«Գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք». Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին
«Երեկ ասացիք՝ դպրոցի մանկավարժները կարող են 125 000 դրամ ստանալ, բայց 20 000 են ստանում, քանի որ 6 հաստիքի մեջ է բաժանված էդ գումարը։ Իսկ կներեք, ասենք թե՝ մեկ հաստիքի գումարն է, Դուք ո՞նց եք հնարավոր համարում, որ դպրոցի ուսուցիչը 125 000 դրամով արժանապատիվ գոյություն ապահովի,- Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսպես սկսեց իր ելույթը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ապա շարունակեց,- ասում եք՝ թող քաղաքացին հեղափոխություն անի, ոչ թե մենք։ Քաղաքացին արդեն իր հեղափոխությունն արել է, էլ ի՞նչ անի, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի քաղաքացին. Սոված մարդը ո՞նց անի հեղափոխություն»։
Գևորգ Պետրոսյանը նշեց նաև.
«Ասում եք՝ մարդը նախ իր գլխում պետք է հաղթահարի սովը և աղքատությունը, հետո նոր՝ իրականում։ Կներեք, Դուք ասում եք, որ հանդուրժողականության և փոխադարձ կամեցողության, հարգանքի մթնոլորտում հեղափոխություն արեցիք, հիմա պայմանականորեն, խնդրում եմ չանձնավորեք, համարեք՝ ես եմ Ձեր տեղը, կամ Դուք եք այստեղ, բայց եթե Ձեր քույրը կամ Ձեր եղբայրը գա, ասի՝ ես աղքատ եմ, Դուք այդպիսի պատասխան կտա՞ք, կասեք՝ գնացեք գլխում հաղթահարեք աղքատությունը, հետո իրականում տեսնենք՝ ի՞նչ կլինի»:
«Շատ լավ պատասխանում եք հարցերին, որովհետև Դուք իսկապես գրագետ և իրազեկ մարդ եք։ Դուք այստեղ այս երկու օրն ավելի շատ բան ասացիք, քան գրված է ծրագրում։ Է լավ, որ այդ ամեն ինչը պետք է ասվեր, գրեիք։ Հակառակ դեպքում, եթե մտածում եք՝ ձեր ծրագիրը շատ լակոնիկ լինի, և իսկապես, քանի որ ժողովուրդը ձեզ շատ է հավատում, վստահում, գրեիք՝ «դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք։ Ոչ մի ուրիշ բան չգրեիք, հարգելի պարոն Փաշինյան։ Ասում եք՝ Սփյուռքի նախարարությունը կրճատել ենք, որովհետև տարբեր նախարարություններ նույն գործառույթն ունեն։ Արտաքին հարաբերությունների վարչությունները լուծարեիք մի քանի հոգուց բաղկացած, կամ բերեիք-միացնեիք Սփյուռքի նախարարությանը։ Ես զարմանում եմ, ասում էիք՝ կախարդական փայտիկ կա, այն երևի ապագայում Ձեր կողմից նշանակվող Ձեր հանձնակատարի գրպանում է լինելու, որ նա միանձնյա կարողանա կատարել էն ամբողջը, ինչը կատարել է մի ամբողջ նախարարություն»,- նկատեց ԱԺ պատգամավորը։
«Երբ նշում եք, թե քաղաքացին պետք է իրականացնի տնտեսական հեղափոխություն, բա Կառավարությունն ի՞նչ անի։ Մենք այստեղ Կառավարության ծրագրի նախագի՞ծն ենք քննարկում, թե՞ Քաղաքացիական պարտականությունների օրենսգրքի նախագիծը»,- ասաց նա:
Նաև հավելեց. Քաղաքացին հո չի՞ գնալու Պետական վերահսկողական ծառայությանը խեղդի ու ասի՝ հարգելի պարոն Սանասարյան, որևէ արձագանք եղա՞վ պարգևավճարների առնչությամբ։ Պարտիզանական լռություն ցուցաբերեց այդ պարգևատրումների գործընթացին։ Մի հատ վարչական վարույթ հարուցվե՞լ է, մի ուսումնասիրություն իրականացվե՞լ է… Քաղաքացին պետք է գնա պետական հարկադիր ծառայողին ասի՝ անցիր քո պարտականությունների կատարմա՞նը։ Կամ ասում է՝ թող քաղաքացին հեղափոխություն անի, ինքը նախաձեռնելով, արձագանքելով։ Հիմա քաղաքացին ի՞նչ արձագանքի։ Դա նույն բանն է, որ ասեք՝ մեկին որ դանակահարում են, մինչև քաղաքացին չբողոքի, նախաքննական մարմինն իրավունք ունի նաև դրանով չզբաղվել։ Ո՞նց կլինի տենց բան։ Եթե դա հանրային մեղադրանքի գործ է, ծեծի գործ չէ, որով կարող էին համաձայնության գալ, ու վարույթը կարճվեր, քաղաքացին պետք է անպայման բողոքի, որ պետությունն իրենով զբաղվի՞»,- հավելեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը։
Վերջինս կարծում է, որ, այո, հավաստիության կանխավարկածով հավատում է վարչապետի այն խոսքին, թե բաներ կան, որ չեն գրվել, բայց արվել են, բայց հնարավոր է, որ չեն գրվել ու չեն արվել, չէ՞։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե «բա էդ ինչո՞ւ չիրականացվեցին արագաչափերը հանելու խոստումները, ինչո՞ւ չիրականացվեցին կարմիր գծերը հանելու խոստումները, ինչո՞ւ չիրականացվեցին առ այսօր տեսանկարահանող սարքերը վերացնելու խոստումները… Ինչո՞ւ… Որովհետև դրանք արձանագրված չէին, գրավոր տեքստով չէին ու իրավական նորմի ուժ չունեին։ Դրա համար էլ չարեցիք ու Ձեզ դրա համար պատասխանատու չեք համարում»։
«Մենք իսկապես բոլորս ուզում ենք, որ այս Կառավարությունը, որին նաև մենք ենք աջակցել Կառավարություն դառնալու հարցում, չկրկնի նախորդ կառավարությունների սխալները։ Հիշո՞ւմ եք, որ նախորդ Կառավարությունն իր ծրագիրը բրոշյուրի ձևով արդեն բերել էր, որ ես այս ամբիոնից կանգնեցի ու ասացի, որ սա արհամարհանք է մեր բոլորի ու ժողովրդի նկատմամբ։ Այսինքն՝ բերել էին՝ որևէ տառ չփոխելու նկատառումով։ Հիմա ես խնդրում եմ հեգնանք ոչ որոնեք մեր հարցերի մեջ, ոչ էլ, առավել ևս, հեգնանքով մի պատասխանեք հարցատուին, որովհետև եթե շատ հարցեր են հնչում, դա այն բանի անվիճելի ապացույցն է, որ իսկապես մենք բոլորս շահագրգռված ենք որակյալ ծրագիր ունենալու հարցում։ Այստեղ չեմ կարծում, թե կա մեկը, ով ուզենա, որ Ձեր Կառավարությունը ձախողվի։ Համենայն դեպս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք կազմաքանդման գործընթացով չի զբաղվել և այդպիսի գործընթացների սիրահար չէ։ Մենք հիմա էլ ենք առաջարկում մեր հնարավորությունները, մեր աջակցությունը, բայց պետք է դա լսել։ Այժմ ես իմ անձնական կարծիքը կասեմ, չեմ խոսում խմբակցության անունից:
«Ձախողվում են այն իշխանությունները, ում համար ընդդիմության ձայնը լսելի չէ։ Իշխանության կործանման ամենակարճ ճանապարհը դա է։ Եվ դատելով Ձեր՝ երեկվա և այսօրվա պատասխաններից, իհարկե, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, բայց սկսում եմ մի քիչ թերահավատ լինել, թե մի բան հաշվի առնելո՞ւ եք արդյոք ընդդիմության ասածից, որ մենք էլ մեզ այստեղ իրացված զգանք։ Այս ամբիոնն այն ամբիոնն է, ուր ասված ամեն մի խոսք դառնում է անշրջելի պատմություն, իսկ մարդկային բանականությանը հայտնի չէ այնպիսի գործիք, զենք, միջոց, որ գնդակահարի իր և մյուսների անցյալը, այսինքն՝ գնդակահարի պատմությունը»,- իր ելույթը եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։