Բաժիններ՝

Հռոմի պապը Աբու Դաբի այցի ընթացքում հանդիպում է ունեցել ԱՄԷ-ի ղեկավարության հետ

Ֆրանցիսկոս պապը Արաբական թերակղզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պատմության մեջ առաջին այցի ընթացքում հանդիպում է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության հետ: Այդ մասին հայտնելէ Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը մասնակցել են Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայյանը, ԱՄԷ-ի փոխնախագահ եւ վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը եւ Էմիրությունների այլ պաշտոնատարներ: Հանդիպման ընթացքում ԱՄԷ-ի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ Հռոմի պապի այցը կնպաստի «երկխոսության ու մարդկային եղբայրության, գոյակցության, համագործակցության եւ բոլոր ժողովուրդների միջեւ հարգանքի արժեքների ամրապնդմանը»:

Նաեւ փետրվարի 4-ին պլանավորված է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հանդիպումը Ալ Ազհար հեղինակավոր իսլամական համալսարանի ղեկավար շեյխ Ահմադ աթ Թեյիբի եւ մուսուլմանական այլ կրոնական գործիչների հետ: Հանդիպումը կկայանա Աբու Դաբիում հատուկ կազմակերպված Մարդկային եղբայրությանը նվիրված գլոբալ խորհրդաժողովի շրջանակներում, որին կրոնական ու հասարակական ղեկավարներ են հրավիրված ամբողջ աշխարհից:

ԱՄԷ Ֆրանցիսկոս պապի այցը կավարտվի փետրվարի 5-ին Աբու Դաբիի Zayed Sports City Stadium մարզադաշտում պատարագի մատուցմամբ, որին, ինչպես սպասվում է, ներկա կլինի մոտավորապես 135 հազար մարդ: ԱՄԷ-ում 2019 թվականը պաշտոնապես հայտարարված է Հանդուրժողության տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս