«Պարգևատրումները համաձայնեցված են եղել Կառավարության հետ». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը համոզված է, որ պետական համակարգում ողջ պարգևատրումների պատմությունն ի սկզբանե համաձայնեցված է եղել կառավարության բարձր օղակի հետ:
«Եթե ես լինեի ՊԵԿ ղեկավար, իմ մտքով ուղղակի չէր անցնի հենց այնպես մի քանի միլիոն պարգևատրում դուրս գրել իմ քարտուղարուհուն, իսկ եթե ես գիտեմ, որ ամբողջ պետական օղակում համաձայնեցված է, և բոլորը կարող են պարգևատրումներ դուրս գրել, որպեսզի մարդիկ հնարավորինս շատ գումար ստանան, ապա իմ ձեռքերը կազատվեին, և ես կշռայլեի, ինչն էլ արել են մեր պաշտոնյաները: Այո, տեղեկություն եղել է և համաձայնեցվել է, արտոնում եղել է, և մարդիկ իրենք իրենց պարգևատրել են՝ որքան սիրտներն ուզել է: Այլ հարց է, թե ով որքանով է համեստ գտնվել այս հարցում: Նույն կերպ է վարվել քաղաքապետը, որովհետև արտոնվել է: Իսկ տարեվերջին քաղաքապետը կրկնելու է պրակտիկան»,- համոզված է Դավիթ Խաժակյանը:
Ըստ նրա՝ Մարությանին չի կանգնեցնելու անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ պարգևատրումների ֆոնդը կրճատելու մասին:
«Լույս» դաշինքից Երևանի ավագանու անդամն ուղղակի հիշեցնում է Մարությանի օրոք բյուջեով մինչև 2 միլիարդի հասցրած պարգևատրումների ֆոնդը, և քաղաքապետի ստրատեգիան՝ քաղաքապետարանի երկու բյուջեներից պարգևատրումներ անելու մասով: Ըստ նրա՝ 5 մլրդ դրամ աշխատավարձի բյուջեն և 2 մլրդ նպատակային պարգևատրումների ֆոնդը սխալ համամասնությամբ են բաժանված, աշխատավարձերը վերանայել է հարկավոր, դրանք տասնյակ տարիներ մնացել են նույն դրույքաչափով, իսկ պարգևավճարների ահռելի ֆոնդը քաղաքապետին ու աշխատակազմի ղեկավարին օժտել են սուբյեկտիվ, հայեցողաբար նվիրատվություն անելու իրավունքով:
Խաժակյանը համոզված է, որ, եթե ճոխ պարգևատրումների հրամանը հասարակական ճնշման տակ չբացահայտվեր, ապա նույն կերպ կքողարկվեին հաջորդիվ բոլոր հրամանները՝ հենց այս նախադեպով և այսպես ծածուկ՝ առանց հանրության առաջ պատասխանատվություն զգալու: Շղթայական ռեակցիայով կարող էին վաղը մեկ այլ մարզպետ, քաղաքապետ և այլն, նույն կերպ չհրապարակել հանրային միջոցներից իրականացրած ծախսերը: Եվ մի ամիս անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքին հղում տալով՝ համառորեն հրապարակելով, փորձ էր արվում թաքցնել այս երկու պարգևատրման հրամանները:
«Հայկ Մարությանի «շռայլությունը» հաճոյանալու փորձ էր աշխատակիցներին, և ոչ թե՝ փորձառության պակաս»,- պարգևատրումներին անդրադառնալով՝ այսպիսի բնութագրում տվեց Դավիթ Խաժակյանը:
«Այդ բաշխմանը դեմ չէինք, բայց մենք քաղաքապետի կրկնակի պարգևատրման տրամաբանությունը չենք հասկանում: Վտանգավոր ենք համարում նաև քաղաքապետի՝ իր արձակած հրամանները թաքցնելու ստրատեգիան: Հայկ Մարությանն իրականում կրկնակի պարգևատրում է արել և քողարկեց դրա ամենակարևոր մասը՝ ինքնապաշտպանության համար՝ հատուկ կիրառված PR տեխնոլոգիայի միջոցով: Ինքը տիրապետում է այդ գործիքին: Այն, ինչ հրապարակվեց՝ արվեց խիստ կասկածելի տեսքով: Պատահական չէր ընտրված լայվի մեթոդը, ժամն ու հանգստի օրը, և փողերի չափը հրապարակելու ձևը՝ առաջին երեքը հրապարակվեց ցածր շեմի պարգևատրումը, միլիոնները և գերազանցողը՝ հարկերը հանած էր հնչեցվում, որպեսզի մարդիկ չզգային միլիոնների շեմն անցնելու այդ հոգեբանական ծանր պահը, որպեսզի հակազդեցության էֆեկտ չտար, իսկ վերջում ասվեց, որ աշխատակազմում բոլորն են պարգևատրվել. սուտ է:
Ի դեպ, ես իմ ֆեյսբուքյան էջում հաշվարկել, հրապարակել եմ իրական թվերը, դա տեսանելի է հասարակության համար:
ա) միլիոնի հասնող պարգևավճար ստացել են նոյեմբերի 30-ին աշխպաշտոնի նշանակված 3 թաղապետեր, որոնց իբր 13-րդ աշխատավարձ էր ձևակերպվել, մինչդեռ նրանք պիտի առնվազն 12 ամիս աշխատեին այդ պաշտոնում, և հետո նոր 13-րդ վաստակը գնահատվեր, 1-2 ամիս աշխատած լուրջ պարգևատրվածները քիչ չեն: Նշեմ նաև, մեր օրենսդրության մեջ 13-րդ աշխատավարձ ասվածն իրականում գոյություն չունի:
բ) քաղաքապետարանի 1998 հոգանոց հաստիքացուցակից 1628-ն է միայն «արժանացել» քաղաքապետի հատուկ վերաբերմունքին, մինչդեռ քաղաքապետը լայվով՝ ինքնապաշտպանության համար հայտարարեց, թե իբր քաղաքապետարանի ողջ աշխատակազմն է պարգևատրվել…
գ) կրկնակի պարգևատրում է եղել, ինչի իրավունքը չկար: Հայկ Մարությանը պարգևավճարներ է տվել իր ենթականերին միաժամանակ 2 ֆոնդից՝ աշխատավարձի և պարգևավճարների ֆոնդից:
Պետական համակարգում՝ օրինակ, թափուր աշխատատեղերից մնացած աշխատավարձը վերադառնում է բյուջե, իսկ համայնքի դեպքում՝ համարվում է տնտեսում և փոխանցվում է հաջորդ տարվա նպատակային ծախսերի համար, իսկ Հայկ Մարությանն այս ամբողջ գումարը վերցրել, հայեցողաբար աշխատավարձի հավելավճար է բաշխել` ում ուզել է, ինչի իրավունքը չուներ: Եվ սա քաղաքապետարանի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ աշխատավարձի ֆոնդում մնացած գումարը վերաբաշխվում է՝ որպես պարգևավճար: Եթե պարգևատրման ֆոնդն արդեն իսկ դրա համար է նախատեսված, որպեսզի լավագույն արդյունք ցուցաբերածին խրախուսի, և տարեսկզբից է հաշվարկվում՝ ըստ կատարած աշխատանքի, ուրեմն աշխատավարձի ֆոնդի տնտեսումն այլ նպատակի պիտի ծառայի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Սյուզի Բադոյան