Ռազմիկը Դավոյանը դեռևս նախորդ իշխանություններին իր գրած խոսքերն էր առաջարկել հիմնի համար
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտադիր է քննարկումներ իրականացնել Հայաստանի հիմնը փոխելու վերաբերյալ։ Բացի քննարկումներ նախաձեռնելուց, ԱԺ փոխնախագահն առաջարկում է հիմնի իր տարբերակը, այն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և բանաստեղծ Սարմենի խոսքերով գրված՝ Խորհրդային Հայաստանի հիմնն է։ Այս հարցը, ինչպես պնդում է Ա. Սիմոնյանը, նա դեռ չի քննարկել իր քաղաքական թիմի հետ, ուստի նա պատրաստվում է նման քննարկում ունենալ նաև նրանց հետ։
Հիշեցնենք, որ օրհներգը փոխելու նախաձեռնություններ նախկինում ևս եղել են, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել։
Բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կարծիքով՝ հիմնը անպայման պետք է փոխվի, ավելին՝ ինքը նախորդ իշխանություններին առաջարկել է, որպեսզի վերադառնան Արամ Խաչատրյանի երաժշտությանը՝ նոր տեքստով։
«Տեքստը ես գրել էի, որն արժանացել էր Հովհաննես Չեքիջյանի և այլ կոմպոզիտորների հավանությանը, սակայն այն այդպես էլ մնաց։ Հետո հետաքրքրվեցի, թե ինչու որևէ տեղաշարժ չկա, ինչու քայլեր չեն ձեռնարկում փոփոխությանը գնալու համար, իշխանության ներկայացուցիչներն ինձ պատասխանեցին, որ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ օրհներգն Առաջին Հանրապետության օրհներգն է եղել, և եթե այն այսօր ընդունեն, կարող է սփյուռքը լուրջ դժգոհություններ արտահայտել, որից հետո տեքստն այդպես էլ մնաց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռազմիկ Դավոյանը։
Ըստ նրա, արժե, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը և իր գրած տեքստը դառնա Հայաստանի հիմնը։
Հարցին, քանի որ այժմ կրկին քննարկվում է հիմնը փոխելու խնդիրը, հնարավո՞ր է՝ իր տարբերակն առաջարկի նաև նոր իշխանություններին, Ռազմիկ Դավոյանը պատասխանեց, որ խնդիրը միշտ դրվում է հետևյալ կերպ.
«Եթե իշխանությունները ցանկություն ունենան, ուրեմն կունենան նաև լսելու կարողություն, իսկ լսելու ցանկություն չունենալու դեպքում, ինչ ուզում ես՝ առաջարկի, նա չի ուզի։ Եթե, օրինակ՝ նոր իշխանություններից ԿԳ նախարարը և Մշակույթի նախկին նախարարը ցանկություն ունենան կարդալու իմ գրած տեքստը, ապա այն իմ համակարգչում է, կարող են ունենալ։ Չմտածեք, թե ինձ եմ գովում, բայց այդ տեքստն իր մեջ ուժ ունի և նպատակային ուղղորդված տեքստ է։ Այն, ինչ առաջարկում են, օրինակ՝ Չարենցի բանաստեղծությունը, չի կարող լինել Հայաստանի հիմնը»:
Գրականագետ, հրապարակախոս Աելիտա Դոլուխանյանի կարծիքով՝ որպես ՀՀ օրհներգ՝ Արամ Խաչատրյանի գրած երաժշտությունն անփոխարինելի է։
«Արամ Խաչատրյանն աշխարհի շատ երկրներում համարվում է 20-րդ դարի կոմպոզիտորը, այսինքն՝ այնքան տաղանդավոր է, որ համարվում է նախորդ դարի լավագույնը։ Սա տեսել եմ Եվրոպայի տարբեր երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Այլ հարց է օրհներգի բնագիրը, սա բավականին բարդ խնդիր է, քանի որ պետք է գտնել այնպիսի բնագիր, որը համահունչ կլինի խաչատրյանական երաժշտությանը, բնագրի հատվածը շատ կարևոր է»,- ասաց Ա. Դոլուխանյանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե օրհներգի բնագրի համար լավ տարբերակ է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, Աելիտա Դոլուխանյանը նկատեց, որ Չարենցի այս բանաստեղծությունը հանճարեղ է, բայց այն չի կարող օրհներգ դառնալ։
«Հիմնը պետք է մարտական լինի, Չարենցի բանաստեղծությունը երկու մաս ունի ու հրաշք ստեղծագործություն է, որի առաջին հատվածը բավականին տխուր է, մեր անցյալի տխուր փաստերն են գալիս։ Հիմնը առաջ նայող երևույթ է, այն պետք է մարտական լինի»,- շեշտեց Աելիտա Դոլուխանյանը։
Նշենք, որ ՀՀ ներկայիս օրհներգը՝ «Մեր Հայրենիքը», որի խոսքերը վերցված են Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի, հաստատվել է 1991 թվականին՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից, իսկ արդեն 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության մասին» ՀՀ օրենքը։
Զվարթ Խաչատրյան