Բաժիններ՝

Վահագն Հարությունյանի գործով դատարանը կեղծիք է կատարել. փաստաբան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, սկսել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած բողոքի քննությունը: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 1-ին։

Հիշեցնենք, որ նրա նկամամբ կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը բավարարվել էր  2018թ. դեկտեմբերի 30-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում,  առանց պաշտպանական կողմի մասնակցության։

Պաշտպան Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ ինքը պատշաճ ծանուցված չի եղել նիստի օրվա և ժամի վերաբերյալ, իսկ առանց պաշտպանական կողմի մասնակցության նիստի անցկացումը կոպտագույն խախտում է։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում  փաստաբանի մասնակցությունը հհետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարանում քննարկելիս, եթե գործով կա ներգրավված պաշտպան։

Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանում տեղի ունեցած առաջին նիստի ժամանակ բացահայտել է ընդհանուր իրավասության դատարանի կողմից կատարված մեկ այլ կեղծիք։

«Վերաքննիչ դատարանում ծանոթացա, թե  իբր, գործում առկա է հեռախոսագիր այն մասին, որ ինձ հետ փորձել են կապվել, և ես չեմ պատասխանել հեռախոսազանգին»,- «Փաստինֆո»-ին ասաց Միհրան Պողոսյանը։

Վերջինս փաստեց, որ դա ակնհայտ կեղծիք է, ապա նաեւ հավելեց, որ եթե անգամ փորձեին հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել իր հետ  և ինքը հեռախոսազանգերին չպատասխաներ, ապա իրավական առումով դա որևէ նշանակություն չէր ունենա, քանի որ դա չի կարելի համարել պատշաճ ծանուցել  նիստի մասին:

«Դատարանը կեղծիքի է գնացել, ու իմ վստահորդի հետ քննարկելուց հետո մենք գործողություններ ենք իրականացնելու՝ ընդհուպ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցակազմի առկայության հիմքով հաղորդում ներկայացնելը Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի պարզվի, թե այդ իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթուղթն ով է դրել շրջանառության մեջ»,- ասաց նա:

Նշենք, որ փաստաբանը նաեւ գրավոր դիմել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2–ին։ Սակայն դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը, ինչից հետո ՀՔԾ-ն հանդես եկավ մեղադրանքը խստացնելու նախաձեռնությամբ եւ նա որպես մեղադրյալ  ներգրավվեց նաեւ ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս