
«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման». Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի կիսում այն տեսակետը, թե ԱԱԾ-ն պետք է վերածվի նախարարության, սակայն քաղաքական այդպիսի որոշման դեպքում պատրաստ է ենթարկվել դրան:
«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման: Եթե կլինի քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ես, իհարկե, պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ուզում եմ ասել, որ ամեն դեպքում նախարարը քաղաքական պաշտոն է, և, եթե ԱԱԾ-ի նախարարը լինի քաղաքական գործիչ և զբաղվի քաղաքականությամբ, փորձելու է ուզած-չուզած առաջ տանել իրենց քաղաքական ուժի տեսակետները, և ԱԱԾ-ն քաղաքականացվելու է»,- ասաց Վանեցյանը:
Վանեցյանն անդրադարձավ նաև իր ղեկավարած կառույցի հաշվետվողականության հարցին:
«Կարծում եմ, հատկապես իմ նշանակվելուց հետո որևէ մեկի մոտ չի առաջացել այնպիսի խնդիր, որ որևէ հարցով դիմեն մեզ ու պատասխան չստանան: Այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին, վերացված է, իհարկե, եթե այդ հարցը չի պարունակում որևէ գաղտնիք»,- նշեց Արթուր Վանեցյանը: