Բաժիններ՝

Նարգիլեի բիզնեսով զբաղվողներն Առողջապահության նախարարության հետ քննարկումներ են սկսել

Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողներն օրերս ՀՀ վարչապետին ուղղված նամակ էին հանձնել Կառավարություն՝ նշելով, որ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը թերի է, նման միջազգային պրակտիկա չկա, հանրային քննարկում չի եղել, ու խնդրել են, որ նախագիծը հաստատվի միայն իրենց հետ քննարկումներից հետո:

«Կառավարությունն ընդառաջել է, ստացել ենք վարչապետին ուղղված նամակի պատասխանը: Առողջապահության նախարարությունում հիմա խումբ է ձևավորվել, և մեզ հետ քննարկում են նախագծի մի շարք կետեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նարգիլեի բիզնեսով զբաղվողներից Ժորա Փանոսյանը:

«Պայմանավորվել ենք չորեքշաբթի ներկայացնել մեր առաջարկը, որպեսզի նարգիլեի մասով վերանայում կատարվի, իսկ ուրբաթ օրը կրկին քննարկում կլինի:

Համաձայնության կփորձենք գալ, որպեսզի մեր բիզնեսը չտուժի, նախարարությունն էլ առողջապահական ոլորտում կարողանա իրականացնել  իր պայքարը:

Սահմանափակումներ կլինեն 18 տարեկանից ցածրերի համար: Կփորձենք նարգիլե ծխելն ավելի անվտանգ դարձնել մեր երկրում:

Մեխանիզմ կմշակենք, որոշ պարտականություններ կվերցնենք, որոնք կապահովեն մեր բնագավառի վրա հսկողությունը, պետությունն էլ հնարավորինս քիչ ռեսուրս կծախսի մեզ վերահսկելու համար»,- հավելեց Ժորա Փանոսյանը:

Նշենք, որ նարգիլեի բիզնեսով զբաղվողներն առաջարկում են նախագիծը վերանայել, նարգիլեն առանձնացնել ծխախոտից, ինչպես նաև նարգիլե թույլատրել ծխել հատուկ վայրերում:

«Կան արևելյան և միջինասիական մշակույթը ներկայացնող վայրեր, ուղղակի ծիծաղելի կլինի, որ մարդը գնա արևելյան ռեստորան ու տեսնի՝ այնտեղ նարգիլե չկա: Ուրիշ բան է, որ նարգիլե չլինի իտալական, ֆրանսիական խոհանոցում: Նմանատիպ հասարակական վայրերում թող արգելեն: Մենք հետևում ենք ամեն ինչին, դրա համար կա առողջ մրցակցություն: Այսինքն, եթե հասուն մարդը մտներ իմ սրահ ու տեսներ՝ լրիվ անչափահասներ են նստած, պարզ է, որ էլ չէր գա: Մենք որոշել ենք, որ երեխաներին չենք թողնում, չեմ բացառում, որ կան տեղեր, որտեղ նրանց թողնում են: Թող գնան նմաններին տուգանեն, լիցենզիայից զրկեն, ինչ ուզում են՝ անեն: Game Zone է, բայց երբեմն նարգիլե են ծխում: Եթե նախագիծն ընդունվի՝ 1000-ից ավելի մարդ կկորցնի աշխատանքը»,- ընդգծում են նրանք:

Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել էր «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը։ Օրինագծի համաձայն` առաջարկվում է արգելել ծխախոտային արտադրատեսակների, դրանց անալոգների և ծխախոտանյութի փոխարինիչի (այդ թվում` նարգիլեի) օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում, նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում, մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ, բնության հատուկ պահպանվող տարածքներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում, տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, օդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում, hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները), բազմաբնակարան շենքերի վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում, շենքերում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում, խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս