«Ուզում ենք, որ գա ու մեզ նման ցեխը տրորելով գնա». Դվինի բնակիչները մարզպետին են կանչում

Արարատի մարզի Դվին համայնքի թվով 600 բնակիչներ հավաքվել են ու պատրաստվում են ճանապարհ փակել:

«Դվինում ճանապարհ կա, որը կապում է մի քանի գյուղեր: 30-40 տարի առաջ են կառուցել: Անցած տարի ճանապարհի գծագիրն արեցին, որ ուղարկեն Համաշխարհային բանկ ու գումար հատկացնեն: Մեր տեղեկություններով, այդ հատկացումը եղել է, բայց լուրը եկավ-հասավ, որ մեր ճանապարհը չեն սարքում, այսինքն՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Որտեղ որ գյուղապետը հզոր է, կապեր ունի վերևների հետ, այդ գյուղերի ճանապարհները սարքում են, իսկ մերը մնում ու մնում է: Երեխաները դպրոց գնալու հնարավորություն չունեն: Դուրս են գալիս, չգիտեն՝ աջ գնա՞ն, թե՞ ձախ: Հերթապահ մեքենա չլինի, որը երեխաներին տանում է դպրոց, չեն կարողանա գնալ: Եկեղեցի կա գյուղում, բայց մարդ չի գնում, որովհետև ճանապարհ չկա:

Մարզպետին հրավիրում ենք՝ չի գալիս այստեղ: Ուզում ենք, որ գա ու մեզ նման ցեխը տրորելով գնա: Ժողովուրդը կրկնակոշիկով է գալիս կանգառ: Այդպես 100 տարի առաջ է եղել: Ճանապարհի վրա մի տուն կա՝ սարքել են հանդերձարան: Կոշիկները թողնում, գնում են քաղաք աշխատանքի, հետ են գալիս, կոշիկները վերցնում են, հատկապես, եթե անձրև է: Այս կարգն է մեզ մոտ, իսկ մարզպետը չի բարեհաճում գա: Մոտ մեկ ժամ կսպասենք նրան, եթե չէ՝ գնում ենք մայրուղին փակելու: Մեր առաջին քայլը մարզպետին այստեղ դիմավորելն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դվինի բնակիչներից Մուրադ Բադալյանը:

Նա տեղեկացրեց, որ Դվին համայնքի ղեկավարը գնացել է մարզպետի մոտ, իսկ իրենք չեն գնալու, չնայած չորս հոգու կանչել են:

Կարդացեք նաև

Անի Կարապետյան

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Տեսանյութեր

Լրահոս