ՊԵԿ ղեկավարությանը տրված ժամանակը սպառվում է
Պետեկամուտների կոմիտեի շուրջ աղմուկը վերջին շրջանում ոչ մի կերպ չի հանդարտվում։ Թվում է, թե մոտեցել է Դավիթ Անանյանին և կոմիտեի մի շարք պաշտոնյաներին հրաժեշտ տալու ժամանակը։ Իհարկե, կառավարության ղեկավարն առայժմ կարծես չի շտապում։ Բայց դա չի նշանակում, թե կոմիտեում պաշտոնանկությունները սարերի հետևում են։
Ընդ որում, խնդիրը ոչ թե այն է, որ այստեղ «քարտուղարուհին քարտուղարուհի է պահում», կամ կոմիտեի ղեկավարությունն իրեն աստղաբաշխական պարգևատրումներ է գրում, երբ կառավարությունը միջոցներ չի կարողանում գտնել սոցիալական խոցելի խմբերի, մասնավորապես՝ կենսաթոշակառուների և նպաստառուների եկամուտները գոնե փոքր-ինչ ավելացնելու համար։ Խնդիրը նաև այն չէ, որ կառույցում մի կողմից՝ օպտիմալացում է գնում, մյուս կողմից՝ անհասկանալի հաստիքներ են բացվել՝ հավանաբար ծանոթ-բարեկամներին տեղավորելու համար։
Որքան էլ կարող է տարօրինակ լինել, ՊԵԿ-ում հաստիքներ կան, որ այլ կառույցներում դժվար է գտնել։ Ասենք՝ վարչության կամ վարչության պետի խորհրդական։ Թե ի՞նչ է ենթադրում այս պաշտոնը՝ մնում է միայն գուշակել։
Կամ, ասենք` հայտարարվում է պետական կառավարման համակարգում ծառայողական մեքենաների ավտոպարկը կրճատելու մասին, բայց ՊԵԿ-ում նույնիսկ բաժնի պետերը շրջում են ծառայողական մեքենաներով։ Որ կոմիտեի առանձին ստորաբաժանումներ իսկապես ծառայողական մեքենաների անհրաժեշտություն ունեն, իրականում այդպես էլ կա։ Ասենք, օպերատիվ աշխատանք իրականացնող ստորաբաժանումները։ Թեև, որոշ տեղեկություններով, վերջերս օպերվարչությանն ամրացված ծառայողական մեքենաները սկսել են հետ վերցնել և տալ այլ բաժինների։
Իհարկե, սրանք պատճառ չեն ՊԵԿ ղեկավարությանն անվստահություն հայտնելու համար։
Խնդիր չէ նաև այն, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում այնպիսի կարգավորումներ են հայտնվել, որոնք ինչ-որ առումով կապված են Դավիթ Անանյանի նախկին գործունեության հետ։ Խոսքը հաշվապահական ծառայություններն ԱԱՀ-ով հարկելու նախաձեռնության մասին է, ինչը սպառնում է դուրս թողնել ոլորտում գործող փոքր ընկերություններին։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահը երկար տարիներ աշխատել է հաշվապահական և աուդիտորական ծառայություններ մատուցող հայաստանյան շուկայում հայտնի ընկերություններից մեկում, եղել է ընկերության հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկերության կողմից մատուցվող հաշվապահական և հարկային ծառայությունների մատուցման աշխատանքների ղեկավար։
Սրանք ՊԵԿ-ի գործունեության հետ կապված մանր-մունր դետալներ են, որոնք կարող են նույնիսկ անտեսվել։
Խնդիր է, սակայն, այն, որ իշխանափոխության առաջին իսկ տարում ՊԵԿ-ը չկարողացավ կատարել հարկային մուտքերի պլանը։ Չնայած ինչ-ինչ աննախադեպ արդյունքների մասին է խոսում կոմիտեի ղեկավարությունը, այնուհանդերձ, փաստն այն է, որ բյուջեով նախատեսված եկամուտները չեն ապահովվել։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ինչպես՝ մինչև իշխանափոխություն, այնպես էլ՝ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը խոսում էր տնտեսության մեջ ստվերային ահռելի շրջանառությունների առկայության, պետության նկատմամբ հարկային պարտավորությունների թերի կատարման, այլևայլ չարաշահումների մասին։
Ո՞ւր են թաքցված գումարները, եթե բյուջեի անգամ նախատեսված հարկային մուտքերը չի հաջողվում կատարել։ Այս հարցի պատասխանն առայժմ բաց է մնում։
Ընդ որում, խնդիրը միայն անցած տարվա մուտքերը չեն։ Ռիսկերի առջև է նաև այս տարվա կատարողականը։ Այդ մասին օրերս կառավարության նիստում ակնարկեց նաև Պետեկամուտների կոմիտե նախագահը, երբ քննարկվում էր էլեկտրամոբիլների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու հարցը։
Իհարկե, խնդիրներն ավելի խորն են, քան բխում են զուտ էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյությունից։ Դրանք կապված են, առաջին հերթին՝ տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ ցանկալի երևույթների հետ։
Տնտեսական իրավիճակը Հայաստանում ոչ մի կերպ բարելավման նշաններ և հեռանկարներ ցույց չի տալիս։ Չկան նոր տնտեսական ծրագրեր։ Գրեթե որևէ ոլորտում ակտիվություն չի նկատվում։ Իրավիճակը շտկելու ուղղությամբ կառավարության քայլերը չափազանց պասիվ են, եթե ընդհանրապես կան։
Այս տեմպով շարժվելու դեպքում, բնականաբար, շատ ավելի բարդ խնդիրների առջև է հայտնվելու բյուջեի կատարողականը։ Հատկապես որ, անցած տարվա վերջին Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունն ամեն ինչ արեց հնարավորինս լավ արդյունք ցույց տալու համար, ինչի հետևանքները մուտքերի վրա կարող են ավելի ուշ արտահայտվել։
Բյուջեի եկամուտների ապահովման ռիսկերի պատճառով վերջին շրջանում ՊԵԿ-ն անընդհատ խնդիրներ է ունենում հարկատուների հետ։ Դժգոհությունները գնալով ավելանում են։ Դրանք կապված են՝ ինչպես օրենսդրական նոր կարգավորումների, այնպես էլ՝ պահանջների խստացման հետ։
ՊԵԿ-ը լուրջ խնդիրների է բախվել՝ հատկապես անձնական օգտագործման նպատակով իրականացվող ներմուծումների սահմանաչափերը նվազեցնելու հետ կապված։ Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից կրկնակի պակասեցվել է առանց մաքսատուրքի ներկրվող բեռների քաշը, և եռակի` արժեքը։ Մի բան, ինչի հետ ոչ մի կերպ չեն համակերպվում հատկապես այն քաղաքացիները, ովքեր զբաղվում են մաքսային սահմանով որոշ բեռների տեղափոխմամբ։ Որքան էլ նման գործունեությունը գուցե թե որոշակի խնդիրներ է ստեղծում բիզնես միջավայրի համար, այնուհանդերձ դրա ազդեցությունն այնպիսին չէ, ինչպիսին փորձ է արվում ներկայացնել։ Հնարավոր չէ 25 կիլոգրամներով այնքան ապրանք մտցնել երկիր, որ դրա հետևանքներն աղետալի լինեն մրցակցային միջավայրի վրա։
Սա, իհարկե, չի նշանակում, թե խրախուսելի են անօրինականությունները։ Այդպիսի երևույթները, բնականաբար, չեն բխում մրցակցության շահերից, հակասում են նաև օրենքի պահանջներին։ Բայց պետք է հասկանալ նաև մարդկանց, ովքեր այդ ճանապարհով փորձում են վաստակել իրենց օրվա հացը։
Ի՞նչ է արել կառավարությունն այսքան ժամանակ նրանց ապրելու տարրական պայմաններ ապահովելու կամ եկամտի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու համար։ Սա հարց է, որի պատասխանը պետք է տա կառավարությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ