Բաժիններ՝

Արդյո՞ք Սուարեսի տեղափոխությունը կվնասի Մխիթարյանին. կարծիքներ

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դենիս Սուարեսն առաջիկա 2.5 տարիների ընթացքում վարձավճարով հանդես կգա Լոնդոնի «Արսենալում»: Այս տեղափոխությունը քննարկվում էր արդեն մեկ ամսից ավելի: Պարբերականները գրում էին, որ Սուարեսի տեղափոխությունը կնշանակի, որ «Արսենալի» կիսապաշտպաններից մեկը պարզապես դուրս կմնա խաղից: Տեղափոխության առաջին իսկ շշուկներից հետո The Sun-ը գրեց, որ Դենիս Սուարեսը գալիս է փոխարինելու Հենրիխ Մխիթարյանին, և վերջինս կլքի ակումբը:

Որոշ ժամանակ անց Մխիթարյանի տեղափոխության լուրերը համեմատաբար նահանջեցին, քանի որ հայտնի դարձավ, որ Ունայի Էմերին և կիսապաշտպան Մեսութ Օզիլը որոշ տարաձայնություններ ունեն, և Օզիլի հեռանալն ավելի հավանական է:

Ամեն դեպքում, հայ երկրպագուներն անհանգստացած են, որ Սուարեսը Մխիթարյանին դուրս կթողնի եթե ոչ՝ ակումբից, ապա՝ մեկնարկային կազմից: Երկրպագուները կարծում են, որ Մխիթարյանն ու Սուարեսը միասին չեն կարողանա լինել մեկնարկային կազմում: Մխիթարյանի տեղափոխությունից առաջ էլ կային նման խոսակցություններ, որ Մխիթարյանն ու Օզիլը չեն կարող միևնույն ժամանակ լինել դաշտում, սակայն Ունայի Էմերին գտավ տարբերակ:

Ի՞նչ փոփոխություններ կբերի լոնդոնյան ակումբ Սուարեսը, կխանգարի՞ Մխիթարյանին, թե՞ կստեղծի օգտակար մրցակցություն:

Կարդացեք նաև

Դավիթ Մարտիրոսյանլրագրող

«Դենիս Սուարեսն իսկապես շատ տաղանդավոր ու բազմակողմանի ֆուտբոլիստ է։ Չնայած, որ վերջին շրջանում «Բարսայի» կազմում ոչ միշտ էինք նրան տեսնում: Դա էլ երևի պայմանավորված է նրանով, որ մրցակցությունը կատալոնական ակումբում անչափ մեծ է, հենց այն դիրքում, որտեղ նա խաղում է։ Կարծում եմ, որ «Արսենալում» Սուարեսը կկարողանա իրեն իր հնարավորությունների առավելագույնով դրսևորել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք նա կխանգարի Մխիթարյանին՝ մեկնարկային կազմում ընդրգկվել-չընդգրկվելու հարցում, պատասխանելը բարդ է։ Ամեն դեպքում Սուարեսը խաղում է ճիշտ նույն դիրքերում, որտեղ Մխիթարյանը, անխոս, բարդ մրցակցություն է լինելու։ Բայց կարծում եմ, որ Սուարեսի ու Մխիթարյանի նման ֆուտբոլիստների ներկայությունն Ունայի Էմերիի համար ընտրության ավելի բազմակողմանի հնարավորություն կընձեռի»։

Միհրան Ալեքսանյանլրագրող

«Անկեղծ ասած, մի փոքր անհասկանալի է Դենիս Սուարեսին ձեռք բերելու որոշումը: Կարծում եմ՝ Էմերիի և Օզիլի միջև առկա տարաձայնություններն են պատճառը, որ այս տրանսֆերը կայացավ: Կարելի է ասել, Սուարեսի տեղափոխությունից հետո ավելի շատ պետք է անհանգստանա Օզիլը, քան Մխիթարյանը: Վերջինս Օզիլից և, երևի թե, նաև Սուարեսից ավելի լավ կարող է համատեղել հարձակողական և պաշտպանողական գործողությունները: Դա Հենրիխի համար մեծ առավելություն է: Խաղային դիրքի առումով էլ: Օզիլը շատ լավ է խաղում միայն 10 համարի դիրքում: 4-3-3-ի դեպքում շանս կստանան Մխիթարյանն ու Սուարեսը: Իսպանացին նույնիսկ կարող է 3 կենտրոնական կիսապաշտպաններից մեկը լինել: Ժամանակակից ֆուտբոլում դժվար է միշտ միևնույն սխեմայով, դասավորությամբ և տակտիկայով խաղալը:

Բացի այդ, «Արսենալը» մասնակցում է նաև Եվրոպա լիգային, որտեղ, կարծում եմ՝ պարտավոր է առնվազն եզրափակիչ հասնելու նպատակ դնել: Այդ դեպքում կազմի խորությունը մեծ օգուտ կլինի: Կարծում եմ, որ մրցաշրջանի մնացած հատվածը կարող է վճռորոշ լինել Մխիթարյանի համար, և մեր ազգային ընտրանու ավագը պետք է նորից ապացուցի, որ արժանի է «Արսենալում» խաղալուն: Մրցակցությունը մեծանում է. Նույնիսկ Օբամեյանգն ու Լակազետն են երբեմն խաղում եզրերում: Օզիլ, Սուարես, Իվոբի, Մխիթարյան, ինչպես նաև երիտասարդները: 3 կենտրոնական պաշտպանով խաղի դեպքում հնարավոր է՝ նույնիսկ Մխիթարյանն ու Օզիլը մնան պահեստայինների նստարանին»:

Արման Աբելյանլրագրող

«Եթե Դուք հանդես եք գալիս եվրոպական լավագույն ակումբներից մեկում, ապա միշտ պետք է պատրաստ լինեք, որ լուրջ մրցակցության եք հանդիպելու։ Նույնն էլ Մխիթարյանի պարագայում է։ Արտառոց ոչ մի բան չկա նրանում, որ «Արսենալն» ուժեղացնում է իր կազմը։ Հարկավոր է աշխատել ավելի քրտնաջան, որպեսզի մարզչական շտաբին ապացուցես հիմնական կազմում հայտնվելու քո արժանիությունը։ «Մանչեսթեր Սիթին» էլ ամռանը հրավիրել էր Ռիյադ Մահրեզին, թեև աջ եզրում ուներ Ռահիմ Սթերլինգի պես եզրայինի։ Կազմի խորությունը շատ կարևոր է մարզչի համար։ Ինչ վերաբերում է զուտ խաղային գործոնին, ապա Հենրիխը վերջին շրջանում համարյա մշտապես հանդես է գալիս՝ որպես աջ եզրային կիսապաշտպան։ Սուարեսին հրավիրելն ավելի շատ միտված է հաջորդ մրցաշրջանում փոխարինելու Աարոն Ռեմսիին, որը հեռանալու է։ Լոնդոնյան ակումբում մտքում ունեն նաև Մեսութ Օզիլի հավանական հրաժեշտը, քանի որ վերջինս կարծես պատրաստ չէ կատարելու այն դերը, որ իր համար պատկերացնում է Ունայի Էմերին։ Սուարեսը կարող է խաղալ՝ ինչպես կիսապաշտպանության կենտրոնում, այնպես էլ՝ ձախ եզրում։ Եզրում ելույթ ունենալու դեպքում նա կմրցակցի հիմնականում Աարոն Ռեմսիի (այս մրցաշրջանում) և Ալեքս Իվոբիի հետ։ Վերջինս ունիվերսալ է և կարող է աջ թևում էլ մրցակցություն ապահովել Մխիթարյանի հետ։ Էմերին հաճախ խաղում է 2 հարձակվողներով, սակայն, եթե որոշ հանդիպումներում նախընտրի Օբամեյանգ-Լակազետ զույգից որևէ մեկին ուղարկել եզր, ապա վինգերներից մեկը ստիպված կլինի մնալ պահեստայինների նստարանին»։

Էդուարդ Քալանթարյանլրագրող

«Չգիտեմ` ինչու են հայ ֆուտբոլասերներն այդքան անհանգստացած Դենիս Սուարեսի` «Արսենալ» տեղափոխությամբ: Նախ, որտեղի՞ց համոզմունքը, որ իսպանացին գնացել է հենց Մխիթարյանի փոխարեն խաղալու համար: Առավելագույնը, ինչ կարող է անել Սուարեսը Լոնդոնում, կիսապաշտպանությունում մրցակցություն ապահովելն է: Բայց դա էլ է հարաբերական, քանի որ ոչ ոք երաշխիք չունի, որ նա «Արսենալում» կհարմարվի: Սուարեսը բավականին լավ տեխնիկայով ֆուտբոլիստ է, ոչ ավելին: Նա ոչ մի դեպքում «Արսենալի» համար 2-րդ Ֆաբրեգաս չի դառնա: Հետևաբար՝ պետք չէ նրա տրանսֆերը Մխիթարյանի համար որպես դատավճիռ դիտարկել: Իսկ ավելորդ մրցակցությունը դիրքի համար հիմա հենց այն է, ինչ մեր հավաքականի ավագին պետք է: Միայն այդպես նա վնասվածքից հետո կարող է վերադարձնել իր տեղը դաշտում»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս