«Ես ինձ համարում եմ ազատ մարդ, և, գիտեք, ազատությունը սանձարձակությունը չէ, և շատ մարդիկ ազատությունը շփոթում են այլ բաների հետ»
Թատրոնն ապրելակերպ է դարձել վաղուց մի շարք հեռուստանախագծերից («Կյանքի կառուսել», «Դեպի երազանք») հայտնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի համար: Թատրոնի, էպիզոդիկ դերերի, մասնագիտության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ:
– Մի շարք հեռուստանախագծերում եք հանդես եկել, ինչո՞վ եք հիմա զբաղված, մասնագիտական ի՞նչ առաջխաղացումներ, նորություններ ունեք:
-Այժմ Սունդուկյան թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում ընդգրկված եմ: Զուգահեռ դասավանդում եմ Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից գործող Վ. Աճեմյանի անվան դերասանական ստուդիայում, նաև «Նար» դերասանական ստուդիայում: Մի փոքրիկ գաղտնիք կա, որը հիմա չեմ բացահայտի, լինի կիմանաք:
-Հարցազրույցներից մեկում խոստովանել եք, որ չեք ցանկանա էպիզոդիկ դերերում խաղալ, մինչդեռ կարճ սերիալներում, ինչպիսին էր վերջերս հեռարձակված «Դեպի երազանքը»՝ հաճույքով, ինչո՞ւ:
-Այո, հեռուստասերիալներում էպիզոդիկ դերերում հանդես չեմ գա, քանի որ այն ինձ ոչինչ չի ասում, իսկ վերջին՝ «Դեպի երազանք» սերիալում իմ դերը բացարձակ էպիզոդիկ չէր, կենտրոնական կերպարներից մեկն էր, որն ուներ ասելիք, այդ պատճառով մեծ հաճույքով համաձայնել եմ:
-Եկեք մի պահ գնանք մանկություն, Ձեր մանկական երազանքն էլ էր դերասան դառնալը:
-Ոչ, երբեք չեմ մտածել դերասանուհի դառնալու մասին: Երազել եմ դառնալ կամ երգչուհի, կամ պարուհի, համենայն դեպս արվեստից հեռու չեմ եղել մանկական երազանքներում ու հուսամ, որ դեռ երազանքներ կան, որ պետք է իրականանան:
– Շատ դերասաններ ասում են, որ կա «դերի մեջ մտնել» հասկացությունը, ինչպե՞ս է Ձեզ մոտ. հեշտությամբ եք ազատվում մարմնավորած դերից:
-Ես սիրում եմ իմ բոլոր դերերը: Հետաքրքիր է դերասանի կամ առհասարակ արտիստի կյանքը: Մենք միշտ խաղում ենք, կերտում ենք ուրիշ մարդկանց: Ինչպես հագուստը կրում ենք, հետո սիրուն դնում ենք պահարանի մեջ, այդպես էլ կերպարներն են, մարմնավորում ենք ինչ-որ մարդկանց, բնավորություններ, ու հետո պետք է անմիջապես ազատվել դրանցից: Իմ կյանքում երբեք չի եղել նման դեպք, որ ես մնամ կերպարի մեջ, բեմը բեմ է, կյանքը՝ կյանք:
-Ձեր մայրը հայտնի դերասանուհի է` Գրետա Մեջլումյանը, ամուսնը՝ Նարեկ Հայկազյանը, ևս դերասան է, դժվա՞ր է, թե՞ պարտավորեցնող, արդյոք չեք ունենում որևէ տարաձայնություն:
-Ոչ, տարաձայնություններ չեն լինում, հակառակը արվեստի շուրջ մեր խոսակցությունները լինում են բուռն, հետաքրքիր, ամեն մեկս ունենք մեր տեսակետը: Ես ու ամուսնս, կապ չունի, որ նույն վայրում ենք աշխատում, առանձին դերասաններ ենք, ինչպես մայրս: Կարծում եմ արվեստագետների մտածողությունը այլ է, ինչպես նկարիչները գույները այլ կերպ են տեսնում, երանգներ են տեսնում, նույնն էլ արտիստն է. կյանքը տեսնում է այլ երանգների մեջ, ուրիշ կերպ և շատ լավ է, որ դիմացինդ հասկանում է քեզ:
– Բեմում եք շուրջ տասնչորս տարի, ո՞րն է Ձեր ամենասիրելի դերը:
-Սիրելի դերեր շատ-շատ եմ ունեցել, և սիրում եմ բոլոր դերերս, բայց կառանձնացնեմ Մուրացանի «Ռուզան» դրամայի հենց Ռուզանի դերը:
-Ունե՞ք մտապահած դեր, որ կցանկանայիք մարմնավորել:
-Գուցե մի օր գա, որ երազեմ ինչ-որ դերի մասին, բայց այս պահին դեռ չունեմ, դա պետք է լինի շատ հետաքրքիր: Բացի այդ, կարևոր է ռեժիսորի դերը, թե ինչպես նա կբեմադրի: Այդ պատճառով, ես չեմ սիրում երազել, ես ռեալ մարդ եմ, հողին կպած, իրականությանը շատ մոտ, ինձ երազանքներով ապրեցնելը դժվար է:
– Արվեստը սիրում է ազատություն, ստեղծարարություն, կա ինչ-որ «խենթություն», որ հանուն դերի նույնիսկ չեք անի:
-Ես ինձ համարում եմ ազատ մարդ, և, գիտեք, ազատությունը սանձարձակությունը չէ, և շատ մարդիկ ազատությունը շփոթում են այլ բաների հետ: Ես իրականում խենթություններ կանեմ սիրո համար, կյանքի, ապրելու համար, բայց բեմում դեր խաղալու համար, չգիտեմ..
Արդեն խենթություն է, երբ դու խաղում ես, երբ դու մարմնավորում ես, և արդեն խենթություն է վերապրումը ընդհանրապես բեմում, խենթ լինելը ինձ համար պարտադիր երևույթ է. արվեստագետը, մի քիչ խենթ պետք է լինի:
– Համաձա՞յն եք, որ ստեղծագործող, արարող մարդկանց համար աշխատանքը պարզապես աշխատանք չէ, և չի սահմանափակվում միայն այդ տարածքում: Ի՞նչ է Ձեզ համար բեմը:
-Բեմը իմ երկրորդ տունն է, որից, կարծում եմ, երբեք չեմ կարող հրաժարվել, երևի միակ տեղն է, որտեղ ես անհոգ եմ, որտեղ ազատ եմ, ու այդ տարածությունն ունի հզոր մագնիսական ուժ, էներգետիկ հզոր դաշտ, և իրականում բեմը պետք է սիրի արտիստին:
–Ի՞նչ հատկանիշներ, որակներ են կարևոր հաջողակ դերասան լինելու կամ հազարի մեջ աչքի ընկնելու համար:
-Նախ՝ ազնվություն ինքդ քո հանդեպ, միշտ զբաղվես ինքնակրթությամբ, ինքնադաստիարակությամբ, ամենադժվարին պարագայում պետք է մարդ մնալ: Կապ չունի, թե ինչ մասնագիտություն ունես, կարևոր հատկանիշներից ազնիվ, բարի, ներողամիտ լինելն է, և հարգել դիմացինի կարծիքը, աշխատանքը: Արտիստը պետք է օժտված լինի բոլոր այդ հատկանիշներով և սիրի գործընկերներին:
-Մի առիթով նշել եք, որ բավականին էմոցիոնալ եք, այս հատկանիշը բեմում օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
-Այո, շատ էմոցիոնալ եմ. դա և՛ օգնում է, և՛ խանգարում: Կերպարների մեջ, գուցե, ինձ օգնում է, բայց կյանքում մի քիչ խանգարում է, որովհետև ես շատ հաճախ, ուզում եմ ավելի զսպված, խոհեմ լինել, բայց էմոցիոնալ վիճակը ստիպում է, որ պայթեմ, բայց բեմում այն իրապես օգնում է:
-Կա՞ ինչ-որ բան, որ սիրում եք բեմ դուրս գալուց առաջ անել:
-Այո, ունեմ խոսքեր, որ դուրս գալուց առաջ միշտ ասում եմ, և ինչպես երևի շատ-շատերը խաչակնքում եմ, որովհետև դա ինձ համար պարտավորեցնող է: Ուզում ես հարյուր անգամ խաղաս դերը, միևնույն է, հուզմունքը միշտ էլ մեծ է, մանավանդ, երբ գլխավոր դերում ես, ու ներկայացման հաջողված լինելն էապես կախված է խաղիցդ:
– Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Ամենամեծ ձեռքբերումս է ընտանիքս, զավակներս և տարիների ընթացքում ձեռք բերած խոհեմությունս… խորը մտածելը, կշռադատելը, ինձ արդեն դժվար է խաբել:
-Ո՞րն է բոլոր ժամանակների սիրելի մեջբերումը: Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:
-Այո, ունեմ՝ ամենաբարդ իրավիճակներում մարդ մնալ:
-Եթե ոչ դերասանուհի, ապա ի՞նչ:
-Երևի երգչուհի, բայց, անշուշտ, արվեստից հեռու չեմ կարող լինել:
Հարցազրույցը՝ Էլիզա Բալայանի
Լուսանկարները՝ Մարտիրոսյանի «Ֆեյսբուք»-ի էջից