Բաժիններ՝

ՀՀ-ում մեքենայի հետևի դռների ապակիների մգեցվածությունը թույլատրելի է, ուստի ոստիկանը չի կարող տեսնել՝ երեխան «քարսիթո՞վ» է, թե՞ ոչ

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, համաձայն որի՝ մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման ժամանակ թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի, սարքերի (car seat) օգտագործումը կլինի պարտադիր։

Ըստ նախագծի, արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև՝ բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):

«Շատերը չգիտեն, որ նախագծում կոնկրետ գրված է, որ մինչև 7 տարեկան երեխաների ամրակապումը հատուկ անվտանգության միջոցներով պարտադիր է: Պարտադիր է նաև այն դեպքում, երբ երեխան նստած է դիմացի նստատեղին: Իսկ 12 տարեկանը սահմանվել է ոչ թե՝ բոլոր, այլ՝ այն դեպքերի համար, երբ երեխան դիմացի նստատեղին է: Մենք միշտ հորդորել ենք ՝ չընդունել այնպիսի օրենքներ, որոնք վերահսկելի չեն:

Հայաստանում մեքենայի հետևի դռների ապակիների մգեցվածությունը թույլատրելի է, ուստի հնարավոր չէ, որ ոստիկանը տեսնի՝ երեխան «քարսիթո՞վ» է, թե՞ ոչ, ուստի չի կարող վերահսկել»,- ասաց «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:

Կարդացեք նաև

«Շատերն անգամ, եթե մեքենա ունեն, սովոր են երեխաներին գիրկը նստեցնել, ինչը անվտանգության կանոնները չիմանալու արդյունք է: Մյուս խնդիրն էլ այն է, թե մարդիկ, ովքեր ունեն 4 երեխա, ի՞նչ պետք է անեն, մի քանի անգամ գնան-գա՞ն: Մի խոսքով՝ օրենքի նախագիծը լիարժեք չէ, թերություններ ունի, հույս ունեմ, որ կհղկվի, նոր կընդունվի»,- ասում է Դավիթ Պեդանյանը:

Նրա փոխանցմամբ՝ մի շարք երկրներում շեշտը դրված է ոչ թե՝ օրենքը խստացնելու, այլ՝ մարդկանց ճիշտ ուղղություն ցույց տալու, կրթելու վրա:

«Այդ երկրներում մարդիկ մեքենա գնելուց հետո, անկախ նրանից՝ երեխա ունե՞ն, թե՞ ոչ, գնում ու մեկ «քարսիթ» են գնում, հիմնականում շեշտը դրված է ոչ թե՝ տարիքի, այլ՝ երեխայի քաշի ու հասակի վրա: Հայաստանում բոլորս պետք է աշխատենք ու հասնենք նրան, որ գոնե հաջորդ սերունդը գիտակցի «քարսիթի» կարևորությունը»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս