«Գյուղատնտեսությունից մի երկու բառ խոսելուց հետո «տոռմուզ» է լինում, որովհետև ոչինչ չեն հասկանում». Սարգիս Սեդրակյան
«Կառավարության նախկին ծրագրում Նիկոլ Փաշինյանը գրել էր, թե նախատեսում են գյուղատնտեսության ոլորտում հեղափոխություն անել: Գյուղատնտեսությունը երկրի հիմնական զարգացման ուղղություններից մեկն էր: Այս ընթացքում ունեցանք երկու գյուղնախարար, բայց հեղափոխությունը չտեսանք: Կարելի է ասել՝ շարունակվեց այն, ինչ տարվում էր նախկին իշխանությունների ժամանակ: Ինչ վերաբերում է Կառավարության նոր ծրագրին, ապա գյուղատնտեսությունը դուրս է մղվել զարգացման հիմնական ուղղություններից, ինչը շատ սխալ է: Խոսում են գյուղատնտեսության արդյունավետության մասին, բայց դա դեկլարատիվ բնույթ է կրում:
Չկա հստակություն: Գրել են մեքենատրակտորային պարկերի մասին: Նախկին իշխանություններն էլ էին գրել նման պարկի ստեղծման մասին: Ասում էին, որ 2017թ. աշնանացանի հետ միասին՝ կլինի մեքենատրակտորային պարկերի պիլոտային ծրագիր: Այսինքն, մի քիչ հստակություն էր մտցրած, բայց այդպես էլ ոչինչ տեղի չունեցավ: Հիմա էլ է գրված: Ախր, եթե ուզում եք իրոք հեղափոխություն լինի գյուղերի մասշտաբով, ամեն մարզում փորձնական մեկ կամ երկու գյուղտեխնիկա տարեք, որոնք մատչելի սակագներով գյուղացիների համար ծառայություններ կմատուցեն՝ վար ու ցանք կանեն, և այլն: Հստակություն չկա ծրագրում:
Օդի մեջ բարի ցանկություններ են: Կոնկրետ թող գրեն՝ ասենք, Շիրակի մարզում նախատեսվում է նման ծրագիր իրականացնել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ն. Փաշինյանի հեղափոխական կառավարության գործունեությանը և ներկայացված բյուջեի նախագծին՝ ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
«Կառավարությունը ծրագրում անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ: Նախ՝ ոչ թե 1/3 է, այլ կեսից ավելին: Երկրում նախորդ տարիներին վարվել է սխալ քաղաքականություն, ինչի հետևանքով հողերը դեգրադացել, դարձել են անմշակ: Հիմա, եթե հստակություն է մտցնում, թող գրեն՝ օրինակ, Գեղարքունիքի մարզում նախատեսում ենք այս թվին այսքան հեկտար անմշակ, դեգրադացված հող «ռեկուլտիվացիա» անել, վերածել մշակելի, նորմալ հողերի: Եվ, հետո, ինչպե՞ս պետք է դարձնել նորմալ հող:
Կոմունիստների ժամանակ, երբ քարքարոտ հողերը վարելահողերի վերածելիս ուղղակի քարերը դաշտերից հանում էին, կույտ սարքում, հիմա կան ժամանակակից մեքենաներ, որոնք այդ քարերն աղում են, փռում դաշտի մակերեսին: Այսինքն, սրանից հետո ցանկացած գյուղատնտեսական մեքենա անվնաս կարող է աշխատել»,- նշեց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը:
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում ևս մեկ ռազմավարական նպատակին, այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, ինչպես էլեկտրամատակարարումը, Սարգիս Սեդրակյանը նկատեց.
«Մայր ջուրը, որ գալիս է, ճանապարհին հսկայական կորուստ է լինում: Տեղեր կան, որ կորուստը հասնում է մինչև 80 տոկոսի: Ի՞նչ է այդ ուղղությամբ մշակվում, ծրագրում չի ասվում: Հետո, ջուրը հասավ գյուղացու հողատարածք: Խոսում են կաթիլային ոռոգման մասին: Նախ առաջին՝ կաթիլային ոռոգումը ոչ բոլոր բույսերի համար են օգտագործում: Երկրորդ՝ կաթիլային ոռոգման համար սարքավորումներ են անհրաժեշտ, ինչը մեծ ծախսերի հետ է կապված: Գյուղացիների մեծ մասը վարկի ու պարտքի տակ խրված է ու դա ի վիճակի չի անել: Երրորդ՝ գյուղացիների մոտ մտավախություն կա: Ասենք թե՝ սարքավորումը բերեց դաշտ, կարող է գիշերը գան, գողանան խողովակները, և այլն: Ոչ մի խոսք չկա նաև ոռոգման ջրի մաքուր լինելու մասին: Ինչ զիբիլ ասես՝ ջրի հետ գալիս է, խցանում է լինում, պետք է հատուկ մարդ լինի, որ անցքերն անընդհատ մաքրի»:
Խոսելով տեղական սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման կառավարության ծրագրի մասին՝ «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահն ասաց.
«Կոմունիստների ժամանակ կային սերմնաբուծական կայաններ, որտեղ գիտնականները փորձարկումներ էին անում, նոր սորտեր էին ստեղծում: Հիմա ավերել են, Գյումրիում ու Սյունիքում է մնացել: Լավ ցանկություն է, բայց արդյո՞ք մարդիկ կզբաղվեն: Եթե Գյուղնախարարությունը վերացնում է, ապա Առողջապահության նախարարությո՞ւնը պետք է զբաղվի դրանով: Մի տեսակ անորոշություն է: Նախկինները կոռումպացված, հղփացած էին, սրանք էլ կրթված անգրագետների հավաքածու են: Մեծամիտ են, փորձառուներին չեն հարցնում, իրենք ամենագետ են:
Նախարարը պետք է լինի գյուղատնտեսությունից հասկացող մարդ, որ սրտացավ լինի: Գյուղնախարարությունում կարելի էր որոշ հաստիքներ կրճատել: ՀՀԿ-ի ժամանակ իրենց ծանոթներին տեղավորել էին, որոնք մասնագետ չէին, օգուտ չէին տալիս, բայց բյուջեից գումար էին ստանում: Նմաններին կարելի էր կրճատել, ոչ թե մի ամբողջ նախարարություն: Գյուղատնտեսությունից մի երկու բառ խոսելուց հետո «տոռմուզ» է լինում, որովհետև ոչինչ չեն հասկանում»:
Անի Կարապետյան