Բաժիններ՝

Ցեղասպանության տարիներին որբերի կյանքեր փրկած ամերիկացի և կանադացի միսիոներների մասին գիրք է հրատարակվել

2018թ. նոյեմբերի 28-ին Տորոնտոյի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գրասենյակում տեղի ունեցավ կանադացի գրող ՈՒենդի Էլիոթի գրքի շնորհանդեսը, որի վերնագիրն է` «Կորով ու շնորհ խելագար աշխարհում. 1908-1923թթ. Թալասում (Թուրքիա) իրականացված մարդասիրական աշխատանքները»։ Գիրքը գրվել է մի խումբ ամերիկացի և կանադացի միսիոներների անձնական արխիվային նյութերի և պատմությունների հիման վրա, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին մարդասիրական աշխատանքներ են կատարել և հազարավոր որբերի կյանքեր են փրկել։ 

Գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր ՀԲԸՄ Տորոնտոյի գրասենյակի հետ համատեղ` ՄԱԿ-ի` «Ցեղասպանության հանցագործության զոհերի պատվի և հիշատակի, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան» նվիրված միջոցառումների շարքի շրջանակներում։

Ես ՈՒենդիի հետ ծանոթացել եմ Երևանում, ուր նա Կանադայից եկել էր զարգացման աշխատանքներ իրականացնելու համար։ Երևանից բացի, ՈՒենդին նաև աշխատանքներ է կատարել Վանաձորում և Գյումրիում, և, ինչպես հետագայում իմացա, հատուկ համակրանք է տածում հայ ժողովրդի և մշակույթի հանդեպ։ Մեր առաջին հանդիպումից տարիներ անց, լրիվ այլ միջավայրում և հանգամանքներում ինձ բախտ վիճակվեց առաջինը բացել ամերիկացի միսիոներ Սյուզան ՈՒելթի Օրվիսի` մինչ այդ չհրապարակված անձնական արխիվներն ու ձեռագրերը, որոնք նա թողել էր այն բանից հետո, երբ Թալասում Ամերիկայի անունից միսիոներական աշխատանքներ էր կատարել։

Այդ արխիվային նյութերի հետ ծանոթանալու համար ես մեկնեցի ԱՄՆ, և ԱՄՆ-ից Կանադա վերադառնալուց հետո մոտեցա ՈՒենդիին և առաջարկեցի գիրք գրել Սյուզան Օրվիսի միսիոներական գործունեության և կյանքի մասին, սակայն սկզբում նա մերժեց, քանի որ կարծում էր՝ ևս մեկ գիրքը չի կարող նոր բան ավելացնել ցեղասպանության մասին մինչ այդ գրված` առանց այդ էլ հսկայական գրականությանը։

Չնայած նրա պատասխանին, ես ևս մեկ փորձ կատարեցի և մեկնեցի Բոստոն, որպեսզի «Հարվարդի» համալսարանի «Հաֆթոն» գրադարանից ձեռք բերեմ միսիոների ձեռագիր գիրքը, որը պատմում էր 1917թ.-ին և հեղափոխության օրերին Ռուսաստան կատարած իր չափազանց հետաքրքիր ուղևորության մասին։ ՈՒենդիին առաջարկեցի կարդալ միսիոների այդ ձեռագիր գիրքը, որտեղ նա մանրամասն պատմում էր Ռուսաստան կատարած իր ճանապարհորդության և մարդասիրական օգնություն ցուցաբերող կենտրոնների ստեղծման փորձերի մասին։ Այս ձեռագիր գիրքը փոխեց ՈՒենդիի կարծիքը, քանի որ նախքան այդ նա երբեք չէր լսել այն հսկայական մարդասիրական օգնության մասին, որոնց մաս էին կազմել ամերիկացի և կանադացի միսիոներները։ Այդ ձեռագրերը կարդալուց հետո ՈՒենդին նույնպես եկավ այն եզրահանգման, որ մարդիկ պետք է իմանան այդ հսկայական աշխատանքի մասին։

Գրքի հեղինակը Տորոնտոյի ընթերցողներին ասաց, որ գիրքը գրելուց առաջ մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի կարողանա հասկանալ այն հիմնական հարցի պատասխանը, թե ինչպես կարող էր Օսմանյան Կայսրությունը 1908թ. Երիտթուրքերի հեղափոխության ընթացքում եղած համերաշխությունից հետո ընդամենը 7 տարվա ընթացքում հասնել այդքան ահավոր արարքների և ցեղասպանության։

Ուենդին ներկաների համար կարդաց այդ տարիներին Կոնստանդնուպոլսում գտնվող մի երիտասարդ ամերիկացի միսիոների` ԱՄՆ-ում գտնվող իր ծնողներին հասցեագրված նամակից մի հատված, որում նա նկարագրում էր հեղափոխության օրերի ուրախությունը, էյֆորիան և կայսրությունում ապրող ազգերի համերաշխությունը։

«Անցած կիրակի թուրքերը, քրիստոնյաները և հրեաները` բոլորը միասին, երգելով գրկախառնվում և շնորհավորում էին միմյանց։ Մարդիկ ուրախությունից չեն կարողանում քնել»,- իր նամակում գրել է երիտասարդ միսիոները։ Այնուհետև ՈՒենդի Էլիոթը խոսեց այն բանի մասին, թե ինչպես հեղափոխությանը հաջորդած տարիների ընթացքում Օսմանյան Կայսրությունում իրավիճակը վատթարացավ և այնուհետև դարձավ անդառնալի վատ։

Գիրքը գրելիս հեղինակը փորձել է իրեն պատկերացնել Օսմանյան Կայսրության ղեկավարների` Էնվերի, Թալեաթի և մյուսների դերում, որպեսզի հասկանա, թե ինչու էին նրանք այդպես վարվում։ «Ես մտածում էի, որ, եթե ես նրանց տեղը լինեյի, ապա կսարսափեյի միայն այն մտքից, որ կարող եմ պատմության մեջ մնալ՝ որպես Օսմանյան Կայսրությունը կորցրած ղեկավար։ Եվ ինչպես այնուհետև պարզ դարձավ, իրենց մտավախությունները տեղին էին։

Վախով առաջնորդվելը լավ արդյունքի չի բերում։ Այս գրքում զետեղված ժամանակահատվածի ընթացքում ես հաշվել եմ 2 հեղաշրջումներ, 4 տարածաշրջանային պատերազմներ, 2 ցեղասպանություններ (հայերի և ասորիների), և մեկ համաշխարհային պատերազմ, որին հաջորդել են անկախության պատերազմը և ևս մեկ ցեղասպանություն (հույներինը)։ Այս ամենը տեսնելով՝ ես մտածեցի, որ աշխարհն ամբողջովին խելագարվել էր, ինչն էլ դարձավ իմ գրքի վերնագրի մի մասը»։

Գիրքը սկսվում է Սյուզան ՈՒելթի Օրվիսի և նրա ամերիկացի և կանադացի գործընկեր միսիոներների մասին պատմելով, ովքեր Թալաս էին մեկնել՝ որպես «Օտարերկրյա առաքելությունների լիազորների ամերիկյան խորհրդի» (American Board of Commissioners for Foreign Missions) ներկայացուցիչ միսիոներներ. «Նրանց առաքելությունը Թուրքիայում ամենամեծն էր, որի աշխարհագրությունը Շվեյցարիայի տարածքից երկու անգամ մեծ տարածք էր իր մեջ ներառում։ Թալասի առաքելությունում կար մեկ հիվանդանոց, տղաների գիշերօթիկ դպրոց և աղջիկների գիշերօթիկ դպրոց։ Առաքելությունն իր մեջ ներառում էր նաև 32 մասնաճյուղեր, որտեղ միսիոներներն ավետարանչական առաքելությամբ այցեր էին իրականացնում և աշխատանքներ տանում»։

Գրքի հեղինակն այնուհետև մանրամասն ներկայացրեց հայերի տեղահանությունն ու Թալասի տարածքում կոտորածները և 1915-1917թթ. միսիոներների վտարումն այդ տարածքներից։ «Հայ և սիրիական օգնության ամերիկյան հանձնաժողովը» (Committee for Armenian and Syrian Relief) մարդասիրական օգնության կենտրոններ էր ստեղծել Պորտ Սաիդում (Եգիպտոս) և Ալեքսանդրապոլում (Գյումրի), ինչպես նաև Էջմիածնում և Երևանում, որոնք այն ժամանակ Ռուսաստանի մաս էին կազմում։

Այդ ժամանակ Օսմանյան կառավարությունը թույլ չէր տալիս, որպեսզի օտարերկրյա օգնություն մտնի Թուրքիայի տարածք։ 1919թ., Առաջին համաշխարհային պատերազմից հետո, «Հայ և սիրիական օգնության ամերիկյան հանձնաժողովն» անվանափոխվեց «Միջին Արևելքի օգնության կազմակերպություն» (Near East Relief), իսկ միսիոներները, ովքեր արդեն մարդասիրական օգնություն ցուցաբերող աշխատակիցներ էին դարձել, միացան այլ մարդասիրական օգնություն տրամադրող անձանց և, վերջապես, իրենք էլ կարողացան օգնություն մտցնել Թուրքիայի տարածք։

Հեղինակը գրքի շնորհանդեսի մասնակիցներին նկարներ ցույց տվեց, ինչպես նաև հատվածներ կարդաց իր գրքից, որոնք նկարագրում էին հիմնականում կանանց և երեխաների` սննդի, հագուստի և բժշկական օգնության ծայրահեղ կարիքը։ Նա մանրամասներ ներկայացրեց մարդասիրական աշխատանքներ տրամադրող խմբերի աշխատանքների վերաբերյալ, ովքեր մանկատներ էին ստեղծել, ինչպես նաև հագուստների արտադրություններ էին հիմնել, որպեսզի կարողանան հարյուրավոր մայրերի աշխատանքով ապահովել և հազարավոր որբերի համար հագուստներ պատրաստել։ ՈՒենդի Էլիոթը հատուկ ուշադրություն է դարձրել այն պատմությունների վրա, որոնք պատմում են այնպիսի մարդկանց մասին, ում նա անվանեց «արդարացի մարդիկ»։

«Այս տերմինը` «արդարացի մարդ», առաջին անգամ օգտագործվել է հրեաների կողմից, որպեսզի նրանք նկարագրեն այն` ոչ հրեա մարդկանց, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների ցեղասպանության ժամանակ փրկել են հրեաներին։ Այդ տերմինի բացատրությունը հետևյալն է. «բնական արդարության զգացողությունից բխող գործողություն»։ Գրքում տեղ են գտել բազում «արդարացի» թուրքերի, քրդերի, արաբների, ինչպես նաև քրիստոնյա հույների, հայերի, կանադացիների և այլոց մասին օրինակներ, ովքեր իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ փրկել են հայերի կյանքը»։

Անկախության պատերազմի տարիներին Թալասի առաքելությունում որբերի թիվը տատանվել է, սակայն 1922թ. Տվյալներով՝ այդ թիվը կազմել է 3000։ Երբ քաղաքական վիճակը հանկարծակի փոխվեց, և քրիստոնյաներին ստիպեցին լքել Թուրքիան, Թալասի առաքելության անդամներն այլևս երկար չմտածեցին և արագ որոշում կայացրեցին բոլոր որբերին տարհանել Թուրքիայից, որպեսզի փրկեն նրանց կյանքը։ Միսիոներներից պահանջվեց 10 դաժան և ցուրտ օր, որպեսզի կարողանային 3000 որբերի տարհանել Թուրքիայից. հույն երեխաներին նավով ուղարկեցին Հունաստան, իսկ հայ որբերին գնացքով տեղափոխեցին Բեյրութ։

«Սյուզանը հպարտանալու տեղ ուներ, երբ նա ասում էր, որ բոլոր երեխաներին առողջ և ապահով տեղ է հասցրել,- ասաց գրքի հեղինակը, և ավելացրեց,- Միսիոներներն իրենց առաքելությունը սկսել էին` հավատալով, որ ոգիներ էին փրկելու, սակայն նրանք փրկեցին կյանքեր. նրանք ոչնչացումից փրկել են հետագա սերունդների սերմերը»։

ՈՒենդի Էլիոթից պահանջվել է շուրջ չորս տարի, որպեսզի խորը հետազոտություն իրականացնի և գրի այս գիրքը և կազմակերպի դրա տպագրությունը։ Տպագրող կազմակերպությունը «Կոմիտաս» ինստիտուտն է (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։ Գրքի կազմի վրա իրենց կարծիքներն արտահայտած գրախոսներն են կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, Կանադայի «Թագավորական ռազմական քոլեջի» բազմավաստակ պրոֆեսոր Ալան ՈՒայթհորնը, «Երկխոսության ձայներ» կազմակերպության ղեկավար և լրագրող Կումրու Բիլիչին, «ՄիջազգայինԿկարմիր խաչի» կազմակերպության բազմավաստակ քարտուղար Ջորջ Վեբերը և Եպիսկոպոս Թերի Բրաունը։ Ինքս պատիվ եմ ունեցել գրել գրքի նախաբանը։

Գիրքը կարող եք ձեռք բերել Amazon-ի կայքից, ինչպես նաև՝ հրապարակող կազմակերպության կայքից։

Կամո Մայիլյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս