«Էյֆորիայի վերջին փուլում ամեն ինչ ակնհայտ է դառնում». Գագիկ Մինասյան

ՀՀԿ անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կառավարության կառուցվածքի փոփոխությանը, որի արդյունքում 17 նախարարություններից 5-ը կկրճատվի, նկատեց, որ գյուղատնտեսության, սփյուռքի և մշակույթի ոլորտների լավագույն մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ օպտիմալացման արդյունքում դժվար է պատկերացնել, թե ոլորտներին առնչվող խնդիրներն ինչպես կարող են արդյունավետ լուծվել։

Ըստ նրա, մասնագետների բարձրացրած այս իրողությանը որևէ հակափաստարկ չեն բերում, այսինքն՝ կառավարության ներկայացուցիչները չեն խոսում, թե խնդիրների լուծման համար Կառավարության նոր կառուցվածքը արդյունավե՞տ է, թե՞ ոչ։

«Այստեղ կարևոր է հետևյալ հանգամանքը, մեր Կառավարության ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ իրենց բոլոր որոշումները պետք է ընդունվեն հանրային լայն քննարկման, կոնսենսուսի արդյունքում։ Մենք տեսնում ենք, որ գյուղատնտեսության, սփյուռքի և մշակույթի ոլորտներում առնվազն մենք ունենք ճիշտ հակառակ պատկերը։

Այս երեք ոլորտների և՛ շահառուները, և՛ մասնագետները միաբերան դեմ են արտահայտվում Կառավարութան կառուցվածքի փոփոխությանը։ Սա բնական է, քանի որ էյֆորիայի վերջին փուլում հենց այդպես էլ տեղի է ունենում, և եթե տնտեսության բնագավառում ամեն ինչ ակնհայտ է, ապա այս մյուս ոլորտներում ևս ամեն ինչ ակնհայտ կդառնա»,- ասաց Գագիկ Մինասյանը։

168.am-ի հարցին՝ այսօր Հայաստանում մենաշնորհներ չկա՞ն, թե՞ շուկան արդեն ազատականացվել է, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, կան բնական մենաշնորհներ, ոչ բնական մենաշնորհների բնագավառում լավ կլիներ, որպեսզի թվերը ստանայինք համապատասխան գերատեսչությունից և համեմատեինք, թե մենաշնորհների մակարդակը կամ կենտրոնացվածության մակարդակն ինչպիսին է, մեծացե՞լ է, թե՞ ոչ։

Կարծում եմ՝ եթե դրա մակարդակն էական փոփոխության ենթարկվեր՝ նվազեցման առումով, ապա Կառավարության ներկայացրած ծրագրում կտեսնեինք բոլորովին այլ թվեր»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս