Շուկայի 70-80 տոկոսը մոնոպոլիզացվեց՝ անցնելով 1-3 օնլայն տաքսիների
«Տաքսի ծառայությունների միությունը 13 տարվա ընթացքում ոչ մի անգամ ցույց չի կազմակերպել, բայց դա չի նշանակում, թե բողոքելու հարց չի եղել: Երկար տարիներ նամակներ գրելով, քննարկումների միջոցով փորձել ենք պահպանել շուկայական հարաբերությունների իրավիճակն այդ ոլորտում: Ցավոք, վերջին չորս տարվա ընթացքում շուկայի 70-80 տոկոսը մոնոպոլիզացվեց՝ անցնելով 1-3 օնլայն տաքսիների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
Նրա խոսքով՝ դա ավելի շատ մոլորեցնելու համար է, քանի որ տաքսին առցանց ընդհանրապես չի կարող լինել: «Այն, միջազգային նորմերից ելնելով, հակասում է ՀՀ ընդունած օրենքներից մեկին, որը կոչվում է «Չափումների միասնականությունն ապահովող օրենք», որտեղ 13-րդ հոդվածում նշված է, որ բոլոր առևտրային գործարքներում, որտեղ կա չափման մեծություն, պետք է առկա լինի չափման միջոց, իսկ դրանք այն սարքերն են, որոնց միջոցով պետությունը պատասխանատու է դառնում գնորդի ու վաճառողի մոտ, որ մեկը մյուսին այդ գործարքում չի խաբի:
Դրանք հոսանքի, գազի, ջրի հաշվիչներն են, կշեռքները: Այդ շարքին են դասվում նաև տաքսիների հաշվիչները, որոնք ստուգաչափվող սարքեր են, տարին մեկ անգամ Չափագիտության ազգային ինստիտուտում անցնում են ստուգաչափում, իսկ հեռախոսն ու դյուրակիր համակարգիչները չեն կարող լինել չափման միջոցներ: Այստեղ օրենքի կոպիտ խախտում կա: Պատկան մարմինների համար կուզեի նաև հաղորդագրություն տալ հանցագործության մասին. հանցագործություն կա՝ Չափագիտության ազգային ինստիտուտն անօրինական թղթավաճառությամբ է զբաղվում և տեղեկանքներ է տրամադրում ոչ թե հաշվիչ ունեցող մեքենաներին, այլ ուղղակի հեռախոս տեղադրած մեքենային: Դա օրենքի կոպիտ խախտում է»:
Ինչ վերաբերում է տաքսու ոլորտին, ապա Վահագն Սահակյանը համոզված է, որ օնլայն տաքսիները բոլորը «մեկ տանիքի տակ են»: «Բայց եթե անգամ ես սխալվում եմ՝ մոնոպոլիայից վատ բան էլ է լինում, երբ 2-3 ընկերություն միմյանց հետ պայմանավորվելով՝ իրենց բիզնեսի օգտին սկսում են ծառայություն մատուցել: Երբ շուկայում հայտնվեց Yandex տաքսին՝ ես հայտարարեցի, որ անհեթեթություն է, չի կարող հարկեր վճարող տաքսին աշխատել 100 դրամից սկսած գնով: Ղեկավարությունը հետո ամեն պատվերի համար ևս 400 դրամ իր գրպանից էր տալիս, այսինքն, կոպտորեն խախտում էին Հայաստանի հակամենաշնորհային օրենքները, դեմպինգի էին ենթարկում օրենքի դաշտում աշխատող տաքսի ծառայություններին: Այսօր Հայաստանում աշխատում են մոտ 50.000 տաքսի մեքենաներ: Մոտ 40.000-ն աշխատում է Երևանում: Տաքսի ծառայություններն ամեն մի մեքենայի համար որպես հարկ վճարում են 9100 դրամ և ամեն աշխատողի համար նվազագույնը 18.000 դրամ՝ որպես եկամտային հարկ: Շատ դեպքերում հարկային տեսչությունը պահանջում է, որ գրանցեն նաև երկրորդ վարորդին, որովհետև հնարավոր չէ, որ մեկ վարորդն ամեն օր ծանրաբեռնված ռեժիմով աշխատի: Այս դեպքում հարկերը հասնում են մոտ 50.000-ի: Իսկ դաշտում աշխատող օնլայն տաքսիների վճարները տարբերվում են:
«Յու տաքսիի» պատասխանատուներից մեկը նախարարությունում հայտարարեց, որ ունեն գրանցված 10.000 մեքենա, և 15 միլիոն դրամ հարկ են վճարում ամեն ամիս, այն դեպքում, որ մինիմումը 300 միլիոն պետք է վճարեին: Իրենք խուսափում են նաև 1000-ական դրամները վճարելուց՝ զինվորի համար»,- ասաց նա:
Անի Կարապետյան