Թրամփը նշել է Չինաստանի հետ առևտրական գործարքի կնքման պայմանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ եզրափակիչ առեւտրական գործարքը չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ ինքը մոտ ապագայում չի հանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ։
«Չինաստանի գլխավոր առեւտրական բանակցորդներն ԱՄՆ-ում են եւ հանդիպում են մեր ներկայացուցիչների հետ: Հանդիպումները լավ են ընթանում, բարի մտադրություններով եւ երկուստեք լավ տրամադրվածությամբ: Չինաստանը չի ցանկանում բարձրացնել սակագները եւ զգում է, որ իր համար ավելի լավ կլինի, եթե կնքի գործարքը: Նրանք իրավացի են»,-գրել է Թրամփը Twitter-ում:
«Այսօր ես Ձվաձեւ աշխատասենյակում հանդիպում եմ Չինաստանի գլխավոր բանակցորդների ու ներկայացուցիչների հետ: Եզրափակիչ գործարքը չի լինի, քանի դեռ ես ու իմ ընկերը՝ նախագահ Սի Ցզինպինը, չենք հանդիպի մոտ ապագայում՝ քննարկելու եւ համաձայնության գալու մի քանի վաղեմի ու առավել բարդ կետերի շուրջ»,-հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:
Նրա խոսքով՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները փորձում են հասնել առավելագույնս ամբողջական գործարքի եւ ոչ մի չլուծված հարց չթողնել օրակարգում: «Բազմաթիվ խնդիրներից յուրաքանչյուրը քննարկվում է եւ, հուսով եմ, կլուծվի: Չինաստանի նկատմամբ սակագները 25 տոկոսով աճում են մարտի 1-ին, ուստի բոլորը տքնաջան աշխատում են, որպեսզի աշխատանքն ավարտեն մինչեւ այդ օրը»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: