համար երկրում իրավիճակ է փոխվել, բայց մի՞թե այն կարգի է փոխվել, որ հանքարդյունաբերությունը դարձել է ենթակառուցվածք: Եվ գիտե՞ք՝ ինչու է այդպես, որովհետև ծրագիրը թափթփված է ու ոչ հստակ:

Արդեն 10 ամիս շարունակ բոլորը խոսում են, որ չկա հստակ ուրվագծված տնտեսական քաղաքականություն, իսկ այժմ կանգնել-ասում են` մեկնարկում է տնտեսական հեղափոխությունը… Բայց խնդիրը նրանում է, որ այսօրվա իշխանությունները չունեն նույնիսկ տնտեսական քաղաքականություն, կցկտուր այստեղից-այնտեղից-նախորդներից տեքստեր եք լցրել իրար վրա, անունն էլ դրել՝ ծրագիր, այն էլ՝ հեղափոխական, մինչդեռ 70 էջանոց այդ փաստաթուղթը ոչ առանցք ունի, ոչ էլ հիմնական բովանդակություն:

Եվ դա իրենք էլ հասկացան, երբ իրենց ծրագրին զուգահեռ՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը միայնակ հրապարակեց մի հոդված, որն իր բովանդակությամբ ու շեշտադրումներով ավելին էր, քան Փաշինյանի կառավարության 70 էջանոց ծրագիրը։

Բայց մտածելու կարիք չկա, քանի որ Փաշինյանի թիմն Ազգային ժողովում ստացել է, ինչպես իրենք են հաճախ կրկնում՝ ժողովրդի մեծամասնության վստահությունը, և օրեր անց ԱԺ-ն միգուցե և միաձայն կհաստատի Կառավարության այս ծրագիրը։ Կանցնի ժամանակ, սակայն, և կգա հաշվետվության ժամանակը։ Այդ ժամանակ արդեն հենց իրենք ստիպված կլինեն պարզաբանել՝ աղքատության նվազումը, ի վերջո, էապե՞ս է, թե՞ ոչ:

Մաքսիմ Մուսինյան

Տեսանյութեր

Լրահոս