Lightr. Հայկական արտադրության «խելացի» և փոքր լիցքավորիչ
2018 թվականի վերջին IndieGoGo քրաուդֆանդինգային հարթակում մեկնարկեց հերթական հայկական արտադրանքի դրամահավաքը: Փոքր, կոմպակտ, հարմարավետ և խելացի Lightr լիցքավորման սարքը 2 օրում կարողացավ հատել նախատեսված սահմանագիծը:
Lightr-ի ներկայացուցիչ Արմեն Այվազյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ դրամահավաքը ամփոփվեց մոտ 20500 դոլար ընդհանուր եկամտով.
«Չեմ ուզում չափազանցնեմ՝ ասելով, որ ավելի լավ չէր կարող լինել: Իհա՛րկե կարող էր: Բայց հենց մեր էջում մենք մեր նվազագույն նպատակակետը որոշել էինք 10000 դոլար, որը երկու անգամ գերազանցելը, իմ կարծիքով, արդեն իսկ լավ արդյունք է»:
Հայկական խելացի power-bank-ը նախատեսված է սմարթֆոնների, նոութբուքերի և պլանշետների լիցքավորման համար: Սմարթֆոնները լիցքավորման սարքի միջոցով կարող են լիցքավորվել մինչև 100 %-ով:
Արտադրանքում զուգահեռ տեղադրվելու են 750 մմ տրամաչափի երկու մարտկոցներ` կազմելով ընդամենը 1500 մԱ·ժ:
Lightr-ը լիցքավորում է գադջետը՝ առանց լրացուցիչ լարերի: Այն չափսերով շատ հարմար է, այնպես որ, կարելի է հանգիստ օգտագործել լիցքավորման ընթացքում:
Lightr-ն ապահովում է բոլոր տեսակի USB-C սմարթֆոնների, պլանշետների և նոութբուքերի աշխատանքը, ներառյալ՝ USB-C, Micro USB և Apple Lightning միացումները: Այս մագնիսային միացումներն անվտանգ են, և այլ մագնիսական իրերի, օրինակ՝ բանկային քարտերի հետ շփվելիս՝ չեն վնասի դրանք:
«Խելացի» լիցքավորիչը կապում է հատուկ բջջային հավելվածին Bluetooth-ի միջոցով, որը թույլ է տալիս ստուգել ձեր Lightr սարքի լիցքավորման մակարդակը և, երբ լիցքավորումն ավարտվում է, կարող եք տեսնել ծանուցումը հեռախոսի էկրանին:
Բացի այդ, սարքավորումը վերլուծում է ձեր հեռախոսի օգտագործման սովորությունների վերաբերյալ տվյալները: Վերլուծության համար սարքավորումը հավաքում է միայն լիցքավորման տոկոսի և մարտկոցի ծանրաբեռնվածության մասին տվյալներ: Սարքավորումը կապված չէ ամպային պլատֆորմի հետ, տվյալները չեն մնում, չեն հավաքվում ընդհանուր կենտրոնացված համակարգում և չեն կարող հասանելի լինել հեղինակների կամ հասարակության համար: Եթե ձեր հեռախոսը կարիք չունի միանալու Lightr-ին, Bluetooth-ն ավտոմատ կերպով անցնում է «Sleep» ռեժիմին՝ կասեցնելով լրացուցիչ էներգիայի կորուստը:
Ընկերությունում նշում են, որ Lightr-ը պատրաստվում է ժամանակակից տեխնոլոգիաներով և տարիների փորձով: Այս սարքի յուրաքանչյուր դետալ մշակվել է ամիսների հետազոտությունից հետո: Lightr-ի երկու մարտկոցներն ունեն առանձին ինտեգրված անվտանգության չիպեր: PCB-ն մշակվում է ամենաժամանակակից և առաջադեմ բաղադրիչներով և համակարգերով: Lightr-ը չի կարող վնասվել կարճ միացումների, շատ կամ քիչ լիցքավորման պատճառով:
Արմեն Այվազյանը նշում է, որ փոստ-դրամահավաքային փուլի սկզբնական շրջանը որոշել էին նվիրել պրոդուկտի վերջնական փորձարկմանը:
«Հիմա արդեն, երբ ամենն արել ենք, ուզում ենք սկսել բուն արտադրությունը: Դա կտևի երկուսից երեք ամիս, որից հետո կարող եք սպասել ապրանքը ոչ միայն դրամահավաքային, այլ նաև տեղական և արտասահմանյան շուկաներում: Բայց, ինչպես ասում են, սա դեռ ամենը չէ: Ունենք, իհարկե, մեկ-երկու կաղապարային մտքեր: Ինքս զբաղվում եմ նոր մտքերի գեներացումով, կարծում եմ՝ կվերջնականացնեմ դրանք մոտ ապագայում, և կկարողանանք դրանք ևս ներմուծել շուկա»:
Ընկերությունում խոստանում են, որ լիցքավորիչի արժեքը կլինի բավականին հասանելի:
«Դրամահավաքային գինն ու շուկայականը տարբերվելու են իրարից: Ամեն ինչ կանենք, որ թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաներում սպառողը բավարարված լինի գնից»,- նշում է Արմեն Այվազյանը:
Նշենք նաև, որ լիցքավորման սարքը հասանելի է լինելու մի քանի գույներով:
Սիրարփի Աղաբաբյան