
Google+ սոցցանցը կսկսեն փակել ապրիլի 2-ից

Google կորպորացիան հայտարարել է, որ իր Google+ սոցիալական ցանցը, որն այդպես էլ չկարողացավ տարածում գտնել օգտատերերի շրջանում, կսկսի փակել արդեն ապրիլի 2-ից: Այդ մասին ասված է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում:
«Ապրիլի 2-ին ձեր Google+ օգտահաշիվը եւ ձեր կողմից ստեղծված բոլոր էջերը կդադարեն աշխատել, եւ մենք կսկսենք հեռացնել դրանցում եղած բոլոր տվյալները»,-նշվում է հայտարարության մեջ, որը հասցեագրված է անվճար ոչ կորպորատիվ հաշվեգրանցումների սեփականատերերին: Դրանում ասված է, որ օգտատերերի բոլոր լուսանկարները եւ տեսանյութերը Google+-ի ալբոմներից նույնպես կհեռացվեն: Բոլոր ցանկացողները կկարողանան ներբեռնել եւ պահպանել իրենց կոնտենտը, սակայն դա անհրաժեշտ է անել մինչեւ նշված ամսաթիվը:
Google+-ը այլ կայքերում մեկնաբանություների համար օգտագործելը նույնպես հնարավոր չի լինի: Սկսած ապրիլի 2-ից՝ բոլոր մեկաբանությունները, որոնք արվել են սոցցանցի օգտահաշիվի օգտագործմամբ, նույնպես կսկսեն հեռացնել: Ընկերությունում նշում են, որ կոնտենտի ամբողջական հեռացումը կտեւի մի քանի ամիս, ուստի տվյալների մի մասը կարող Է ժամանակավորապես հասանելի լինել նաեւ ապրիլից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: