Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում. ինչ հանդիպումներ են սպասվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիա մեկնարկում է Քյոլն քաղաքից: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հունվարի 30-ի ուշ երեկոյան վարչապետի ինքնաթիռը վայրէջք կատարեց Քյոլնի «Քյոլնն-Բոնն» օդանավակայանում:

Վաղ առավոտից օրը հագեցած է լինելու հանդիպումներով. վարչապետը նախ կհանդիպի KFW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ, ապա կմեկնի Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ կհանդիպի համալսարանի ղեկավար կազմի հետ: Այստեղ նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև:

Համալսարանում վարչապետը հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հարցերին:

Հաջորդ կանգառը լինելու է Քյոլնի քաղաքապետարանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:

Ի պատիվ ՀՀ վարչապետի՝  Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի եվրոպական և միջազգային հարցերով նախարար Շտեֆան Հոլդհոֆ Գերթների կողմից ճաշ կմատուցվի:
Այնուհետև Փաշինյանը կայցելի Քյոլնի Մայր տաճար, իսկ ավելի ուշ արդեն կմեկնի Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարան: Այստեղ ՀՀ վարչապետը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կզրուցի համայնքին հետաքրքրող հարցերի շուրջ:

Նույն օրը  վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կմեկնի Բեռլին: Օրվա ավարտին նա կընթրի մի խումբ գերմանացի պատգամավորների հետ:

Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա կավարտվի փետրվարի 1-ին:

Աննա Գզիրյան 

Տեսանյութեր

Լրահոս